ՓԱՇԻՆՅԱ՛Ն, ԴՈՒՔ ՎԱՂՈՒՑ ՆԱԽԿԻՆ ԵՔ. ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ՁԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԵՆ. ԳՈՀԱՐ ՄԵԼՈՅԱՆ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը սահմանադրագետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ ղեկավար Գոհար Մելոյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Փաշինյանը հերթական սուտն է ասել ու արել հերթական մանիպուլյացիան՝ կապված Սամվել Կարապետյանի՝ հրապարակային խոսքով հանդես գալու հետ: 9 ամիս է՝ կռիվ են տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ: Ու այն, ինչ անում են, նրանց վախերի դրսևորումն է: Մանիպուլյացիան այն լեվըլի է հասել, որ սադրում են, ասում են՝ թող խոսի Սամվել Կարապետյանը՝ լավ իմանալով, որ խոսելու արգելք կա: Համոզված եմ՝ հենց Սամվել Կարապետյանը մտներ ուղիղ եթեր, անմիջապես կփոխեին նրա խափանման միջոցը ու կրկին կկալանավորեին:
Հարգելի՛ հայրենակիցներ, ձեզ խաբում են: Սամվել Կարապետյանը հաղորդակցվելու հնարավորություն չունի: Ավելին ասեմ, մեր ուժի գլխավոր միջոցառումից առաջ դիմել էինք քննչական մարմնին, որպեսզի թույլ տան, որ Սամվել Կարապետյանը տեսաուղերձով հանդես գա: Այդ միջնորդությունը մերժվել է, մերժվել են նաև հաջորդ միջնորդությունները:

Հիշեցնենք. օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հերթական սուտը տարածեց՝ ասելով՝ «Իմ պայքարի և հաղորդակցության ամենաարդյունավետ միջոցներից մեկը իմ սոցիալական ցանցերի էջերն են և ուղիղ եթերները, և պրոբացիայի ծառայության պարզաբանումից հետո հասկացանք, որ ոչ մի բան չի խանգարում, որ ձեր նշած մարդը ուղիղ եթեր մտնի, եթե հեռախոս ձեռք բերելու խնդիր ունի, կարող ենք աջակցել, նույնիսկ ինտերնետը և հեռախոսի չիպը ապահովել»:
Հետո սկսեց աքլորանալ. «Մի հատ էլ ուժեղի ու թույլի հարց են բարձրացնում՝ մի հատ հասկանանք՝ իրենք էդ ինչո՞վ են ուժեղ, մենք ինչո՞վ ենք թույլ։ Եթե կարան էդ օլիգարխները 30 անգամ ձգվեն, թող ուղիղ եթերում 30 անգամ ձգվեն, ես չեմ կարա 30 անգամ ձգվեմ, բայց ես կարամ 100 կմ հեծանիվ քշեմ։ Իրենք թող ձգվեն, ես հեծանիվ քշեմ։ Ուրիշ ինչի՞ց են ուժեղ, ինտելեկտի՞ց։ Թող մտնեն ուղիղ եթեր, իրենց ինտելեկտը ցույց տան, թող իրենց բառապաշարը ցույց տան։ Ես համոզված եմ, որ երկու օլիգարխներն էլ թույլիկ են՝ և վերլուծական մտքով, և բառապաշարով։ Ես կարծում եմ՝ դա շատ հեշտ է ապացուցել։ Իրենք ուժեղ են իրենց աշխատած փողերով, իրենք իրենց փողերն աշխատել են իրենց կոռուպցիոն պապաների միջոցով, իրենք թույլ են, որպես բիզնեսմեն՝ իրենք թույլիկ են։ Եվ իրենք հիմա հասկացել են, որ տնտեսական դաշտը հավասարվել է, իրենք հայտնվելու են և շարունակաբար հայտնվել են այն կարգավիճակում, ինչ կարգավիճակի արժանի են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Իշխանական Civic-ի հարցմանն ի պատասխան՝ անցած ամիս Պրոբացիոն ծառայությունը նշել էր, թե Սամվել Կարապետյանին չի արգելվում հրապարակային տեսաուղերձներ հղել և հաղորդագրություններ տարածել:
Սամվել Կարապետյանի փաստաբան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը, սակայն, ի պատասխան այս հայտարարության, պնդել էր, թե պետք է անտեսել Պրոբացիոն ծառայության այդ գրությունը, քանի որ ըստ Վարդևանյանի՝ «նման հարցերի ու իրավական հետևանքների գնահատող մարմինը քննչական և դատախազության պաշտոնատար անձինք են»:
- Բարձրագույն դատական խորհուրդը, որը սահմանադրորեն դատավորների վահանն է, վեր է ածվել մահակի, քաղաքական ճնշման գործիքի:
- Ի վերջո, բոլոր այս խոսակցություններից հետո քննիչը թույլ տվեց, որ Սամվել Կարապետյանը կարող է հանդես գալ ընդամենը մեկ տեսանյութով: Հիմա մենք այն փուլում ենք, որ փորձում ենք հասկանալ՝ ինչո՞ւ հենց մեկ տեսանյութ: Այսինքն՝ եթե մեկ տեսանյութ անի, դուք ինչ ասես՝ ասեք, մարդը արձագանքելու հնարավորություն չունենա՞: Տեսախցիկների առաջ Փաշինյանը քաջ է թվում, բայց էդ քաջությունը զուտ վախերի դրսևորում է:
- Մենք գտնվում ենք ծայրաստիճան անհավասար մրցակցային պայմաններում, և այն, որ մեր առաջնորդը՝ Սամվել Կարապետյանը, ազատազրկված է, արդեն իսկ խոսում է անհավասար պայմանների, հավասարության սկզբունքի խախտման մասին:

- Որպես կանոն՝ ընտրությունների օրը նշանակող նախագահի հրամանագրերով՝ ընտրության օրը նշանակվում է առավելագույն ժամկետի վերջին օրը՝ մարտի 4-ին կամ 5-ին: Այս տարի աննախադեպ բան տեղի ունեցավ՝ այդ հրամանագիրն ընդունեցին փետրվարի 7-ին, մեկ ամիս առաջ, որովհետև հենց հրամանագիրն ուժի մեջ է մտնում, ուժի մեջ է մտնում բարեգործության արգելքը: Իսկ ո՞վ է մեր երկրում ամենամասշտաբային բարեգործություն անողը՝ Սամվել Կարապետյանը: Ու մեր հայրենակիցները շատ վատ վիճակի մեջ ընկան: Մի քանի տասնյակ ուսանողներ զրկվեցին տարվա ուսման վարձը, կրթաթոշակներ ստանալու հնարավորությունից, մարդիկ՝ իրենց այլ սոցիալական հարցերը լուծելու հնարավորությունից: Ստիպված բոլոր բարեգործական ծրագրերը սառեցրել ենք, որպեսզի քրեական օրենսգրքի լայն մեկնաբանման տակ չընկնենք:
- Նվազագույն սպառողական զամբյուղը կրկնապատկվել է, թանկացել է դեղորայքը, բոլոր ծառայությունները: Բյուջե են ընդունում՝ առանց թոշակի բարձրացման մասին կետի, հայտարարում, թե՝ թոշակառուն ի՞նչ է անելու 10.000 դրամը, ինչո՞ւ պետք է բարձրացնեն, ապա ընտրությունների պիկին 10.000 դրամով բարձրացնում են թոշակը: Ժողովուրդ ջան, եթե այս մարդիկ ընտրվեն, այդ բարձրացված թոշակը կամ չեղարկվելու է, կամ հարկերի տեսքով ձեր քթից է գալու:
Հիշեցնենք. ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան. 623 հազար 353 հոգու համար կենսաթոշակը կբարձրանա 10 հազար դրամ ու ավելի, իսկ 39 հազար 594 հոգու համար կբարձրանա շուրջ 8500 դրամով։ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանը օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ դա կարող է գործոն լինել գնաճի համար, և իրենք դա ներառել են գնաճի գործոնների մեջ։ «Այո՛, մեր գնահատմամբ՝ դա կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ բերել»,- նշել էր Մարտին Գալստյանը։
- Նիկոլ Փաշինյա՛ն, դու վստահության քվե ես ստացել Արցախի կարգավիճակը վերականգնելու խոստումով, հենց հիմա ձեր կառավարության ծրագրում Արցախին վերաբերող գլուխներ կան, իսկ կառավարության ծրագիրն այնքան կարևոր փաստաթուղթ է, որ եթե այն չի հաստատում, Ազգային ժողովը լուծարում են:
- 2021թ. ԱԺ ընտրությունների ժամանակ, որպես քաղաքացի, իրավապաշտպան՝ իմ կազմակերպությամբ դիտորդական առաքելություն եմ իրականացրել: Ցավոք սրտի, իմ միջոցները, ռեսուրսները սուղ էին: Մոտ 30 դիտորդ ենք ունեցել Երևան քաղաքում միայն և 100-ից ավելի ընտրախախտում ենք արձանագրել: Ընդդիմադիր ուժերն այդ ընտրությունները բացահայտ կերպով չեն դրել կասկածի տակ, որովհետև փաստահավաք աշխատանք չեն իրականացրել: Եվ սա որոշակիորեն նաև նրանց թերացումն է:
- Ես այժմ՝ որպես կուսակցական, այլևս չեմ կարող դիտորդություն իրականացնել, բայց ունեմ ավելի լայն գործիքակազմ՝ վստահված անձանց գործիքակազմը: Մենք բաց ենք, թափանցիկ, որքան էլ գտնվում ենք իրավապահների խոշորացույցի ու հիբրիդային հարձակման ներքո: Այնպես որ, ով ինչ ուզում է՝ թող ստուգի:
- Նախ ֆիքսենք՝ էսօր հայ ժողովրդին պատերազմով սպառնում է 2 հոգի՝ Ալիևն ու Փաշինյանը: Եվ 2-րդ՝ այն հանգամանքը, որ երկրի վարչապետը պատերազմի ժամկետ է նշում, ազգային անվտանգության հարց է, մի հատ թող ԱԱԾ-ն ստուգի՝ կարո՞ղ է նախապայմանավորվածություն կա Փաշինյանի և Ալիևի միջև:
Անընդհատ խաղաղությունից խոսող գործիչը 3 զարհուրելի պատերազմ է բերել բոլորիս գլխին՝ տարածքային ու մարդկային կորուստներով: Սա չի շարունակվելու: Գալու է քաղաքական ուժ, որի առաջնորդն անուրանալի ներդրում է ունեցել մեր պաշտպանական համակարգում:

- Արդեն իրենք են իրենց հարցումներով փաստել, որ չունեն ու չեն կարող ունենալ սահմանադրական մեծամասնություն: Օրինակ, ըստ ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ IRI-ի սոցհարցումների՝ նրանք ունեն 24% հանրային աջակցություն: Նույնիսկ այդ սոցհարցումներով՝ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն չեն կարողանալու ունենալ սահմանադրական մեծամասնություն:
- Մենք անընդհատ մարզերում ենք, տեսնում ենք, որ ունենք անասելի մարզային աջակցություն, ու Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ մարզ այցելելով՝ համոզվում է դրանում: Դրանով են պայմանավորված նրա ջղաձգումները… Տեսանք՝ ինչ արեց մետրոյում արցախցի կնոջ վրա հարձակվելով: Վստահ եմ՝ եթե տեսախցիկներ չլինեին, անգամ կխփեր արցախցի այդ կնոջը: Աշխարհում ուր էլ լիներ, նման միջադեպի արդյունքում՝ անողը հրաժարական կտար, որովհետև բոլոր կոնվենցիաներով բռնի տեղահանված անձինք լրացուցիչ պաշտպանության ներքո են: Հետո ինքն իբր ներողություն է խնդրում, բայց իր իսկ ֆեյքերը, աջակիցներն ու մեդիաները թիրախավորում են արցախցի կնոջը՝ էթնիկ ծագմամբ ու սեռով պայմանավորված հանգամանքներով:
- Հերի՛ք է լապշաներ կախեք մարդկանց ականջներին: Դուք վաղուց ժողովրդավարության հետ կապ չունեք: Դուք վաղուց նախկին եք: Դուք վենդետաներ չեք անելու, այդ մենք ենք գնում բացարձակ սահմանադրական հաղթանակի: Տասնյակ-հազարներով մարդիկ գնում են մեր գրասենյակներ ու գրանցվում:
- Մարդիկ մարզերում լրջագույն խնդիրներ ունեն, օրվա հացի խնդիր են այսօր լուծում… Սյունիքի մարզից ես վերադարձել եմ խայտառակ հոգեվիճակով: Մարդիկ հոգեպես ընկճված են, ասում են՝ Արցախով էինք հոգում մեր կարիքները, հիմա ապրել չենք կարողանում…
Նիկոլ Փաշինյանը և տարբեր կալիբրի ՔՊ-ականներ Սամվել Կարապետյանի մասին խոսելիս՝ ասում են՝ «ռուսաստանցի օլիգարխ»: Օրերս էլ Փաշինյանը հայտարարել էր, թե հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում այլևս չի լինելու քաղաքականությամբ զբաղվող ոչ նախկին նախագահ, և ոչ էլ օլիգարխ:
- Նախ, Սամվել Կարապետյանը որպեսզի օլիգարխ, այն էլ՝ Ռուսաստանի օլիգարխ լիներ, պետք է Ռուսաստանի իշխանության մեջ մասնակցություն ունենար: Այնքան տգետ են, անգամ տերմինների ստուգաբանությունը չգիտեն: Սամվել Կարապետյանն օլիգարխ չէ, գործարար, բարերար է: Նիկոլ Փաշինյա՛ն, օլիգարխները ձեր իշխանության կազմում են:
- Ինքնիշխանությանը հարվածողը Սամվել Կարապետյանը չէ, այլ Նիկոլ Փաշինյանը, ով ամենաշատն է մեր տնտեսությունը կախվածության մեջ գցել հե՛նց Ռուսաստանից: Նայեք տնտեսական պատկերին, թվերին:

- Երբ 2024թ. ապրիլի 24-ին թիկնապահների ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը՝ դստեր հետ, ՊՊԾ-ն արդեն իսկ գիտեր, որ Ծիծեռնակաբերդում Ազգային ժողովրդավարական բևեռն (ԱԺԲ) ակցիա է իրականացնում, որովհետև նախապես հայտարարել էին այդ մասին: Եվ երբ պետական պահպանության ներքո գտնվող անձը՝ Աննա Հակոբյանը, իր հետ այդ վայր է տանում իր երեխային, հետևաբար՝ ինքն է պատասխանատու դրա հետևանքների համար: Եվ, այո՛, Աննա Հակոբյանը պետք է իմանար, որ երբ իրեն տեսնեն, մարդիկ են լինելու, որոնք իրենց դժգոհությունը հայտնելու են նրան… ինչը և եղավ: Ի տարբերություն պաշտոնատար անձանց, քաղաքացիներն ավելի լայն պաշտպանության ներքո են: Իսկ այն, ինչ մետրոյում Նիկոլ Փաշինյանն արել է, համեմատություն չունի այդ դեպքի հետ:
Հիշեցնենք. 2024թ. ապրիլի 24-ին թիկնապահների ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը՝ դստեր հետ։ Այդ պահին հուշահամալիրում էին նաև Ազգային ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) անդամները, ովքեր տեսնելով Աննա Հակոբյանին՝ սկսել էին բացականչել «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ, հողատու», «Առանց Նիկոլ Հայաստան», «Ձեր ներկայությունը պղծում է այս վայրը», և այլն: ԱԺԲ անդամներից մեկը հարցրել էր. «Տիկին Հակոբյան, ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ ձեր ամուսինը մեր հայրենիքի մի մասը հանձնել է»։
ՀՀ քննչական կոմիտեում անմիջապես դեպքից հետո քրեական վարույթ էր հարուցվել ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ Աննա Հակոբյանի այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, և 7 անձ ձերբակալվել էր։ «Ապրիլի 24-ին Աննա Հակոբյանի և նրա դստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության խոսք հնչեցնելու և հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) նախաձեռնվել է քրեական վարույթ»,- այն ժամանակ հայտնել էին ՔԿ մամուլի ծառայությունից։
Միջադեպից շուրջ մեկ տարի անց՝ 2025թ. մայիսի 7-ին, գործով դատավճիռը հրապարակվեց։ Դատավորը որոշեց 375 հազար դրամ տուգանք սահմանել մեղադրյալ Տիգրան Դերմոյանի նկատմամբ։ Վարույթը հարուցվել էր առերևույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու առթիվ։ 7 անձ էր ձերբակալվել, սակայն դեպքից 2 օր անց միայն Տիգրան Դերմոյանին մեղադրանք առաջադրվեց, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը։ Ըստ մեղադրանքի՝ 2024-ի ապրիլի 24-ին Դերմոյանը շուրջ 10 րոպե տևողությամբ հնչեցրել էր հետևյալ հրապարակային վանկարկումները. «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թշնամի», «Նիկոլ թուրք», որոնք հեռարձակվել են ուղիղ եթերով։
- Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի է ենթարկում, սպանում է հղի կնոջը՝ Սոնա Մնացականյանին։ Որևէ հետևանք չի լինում, արդեն 3 տարի է՝ ձգձգում են էդ դատը…

- Հարգելի քաղաքացիներ, մի՛ վախեցեք: Սուտ է, որ քվեախցիկներում քվեարկելիս տեսախցիկներով վերահսկելու են, թե դուք ում օգտին եք քվեարկելու: Մենք լինելու ենք բոլոր տեղամասերում: Ես երաշխավորում եմ, որ որևէ մեկը տեսախցիկներով չի վերահսկելու: Կմտնեք քվեախցիկ ու այս ահաբեկումներին ձեր պատասխանը կտաք, և հունիսի 8-ին մենք կարթնանանք այլ իրականությունում:
Մանրամասները՝ տեսանյութում։



