Փնտրվում է 400.000 դրամ ստացող և դպրոցում չքնող ուսուցիչ
Օրերս ԿԳՄՍ նախարարության մոտ կրթական նոր չափորոշիչների դեմ բողոքի ակցիա իրականացնող ուսուցիչներն այսօր այն շարունակում էին Կառավարության շենքի մոտ: Նրանց խոսքով՝ իրենք սպառել են բոլոր օղակները, ամենուր իրենց խաբում են, և իրենց հարցերի պատասխանները պետք է տա Նիկոլ Փաշինյանը:
Ուսուցիչները բողոքում են՝ մենք գրագիր չենք՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ըստ կրթական նոր չափորոշիչների՝ ավելացել է գրագրությունը, պիտի լրացնեն տարատեսակ, այդ թվում՝ էլեկտրոնային մատյաններ, զգալիորեն ավելացել է ծանրաբեռնվածությունը, և ի հեճուկս նախարար Անդրեասյանի և Նիկոլ Փաշինյանի պնդումների, թե ուսուցիչների աշխատավարձը 400.000 դառնալն իրատեսական է, իրենց աշխատավարձը դեռ մի բան էլ նվազել է. կրճատվել է դասղեկության համար տրվող գումարը, առհասարակ չեն վճարվում գրավոր աշխատանքների ստուգումները: Եվ առհասարակ դպրոցում բարձր աշխատավարձ ստանալ հնարավոր է միայն անմարդկային ծանրաբեռնվածության պայմաններում, կարճ ասած՝ եթե չքնես դպրոցում, պայմանական բարձր աշխատավարձն անգամ երազում չես տեսնի:
Բացի նշվածից, ուսուցիչների բողոքը վերաբերում էր դասագրքերի բացակայությանը, նոր կրթական չափորոշիչներով՝ կրթության որակին ու բովանդակությանը, նաև հայեցի կրթության անհնարինությանը, հայ դասական հեղինակներին հատկացված ժամաքանակի հաշվին օտար հեղինակների ներմուծությանն ու առհասարակ մայրենի լեզվի դերի նվաստացմանը ներկայիս դպրոցում:
Ուսուցիչները, ովքեր պնդում էին՝ պատրաստ են գնալ բողոքի ծայրահեղ միջոցների, ընդհուպ՝ զանգվածային գործադուլների, նամակ հանձնեցին կառավարությանը՝ սպասելով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման օրվա ու ժամի մասին ծանուցման:
Մանրամասները՝ տեսանյութում: