Պատճառները վերացնելու փոխարեն՝ ահաբեկում են

Թվում է, թե անշարժ գույքի շուկայում ակտիվ պրոցեսներ են տեղի ունենում։ Բայց որքան էլ տարօրինակ լինի, անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքներն այս տարի բավական կտրուկ նվազել են։ Առաջին կիսամյակում դրանք կրճատվել են 12,7 տոկոսով։ Նախորդ տարվա առաջին կեսին կատարվել էր՝ շուրջ 27,2 հազար, այս տարի՝ 23,7 հազար գործարք։

Երևանում նվազումը շատ ավելի մեծ է՝ գրեթե 31 տոկոս։

Հուլիսին անշարժ գույքի առք ու վաճառքի ամենացածր ցուցանիշն է արձանագրվել՝ սկսած 2018թ.։

2018թ. կատարվել էր այդպիսի 4138, այս տարի կատարվել է 4068 գործարք։

Կարդացեք նաև

Նախորդ տարվա համեմատ էլ հուլիսին անշարժ գույքի առք ու վաճառքը կրճատվել է 7,8 տոկոսով։

Մինչ առք ու վաճառքը կրճատվել է, ոչ պակաս կտրուկ ավելացել են անշարժ գույքի նվիրատվությունները։ Տպավորություն է, որ մարդիկ մասսայաբար գույք են նվիրում միմյանց։

Եթե անցած տարվա առաջին յոթ ամիսներին կատարվել էր նվիրատվության շուրջ 11,1 հազար գործարք, ապա այս տարի դրանց թիվը հասնում է գրեթե 15 հազարի։

Մեկ տարվա ընթացքում նվիրատվության գործարքները 44 տոկոսով ավելացել են։

Սա սկսել է անհանգստացնել իշխանություններին. առք ու վաճառքի փոխարեն՝ շատերը նախընտրում են անշարժ գույք վաճառել կամ գնել նվիրատվությունների միջոցով։

Ինչո՞ւ հանկարծ մարդիկ որոշեցին նախապատվությունը տալ նվիրատվություններին, չնայած հետագայի համար այն քիչ ռիսկեր չի պարունակում։

Այս հարցի պատասխանը պետք է փնտրել կառավարության իրականացրած քաղաքականության մեջ։ Խոսքը կանխիկի սահմանափակման մասին է, որն այս տարվանից այլևս հնարավորություն չի տալիս կանխիկով անշարժ գույք վաճառել կամ գնել։

Դա, անշուշտ, ունի իր առավելությունները՝ հատկապես հնարավոր ռիսկերի կանխարգելման առումով։ Բայց ունի նաև լուրջ թերություններ, ինչն էլ ստիպում է մարդկանց, ռիսկերով հանդերձ, առք ու վաճառքի փոխարեն՝ նախընտրել նվիրատվությունները։

Խնդիրն անկանխիկ վճարումների մեջ է։

Հայտնի է, որ Հայաստանում դոլարայնացման մակարդակը շատ բարձր է։ Մարդկանց մի հսկայական հատված նախընտրում է խնայողությունները պահել տարադրամով և հատկապես՝ դոլարով։ Նախկինում դա խոչընդոտ չէր անշարժ գույք գնելու համար. Հայաստանում միշտ էլ, ինչպես անշարժ գույքի գնանշումը, այնպես էլ վաճառքը կատարվել է հիմնականում տարադրամով։

Կանխիկի սահմանափակման օրենքի կիրառումից հետո դա այլևս անհնարին է դարձել։ Ուստի՝ անշարժ գույքի առք ու վաճառք կատարելու ժամանակ մարդիկ ստիպված են իրենց տարադրամային միջոցները վերածել դրամի, որպեսզի կարողանան կատարել անկանխիկ վճարումներ։

Տարադրամը դրամի փոխանակելու գործընթացում էլ մարդիկ տուժում են։

Տուժում են, հատկապես այն պարագայում, երբ անհրաժեշտություն ունեն դրամը կրկին փոխարկել տարադրամի։

Սրանից շահում են բացառապես բանկերն ու մյուս ֆինանսական կառույցները, որոնք զբաղված են տարադրամի առք ու վաճառքով։ Շահում են նաև գումարները փոխանցելուց։ Դրա համար էլ միջնորդավճարներ են գանձում, երբեմն՝ շատ բարձր։ Տուժողը գնորդն ու վաճառողն են։

Սա էլ ստիպում է մարդկանց անշարժ գույքի իրացման ժամանակ, առք ու վաճառքի փոխարեն, գնալ նվիրատվություն ձևակերպելու ճանապարհով։

Ահա այս հանգամանքն է, որ նպաստել է նվիրատվության գործարքների բավական ակտիվ ավելացմանը։

Ժամանակին, երբ մասնագետները դրա մասին նախազգուշացնում էին, կառավարությունում ուշադրություն դարձնող չեղավ։ Իրենց համառությամբ ստեղծեցին այս իրավիճակը, հիմա կանգնել են այն հաղթահարելու ճանապարհներ գտնելու խնդրի առաջ։ Դրա համար պատրաստվում են փոփոխություններ ու խստացումներ մտցնել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում։

Պարզ խնդիրը բարձրացրել են փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման մակարդակին, երբ այն գտնվում է բոլորովին այլ դաշտում։ Փորձում են փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման անվան տակ վախեցնել մարդկանց՝ չգնալ նման գործարքների։

Օրենքի փոփոխությունից հետո գուցե որոշ մարդիկ խուսափեն անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքները որպես նվիրատվություն ձևակերպել, բայց դրանով չեն վերանում խնդիրները, որոնք պատճառ են դարձել դրա համար։ Պատճառը վերացնելու փոխարեն՝ գնում են մարդկանց ահաբեկելու ճանապարհով։

Փոփոխություններից հետո, եթե նվիրատվության գործարքները կասկածելի ու շինծու թվան, դրանք կներկայացվեն Կենտրոնական բանկի քննարկմանն ու ուսումնասիրությանը։

Պարզ է, որ նվիրատվության գործարքների մեջ «շինծու» թվացող գործարքները շատ են լինելու, ու դրանցով զբաղվելու է Կենտրոնական բանկը։

Շինծու գործարքները կնվազեն, բայց խնդիրները կմնան, որովհետև դրանք կան ոչ թե այն պատճառով, որ մարդիկ չեն ուզում ենթարկվել օրենքի պահաջին, այլ, որովհետև այդ պահանջը հիմնավորված չէ, աշխատում է ի վնաս քաղաքացու։ Դրա համար էլ մարդիկ հարկադրված շրջանցում են՝ վնասներից խուսափելու համար։ Այնինչ՝ կառավարությունում որոշել են օրենքի խստացումների միջոցով պարտադրել մարդկանց ենթարկվել օրենքի չհիմնավորված պահանջներին, որքան էլ դրանք ի վնաս իրենց են։

Նույնը պատրաստվում են անել նաև անշարժ գույքի վարձակալության գործարքների դեպքում։

Նորություն չէ, որ վարձակալության բազմաթիվ գործարքներ կատարվում են ստվերում և պետական ձևակերպում չեն ստանում։ Կառավարությունում հավանաբար ամիսներով գլուխ են ջարդել ու եկել եզրակացության, որ պետք է խստացնել պատժամիջոցները։ Պատրաստվում են կտրուկ բարձրացնել տույժ-տուգանքները, ընդհուպ՝ անշարժ գույքի գնի 3-5 տոկոսի չափով։

Ու կրկին պատճառը վերացնելու փոխարեն՝ գնում են պահանջներ պարտադրելու ճանապարհով։ Չեն ուզում մի քիչ գլուխ ցավեցնել և փորձել հասկանալ, թե ինչո՞ւ է այդպես և ի՞նչ կարելի է անել, որպեսզի մարդիկ նախընտրեն գրանցել գործարքները և ոչ թե միջոցներ փնտրել՝ դրանք թաքցնելու համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս