Ո՞ւր և ինչի՞ վրա են ծախսվել այս հսկայական գումարները. Երկիրը թաղում են պարտքերի մեջ

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեծագույն աղետներ է բերել Արցախի ու Հայաստանի գլխին։ Քիչ է՝ Արցախը կործանեցին, Հայաստանն էլ կանգնեցրել են գոյության վտանգի առաջ, այս ընթացքում հասցրել են պետության և հասարակության վրա մեծ պարտքեր բարձել  ու շարունակում են բարձել։

Այս իշխանության մեծագույն «ձեռքբերումներից» մեկն այն է, որ երկիրը թաղում են պարտքերի մեջ։

Աջ ու ձախ պարտքեր են վերցնում։

Հինգ տարում գրեթե 4,7 միլիարդ դոլարով ավելացրել են պետական պարտքը՝ 6,7 միլիարդից հասցրել են 11,4 մլրդ դոլարի։

Կարդացեք նաև

Ու վատն այն է, որ չգիտես, թե ո՞ւր են գնացել ու գնում այդ հսկայական գումարները, ինչի՞ վրա են ծախսվում, ի՞նչ արդյունք են տալիս։

Արդյունքը չի երևում, իսկ պարտքն անվարան ավելանում է։

Իրենց իշխանության 5 տարիներին միջինը տարեկան գրեթե 1 մլրդ դոլարի պարտք են ավելացրել։ Սա համարժեք է պետական բյուջեի տարեկան ծախսերի 20-25 տոկոսին։

Այդքանից հետո պարտք է, որ ավելացնում են։ Չնայած այնպես են ներկայացնում, որ պետությունը փողի խնդիր չունի։ Բյուջեում այնքան փող կա, որ չեն կարողանում ծախսել։ Հարկային եկամուտների պլաններն են կատարում ու գերակատարում։

Հարց է առաջանում, եթե բյուջեում այդքան փող կա, ու չեն կարողանում ծախսել, ինչո՞ւ են նոր պարտքեր վերցնում ու ծանրացնում սերունդների վրա։ Ո՞վ պիտի վերադարձնի այդ գումարները։

Վերջին տվյալներով, Հայաստանի պետական պարտքը հասել 11 միլիարդ 387 մլն դոլարի։

Միայն այս տարվա ընթացքում շուրջ 750 մլն դոլարի նոր պարտք են կուտակել։

Սա ութ ամսում կուտակված պարտքն է։ Բայց մինչև տարեվերջ դեռ ժամանակ ունեն, ու կասկած չկա, որ այս ընթացքում շարունակելու են ավելացնել։

Այս բոլորը բացառապես կառավարության պարտավորություններն են։ Դրանք նույնիսկ ավելի շատ են աճել, քան ընդհանուր պարտքն է ավելացել։

Ընդհանուր պարտքն այս տարի ավելացել է շուրջ 750 միլիոնով, միայն կառավարությանը՝ 758 միլիոնով։ Դեռ լավ է, որ Կենտրոնական բանկի պարտավորությունը մի քանի միլիոնով կրճատվել է։

Կառավարության պարտավորություններն ավելացրել են՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին պարտքի հաշվին։

Արտաքին պարտքն աճեցրել են ոչ թե միջազգային ֆինանսական կազմակերպությունների կամ դոնորների էժան վարկերի, նաև փոխառությունների, այլ թանկ գանձապետական պարտատոմսերի թողարկման հաշվին։

Բարձր տոկոսներով գանձապետական պարտատոմսեր են վաճառել ոչ ռեզիդենտներին ու թանկ փողեր ներգրավել։

Եթե տարեսկզբին գանձապետական պարտատոմսերի դիմաց ոչ ռեզիդենտներին կառավարության պարտքը 111 մլն դոլար էր, սեպտեմբերի սկզբի դրությամբ հասել է 435 մլն դոլարի։

Ութ ամսում ավելացրել են գրեթե 324 միլիոնով։

Եվս ավելի քան 476 մլն դոլարով հասցրել են ավելացնել ռեզիդենտներին վաճառված գանձապետական պարտատոմսերի դիմաց պարտքերը։

Շուրջ 95 միլիոն դոլարով էլ արտարժութային գանձապետական պարտատոմսերի դիմաց պարտքերն են ավելացել, որոնք կուտակվել են էլի ռեզիդենտների հաշվին։

Վերջին շրջանում կառավարության արտաքին ու ներքին պարտքերն աճում են բացառապես պետական գանձապետական պարտատոմսերի թողարկման հաշվին։

Մի գլուխ թուղթ են տպում ու վաճառում՝ մեծացնելով պետության վրա կուտակվող արտաքին ու ներքին ֆինանսական բեռը։ Այն էլ՝ գերազանցապես թանկ փողերի միջոցով։ Պետական պարտատոմսերի հաշվին ներգրավվող գումարները կրկնակի, երբեմն եռակի թանկ են միջազգային ֆինանսական կազմակերպությունների տրամադրած վարկերից ու փոխառություններից։

Դրանք ոչ միայն թանկ, այլև կարճաժամկետ փողեր են՝ ի տարբերություն միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկերի։

Եթե միջազգային ֆինանսական կազմակերպություններն այդքան լավատես են Հայաստանի տնտեսության ու բյուջեի եկամուտների ապահովման առումով, ինչը չեն թաքցնում ու հայտարարում են տարբեր առիթներով, ինչո՞ւ են հրաժարվում կառավարությանն էժան վարկեր տրամադրել։ Միայն թե պետք չէ մարդկանց խաբել, թե Հայաստանն այլևս աղքատ երկիր չէ, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն այնքան է ավելացել, որ էժան փողերի կարիքը չկա։

Հայտնի է, թե ինչի հաշվին է դա տեղի ունեցել. հիմնականում դոլարի արհեստական էժանացման։

Իսկ իրականում աղքատության մակարդակով Հայաստանը շարունակում է նույնքան վատ վիճակում լինել, ինչքան 4 կամ 5 տարի առաջ։

Մինչ նման պատճառաբանություններով միջազգային ֆինանսական կազմակերպությունները դադարել են էժան վարկեր տրամադրել Հայաստանին, կառավարությունը նախընտրում է դրանք փոխարինել կարճաժամկետ ու թանկ փողերով։ Դա է պատճառը, որ կառավարության պարտավորությունների գինը հասել է երբևէ չտեսնված մակարդակի՝ ընդհուպ մոտեցել է 7 տոկոսի։

Վերջին տվյալներով՝ կառավարության պարտքի միջին տարեկան տոկոսադրույքը 6,9 տոկոս է։

Տարեսկզբին 6,3 տոկոս էր, իսկ ոչ վաղ անցյալում տատանվում էր ընդամենը 4-4,5 տոկոսի սահմաններում։

Կարճ ժամկետում պարտքը հասցրել են այսքան կտրուկ թանկացնել, որովհետև չեն դադարում մեծ քանակությամբ պարտքեր վերցնել։ Չեն բավարարվում եղածով ու անգամ թանկությանն ուշադրություն չեն դարձնում։ Շարունակում են ավելացնել ոչ միայն պարտքը, այլև պարտքի գինը։

Եթե բյուջեի գումարները ելել թափվում են, չեն կարողանում ծախսել, ո՞ւմ և ինչի՞ համար են վերցնում այս պարտքերը։ Հատկապես որ, ինչպես տեսնում ենք պաշտոնական լրահոսում, արտաքին միջոցներով իրականացվող ծրագրերի կատարողականը շատ ցածր է, երբեմն նույնիսկ նախատեսվածի կեսը չեն կարողանում անել։

Ծրագրերը ժամկետներից շեղվում են, պարբերաբար փոխում են ժամկետներն ու երկարացնում, միաժամանակ՝ տուգանքներ վճարում չկատարված կամ թերակատարված ծրագրերի դիմաց, բայց էլի չեն վարանում մեծ պարտքեր վերցնել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս