Համատարած սնանկացում է սպասվում
Խաղողագործներին համատարած սնանկացում է սպասվում։ Սա գուցե դեռ չի երևում, բայց ամեն ինչ տանում է դրան։
Գյուղացին չարչարվում է, փող է ծախսում, ապրանք արտադրում, որ եկամուտ ստանա, բայց վնաս է կրում։
Հաճախ ստիպված է լինում աճեցրած բերքը վաճառել ինքնարժեքից ցածր գնով կամ թողնել, որ փչանա։
Շատերն այս տարի արդեն հասցրել են կանգնել նման իրավիճակի առաջ։
Սա է սպասվում նաև խաղողագործներին։
Անցած տարի, երբ գյուղմթերքների գները բավական բարձր էին, արտաքին շուկաներում էլ թանկ պահանջարկ էր ձևավորվել, վարչապետով, նախարարներով գյուղացիներին կոչ էին անում համատարած գյուղմթերք արտադրել, բարձր գներով իրացնել ու եկամուտ ստանալ։
Այս տարի արդեն դրանք անհամեմատ ավելի ցածր են, ու գյուղացին կանգնած է անելանելի դրության առաջ։ Հավատացել են վարչապետին ու կառավարության անդամներին, վարկեր են վերցրել, ծախսեր են արել, բերք են աճեցրել, չեն կարողանում նորմալ գնով իրացնել, որպեսզի գոնե որոշ եկամուտներ ստանան։
Խաղողի մթերումները, իհարկե, ամեն տարի էլ խնդիրներով են ուղեկցվում։ Նախորդ տարի էլ այդպես էր։ Բայց այս տարի այդ խնդիրները շատ ավելի սուր են լինելու։
Խաղողի հիմնական մթերողները հակված չեն մեծ ծավալի մթերումներ իրականացնել, որովհետև կառավարությունը նախորդ տարիներին հարկադրեց պահանջարկից ավելի շատ մթերումներ իրականացնել։ Պահեստները լիքն են՝ չեն կարողանում ապրանքն իրացնել։
Իրացումը բախվել է լրջագույն դժվարության հետ, որը առաջացել է ռուսական շուկայում, առաջին հերթին՝ ռուբլու արժեզրկման պատճառով։
Եթե անցած տարի ռուբլին կայուն էր, այս տարվա սկզբից հասցրել է արժեզրկվել ավելի քան 60-65 տոկոսով։
Նախկին 60 ռուբլուց դոլարի գինը մոտեցել է 100-ի։
Ռուբլին արժեզրկվել է նաև դրամի նկատմամբ, նույնիսկ ավելի շատ, քան դոլարի պարագայում։
Ռուբլու թուլացման և դրամի չափից դուրս ամրապնդման հետևանքով հայկական ապրանքները, այդ թվում՝ գյուղմթերքը, աստիճանաբար կորցնում են ռուսական շուկան։
Այնինչ մեր գյուղմթերքի հիմնական շուկան հենց Ռուսաստանն է։ Այստեղ է արտահանվում ոչ միայն պատրաստի, այլև վերամշակված արտադրանքը։
Դրամը ռուբլու նկատմամբ արժևորվել է, ու դրա հետևանքով հայկական ապրանքների մրցունակությունը ռուսական շուկայում թուլացել է։
Բազմաթիվ ապրանքների, այդ թվում՝ կոնյակի արտահանումն է դարձել աննպատակահարմար։ Դա է պատճառը, որ այս տարի Հայաստանից ավելի քիչ կոնյակ է արտահանվել, քան արտահանվել էր անցած տարի։
Կոնյակի արտադրությունն էլ է կրճատվել։ Այս տարվա առաջին յոթ ամսում գրեթե 17 տոկոսով ավելի քիչ կոնյակի սպիրտ է արտադրվել, քան արտադրվել էր անցած տարի։
Խաղողը մթերել են, որպեսզի կոնյակ արտադրեն-արտահանեն, չեն կարողացել անել, մնացել է պահեստներում։ Դրա պատճառով խաղողի մթերումները վտանգի տակ են։ Հակված չեն նոր մթերումներ անել, թեև դրա տրամաբանությունն էլ չկա։ Ինչպե՞ս մթերեն, երբ պահեստները լիքն են, իրացում չկա։
Իրավիճակը փրկելու հույսով կառավարությունում հերթական անհաջող ծրագիրն են մտածել։ Պատրաստվում են ոչ միայն կոնյակի սպիրտ գնել մթերողներից, որպեսզի թեթևացնեն նրանց բեռը, այլև սուբսիդավորել մթերման գները։
Չգիտես ինչպես՝ որոշել են, որ այս տարի մթերող ընկերությունները խաղողը գյուղացիներից գնելու են 60 դրամով։ Նախկինում երբևէ նման գին չի եղել, բայց կառավարությունում հաշվարկել են, որ այս տարի լինելու է։ Ու որպեսզի գյուղացին շատ չտուժի, լրացուցիչ մթերում իրականացնելու պարագայում կիլոգրամի հաշվով 30-50 դրամի սուբսիդավորում կտան մթերող կազմակերպություններին։
Փոքրերը կստանան 30 դրամ, խոշորները՝ 50 դրամ։
Ավելի փոքրերին ընդհանրապես ոչինչ չեն տալիս։ Փոխարենը՝ հակառակը անեին, Նիկոլ Փաշինյանը մի բան էլ մուննաթ է գալիս, ասում է՝ փոքրերն էլ թող ներդրում անեն, մեծանան, մենք մեղավո՞ր ենք, որ իրենք փոքր են։
Ու այսքանից հետո կարող են արդար մրցակցությունից խոսել, երբ սա մրցակցային հարաբերությունների կոպիտ միջամտություն է։ Դրա հետևանքով փոքր մթերողները հայտնվում են անհավասար միջավարում, այն էլ՝ ոչ թե իր հետ, այլ խոշորների նկատմամբ։ Փոքրերը սնանկանալու են ու փակվեն, խոշորները, որոնք շատ ավելի մեծ հնարավորություններ ունեն, խոշորանալու են ու կենտրոնացնեն դաշտը՝ հետագայում ստանալով ավելի մեծ հնարավորություններ գին թելադրելու համար։
Սա է այն «արդար» քաղաքականությունը, որը կառավարությունն իրականացնում է գյուղացիների նկատմամբ ու գյուղատնտեսության մեջ։
Փոքրերին ոչնչով չեն աջակցում, խոշոր մթերողներին պետական բյուջեի ու հարկատուների հաշվին կիլոգրամի մեջ 30-50 դրամի խրախուսում են առաջարկում։ Փողն էլ տալիս են ոչ թե գյուղացուն, այլ մթերողին։
Այդքանից հետո խաղողի մթերման գինը լինելու է հազիվ 110 դրամ։ Դեռ մեծ հարց է, թե այդ գինը որքանո՞վ նպատակահարմար կլինի գյուղացու համար, կփակի՞ այն ծախսերը, որոնք իրականացվել են բերք աճեցնելու համար։ Առավել ևս, ապրանքների ու ծառայությունների համատարած թանկացումներից հետո, ինչի հետևանքով բարձրացել է նաև խաղողի ինքնարժեքը։
Նախկինում գյուղացիները բողոքում էին նույնիսկ 130-140 դրամ մթերման գներից։ Այս տարի դա էլ չի լինելու։ Կառավարության սուբսիդավորումից հետո կլինի 110 դրամ։ Մթերողները լավագույն դեպքում այդ գինն են առաջարկելու գյուղացուն, որն ինքնարժեքին մոտ կամ նույնիսկ ցածր գին է։
Այդ գնով խաղողն իրացնելու դեպքում գյուղացուն մնալու է միայն չարչարանքը։
Այդքանից հետո զարմանում են, որ մարդիկ խուսափում են գյուղատնտեսությամբ զբաղվել, քանդում են խաղողի այգիները։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ