Աննախադեպ իրավիճակ

Անշարժ գույքի շուկայում անցած տարի առք ու վաճառքի գործարքների աննախադեպ իրավիճակ է գրանցվել. բացառությամբ 2020թ., երբ հայտնի պատճառներով շուկան գրեթե կանգնած էր, գրանցվել է 2018թ. հետո անշարժ գույքի առք ու վաճառքի ամենացածր ցուցանիշը։

Անցած տարի ավելի քիչ գույք է վաճառվել Հայաստանում, քան վաճառվել էր անգամ 2019թ.։ Տարբերությունը հասնում է գրեթե 1,5 հազարի։

2021թ. համեմատ անշարժ գույքի առք ու վաճառքը նվազել է գրեթե 6 հազարով, իսկ 2022թ. համեմատ՝ 2,8 հազարով։

Երևանում գործարքների նվազումը հասնում է ընդհուպ 24 տոկոսի։ Նման անկում անգամ 2020թ. չէր գրանցվել, երբ երկիրը գտնվում էր քովիդի համաճարակի ու ղարաբաղյան պատերազմի մեջ։ Այն ժամանակ Երևանում անշարժ գույքի առք ու վաճառքը կրճատվել էր 22 տոկոսով։ Անվանական արտահայտությամբ ևս ավելի շատ վաճառք էր եղել, քան եղել է անցած տարի։

Կարդացեք նաև

Հատկանշական է, որ անշարժ գույքի շուկան պասիվացել է, երբ վերջին տարիներին Հայաստանում արձանագրվում են բարձր տնտեսական աճեր։

Այդպիսի աճերի պայմաններում սովորաբար շուկան աշխուժանում է։ Բայց Հայաստանում հակառակն է տեղի ունեցել՝ տնտեսությունը «համաշխարհային մակարդակի» բարձր աճերի մեջ է, իսկ անշարժ գույքի շուկան պասիվացել է։

Կրճատվել է՝ ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ՝ օտարերկրացիների կողմից կատարվող անշարժ գույքի առք ու վաճառքը։

Օտարերկրացիներն անցած տարի Հայաստանում գնել են 1645 անշարժ գույք, որը 15,6 տոկոսով պակաս է եղել նախորդ տարվանից։

Վաճառված գույքը շատ ավելին է։

Անցած տարի օտարերկրացիները Հայաստանում վաճառել են 2987 անշարժ գույք, գրեթե կրկնակի ավելի շատ, քան գնել են։

Ինչպես գնված, այնպես էլ վաճառված գույքի մեծ մասը եղել են բնակարաններ։

Վաճառել են՝ 1848, գնել՝ 1037 բնակարան։ Վաճառված բնակարաններն 811-ով ավելի են եղել գնածից։

Թե սա ի՞նչ է նշանակում, դժվար չէ հասկանալ։ Այդքան որ իշխանություններն ասում են, թե Հայաստանը դարձրել են ապրելու ու աշխատելու համար լավ տեղ, երևում է այս ցուցանիշներից։ Մարդիկ տները հենց այնպես չեն վաճառում։ Վաճառում են, բնականաբար, հեռանալու համար։

Անշարժ գույքի շուկայում անորոշ ու սպասողական վիճակ է։ Գներն արհեստական այնքան են բարձրացել, որ շատերը խուսափում են մոտ գալ։

Գերարժևորումը հասնում է 20-25 տոկոսի։ Այդքանով գներն ավելի բարձր են, քան պիտի լինեին։

Դրան նպաստել է այն քաղաքականությունը, որը վերջին տարիներին իրականացնում են կառավարությունն ու Կենտրոնական բանկը՝ հիփոթեքային վարկավորման ու եկամտային հարկի վերադարձի միջոցով։ Մի բան, ինչը տաքացրել է շուկան ու դրել ռիսկի տակ։

Գների արհեստական բարձրացումը սպառնում է ոչ միայն անշարժ գույքի շուկային, այլև բանկային համակարգին ու կառուցապատման ոլորտում զբաղվածներին։

Բարձր շահույթներ ստանալու ակնկալիքով, բազմաթիվ կառուցապատողներ վերջին տարիներին ստանձնել են պարտավորություններ, որոնց տակից դեռ պետք է կարողանան դուրս գալ։ Իսկ դա հեշտ չի լինելու։

Առաջիկայում անհնարին կլինի խուսափել սնանկացումներից ու կիսատ մնացած կառուցապատումներից, անավարտ շենքերից ու շինություններից, ինչը, անշուշտ, իր հետ բազմաթիվ խնդիրներ առաջ կբերի նաև այլ տեղերում։

Պասիվացումն և գործարքների կրճատումն առաջին արձագանքներն են այն բանի, ինչ կարող է տեղի ունենալ անշարժ գույքի շուկայում և ընդհանրապես դրա հետ կապված հարակից ոլորտներում։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ գործարքների կրճատումը վերաբերում է առաջին հերթին բնակարանների վաճառքին։

Անցած տարի Հայաստանում գրեթե 23 տոկոսով ավելի քիչ բնակարան է վաճառվել։

17 հազարից վաճառված բնակարանների քանակն իջել է 13,2 հազարի։

Տնտեսական այն աճերի պայմաններում, որն արձանագրվում է Հայաստանում, պիտի աշխուժանար գոնե արտադրական և հասարակական շինությունների վաճառքը։ Բայց դրանց վաճառքը ևս կրճատվել է։

Կար ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հասարակական և  արտադրական շինությունների վաճառքի ավելացումը կապում էր տնտեսության աշխուժության հետ։ Հիմա տնտեսությունն արտաքուստ բարձր աճերի մեջ է, իսկ նման շինությունների նկատմամբ պահանջարկը նվազել է։

Սա բազմաթիվ հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները պետք է փնտրել տնտեսության աճի կառուցվածքում։

Տնտեսության այն աճերը, որոնք արձանագրվում են Հայաստանում, հիմնականում ավելացված արժեք չստեղծող աճեր են։ Ցուցանիշներն աճում են, բայց արդյունքը չկա։ Եղածն էլ սակավաթիվ մարդիկ են տնօրինում։

Երևանում անցած տարի բնակարանների վաճառքը կրճատվել է գրեթե 30 տոկոսով, անհատական տներինը՝ ավելի քան 27 տոկոսով։ Վաճառվել է 8 հազարից մի փոքր ավելի բնակարան, նախորդ տարվա գրեթե 11,5 հազարի դիմաց։

Վաճառված անհատական տների քանակը կրճատվել է գրեթե 550-ով։

Սակայն, ինչքան էլ շատերի համար տարօրինակ է, շուկայի պասիվացման, առք ու վաճառքի կրճատման պայմաններում՝ գները շարունակել են բարձրանալ։

Տարեկան կտրվածքով Երևանում բնակարանները թանկացել են ևս 10,3 տոկոսով։

Թանկացման տեմպը մի փոքր ընկել է, բայց շարունակում է բարձր մնալ։

Հիշեցնենք, որ 2022թ. Երևանում բնակարանների գնաճը հասնում էր գրեթե 14 տոկոսի։

Առաջատարը մնում է Կենտրոնը, որտեղ չնայած գներն առանց այդ էլ շատ բարձր են, շարունակել են ավելի արագ բարձրանալ։ Անցած տարի Կենտրոնի բնակարանային շուկան թանկացել է ևս 13,5 տոկոսով։ Միջին գներն այստեղ 2 հազար դոլարից բարձր են։ Երևանի երկրորդ ամենաթանկ թաղամասից՝ Արաբկիրից այն ավելի է առնվազն 500-600 դոլարով։

Երևանի որոշ հատվածներում թանկացումների տեմպը, ըստ Կադաստրի կոմիտեի տվյալների, համեմատաբար թուլացել է։ Քանաքեռ-Զեյթունում գները բարձրացել են՝ 6,2, Աջափնյակում՝ 7, Շենգավիթում՝ 8,3 տոկոսով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս