Հնարավոր պատերազմի թատերաբեմը դառնալու է Հայաստանը. Արամ Շահնազարյան

Օրերս ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է, թե Ադրբեջանն ուզում է ստանալ Մեղրիի փոխանակում: Առհասարակ, Արցախի շուրջ և ՀՀ-ի հետ սահմանային հատվածներում ադրբեջանական զինուժի կուտակումների ֆոնին դարձյալ ակտիվացել են խոսակցությունները Սյունիքը կտրելու թուրք-ադրբեջանական նպատակների վերաբերյալ:

Այսօր որքանո՞վ է հավանական այդ սցենարի իրագործումը՝ հաշվի առնելով Իրանի դերը: Եվ երբ Իրանն ասում է, որ թույլ չի տա սահմանային փոփոխություն, դրա տողատակում ի՞նչ կա՝ չի թողնի Հայաստանը բան կորցնի՞, թե՞ Ադրբեջանի վերահսկողության շրջանակը չի մեծանա:

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանի հետ:

– Հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է հաշվի առնել մի շատ կարևոր հանգամանք. Հարավային Կովկասն Արևմուտքի համար վերածվել է Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի դեմ պայքարի հարթակի։ Տարածաշրջանը կանգնած է նոր և մեծ պատերազմի նախաշեմին։ Այն, որ պատերազմ է լինելու, ցավոք, քչերն են կասկածում։ Իրանը՝ որպես հարավկովկասյան տարածաշրջանում ծավալվող աշխարհաքաղաքական բարդ զարգացումների առանցքային խաղացողներից մեկը, նույնպես գիտակցում է դա, և, բնականաբար, պատրաստվում է հնարավոր պատերազմին, որի թատերաբեմը, ցավոք, դառնալու է Հայաստանը։ Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանաթուրքական ալյանսի կողմից Սյունիքը կտրելու և, ընդհանրապես, Հայաստանի հարավային շրջաններն օկուպացնելու նկրտումներին, ապա պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը շատ հստակ է: Այն Իրանի համար կարմիր գիծ է, որը հատել թույլ չեն տա։ Այսինքն, թույլ չեն տա Հայաստանը նոր տարածքներ կորցնի։ Սա հստակ է և միանշանակ, քանի որ Հայաստանի կողմից ցանկացած տարածքային կորուստ անմիջական ազդեցություն է ունենալու Իրանի անվտանգային մթնոլորտի և տարածաշրջանային շահերի վրա։ «Զանգեզուրի միջանցք» կոչվածն ամբողջովին հակասում է Իրանի ազգային անվտանգության շահերին։ Դա բացարձակապես անընդունելի է Իրանի համար:

Կարդացեք նաև

2022 թվականին Ադրբեջանի և Իրանի կառավարությունները փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, այսպես կոչված, «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Իրանի տարածքով հաղորդակցության նոր կապեր ստեղծելու մասին: Փաստաթղթի նպատակը Նախիջևանի հետ նոր երկաթուղային և ճանապարհային կապեր հաստատելն էր, ինչպես նաև կապի և էլեկտրամատակարարման գծեր անցկացնելը, ինչին հասնելու համար Արաքս գետի վրայով պետք է կառուցեն չորս կամուրջ (երկու ճանապարհային և երկու երկաթուղային), ինչպես նաև՝ կապի և էներգետիկ ենթակառուցվածքներ։ Իսկ այդ կամուրջները ՀՀ պետական սահմանից 5 կմ հեռավորության վրա են լինելու: Կարո՞ղ ենք ասել, որ այս դեպքում ունենում ենք միջանցք՝ առանց Հայաստանի:

Խոսքն ինչ-որ միջանցքի մասին չէ։ Իրանն ընդամենը Բաքվին հնարավորություն է ընձեռելու իր տարածքով հաղորդակցության հնարավորություն ստանալ Նախիջևանի հետ։ Աբսուրդի ժանրից կլինի, եթե պատկերացնենք անգամ, որ Իրանն իր ինքնիշխան տարածքում ինչ-որ միջանցք կտրամադրի որևէ երկրորդ երկրի, այս դեպքում՝ Ադրբեջանին։ Կրկնում եմ, որ խոսքն ընդամենը Իրանի տրանսպորտային ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորության մասին է՝ միջազգային ընդունված նորմերի և կանոնակարգերի շրջանակում։

– 2020 թվականին տեղեկություններ ստացվեցին, այդ մասին Ձեզ հետ էլ ենք խոսել, որ Իրանում գեներացնում էին տեսակետ, թե՝ եթե պիտի Մեղրիի միջանցք տրվի Ադրբեջան-Նախիջևան կապի համար, մի միջանցք էլ պիտի տրվի Նախիջևանի տարածքով, որ Իրանը կարողանա կապ ունենալ ՀՀ-ի հետ և ՀՀ-ի վրայով դեպի հյուսիս:

– Նախ դրանք ընդամենը տեսական քննարկումներ էին։ Եվ հետո հատկապես վերջին զարգացումները, սահմանների ու Հայաստանի ինքնիշխան տարածքների անձեռմխելիության վերաբերյալ Իրանի հստակ հայտարարություններն առոչինչ դարձրեցին Ձեր նշած տարբերակը։

Մոտ 2 տարի առաջ Իրանը Չինաստանի հետ ստորագրեց 25 տարվա համագործակցության համաձայնագիր, որում առկա էին քաղաքական, ռազմավարական և տնտեսական բաղադրիչներ: Խոսքը, սակայն, նախևառաջ էներգետիկ սեկտորի և նոր ենթակառույցների ստեղծման մասին է: Եվ, ըստ էության, այս համաձայնագրում որոշ նպատակների հասնելու համար Իրանին պետք էր լինելու հարևաններից մեկի «օգնությունը»: Ավելին, ըստ մասնագետների, այն կարող է մեծ փոփոխություններ մտցնել Մերձավոր Արևելքի, մասնավորապես, Պարսից ծոցի ռազմաքաղաքական և տնտեսական հաշվարկներում և իրադարձություններում: 

– Պետք է ասել, որ նման փոփոխություններ միանշանակ հնարավոր են, եթե հաշվի առնենք Չինաստանի հեռահար նպատակները Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Պարսից ծոցի արաբական երկրների, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Իրանի գործնական քայլերը։ Մերձավոր Արևելքում՝ ընդհանրապես, և Պարսից ծոցի ավազանում էլ՝ հատկապես, աշխարհաքաղաքական նոր վերադասավորումների և նոր դիրքավորումների ուրվագծում է տեղի ունենում։

Շտապեմ նշել, որ դրանք անմիջական ազդեցություն են ունենալու նաև հարավկովկասյան տարածաշրջանի վրա։ Հայաստանը կարող է մեծապես շահել այդ իրադարձություններից, եթե, իհարկե, ճիշտ ճամբարում հայտնվի։ Ցավով պետք է նշել, որ ներկա դրությամբ ՀՀ գործող իշխանությունները միանգամայն այլ ուղղությամբ են տանում երկիրը, ինչը կարող է աղետաբեր լինել ոչ միայն Հայաստանի, այլև ողջ հայության համար։

Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն հարևան երկրների միջոցով, իսկ օտարների ռազմական ներկայությունը վտանգավոր է տարածաշրջանի համար: Եվ, որ Իրանը կօգտագործի իր հարևանության քաղաքականությունը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը վերացնելու համար: Հիշում ենք, որ 44-օրյա պատերազմի օրերին այդ ժամանակ Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբբաս Արաղչին, ով միաժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հատուկ բանագնացն էր, ժամանել էր Երևան՝ ներկայացնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման Թեհրանի առաջարկները, որոնք այնքան էլ հայկական կողմի սրտով չէին, և դրանք մնացին թղթի վրա: Այսօր ինչպե՞ս եք պատկերացնում Իրանին «միջնորդի» դերում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում, երբ այդ գործին ակտիվ ներգրավված է Արևմուտքը:

– Իրանը միշտ էլ փորձել է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ լարվածությունը վերացնելու համար։ Տարածաշրջանում (խոսքը մեծ Մերձավոր Արևելքի մասին է, կազմում՝ նաև Հարավային Կովկաս) առկա բոլոր հակամարտությունների և խնդիրների կարգավորումն Իրանը տեսնում է բացառապես տարածաշրջանի երկրների մասնակցությամբ՝ բացառելով արտատարածաշրջանային ուժերի ներգրավվածությունը։ ԼՂ հակամարտության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորման հարցով ևս Իրանի դիրքորոշումը նույնն է, մանավանդ, որ խնդրում Արևմուտքի ներգրավվածությունը հստակորեն հակասում է Իրանի շահերին։ Այդ պատճառով էլ պաշտոնական Թեհրանն ակտիվացրել է ներգրավվածությունը հարավկովկասյան հարցերում։ Իսկ ինչ վերաբերում է Իրանի նախկին և ներկա կառավարությունների դիրքորոշումներին, ապա դրանցում ակնհայտ է տարբերությունը։ Իրանի գործող կառավարության դիրքորոշումը մեծապես հաընկնում է հայկական կողմի շահերին։

2021-ին մեզ հետ զրույցում ասել էիք, որ Սյունիքի հարցով Իրանն իրադարձություններին կներգրավվի այնքանով, որքանով դա կպահանջի և կցանկանա Հայաստանը: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է Հայաստանը թույլ տվել, որ Իրանն այդ հարցով զբաղվի պատերազմից հետո և այսօր, երբ, ինչպես նշեցինք, Սյունիքը կտրելու վտանգ կա:

Այս հարցին հստակ պատասխանել չեմ կարող։ Դա ինֆորմացիա է, որին տիրապետում են կողմերը՝ ամենաբարձր մակարդակով։ Անձամբ ես չեմ տիրապետում ինֆորմացիային։ Սակայն, կարող եմ նշել մի բան. եթե Իրանի անվտանգությանը և ազգային շահերին սպառնացող վտանգը հստակ ու վերահաս լինի, ապա Իրանը հաստատ դիտորդի կարգավիճակում չի մնալու։

– Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ պատերազմ չի լինի տարածաշրջանում: Ի՞նչ է անելու Իրանը դրա համար, ինչպե՞ս եք գնահատում Իրան-Ադրբեջան հարաբերությունները ներկա պահին:

– Իրան-Ադրբեջան հարաբերությունների ներկա վիճակի մասին՝ կարճ ու կոնկրետ. դրանք երբևէ այսքան լարված չեն եղել։ Իսկ ինչ վերաբերում է տարածաշրջանում պատերազմը բացառելու մասին Իրանի ՊՆ հայտարարությանը, ապա պետք է նշել, որ Իրանը դիվանագիտական ինտենսիվ կապի մեջ է հարավկովկասյան տարածաշրջանում անմիջականորեն ներգրավված բոլոր կողմերի հետ։ Դրանից բացի, իր հյուսիսային սահմանների ողջ երկայնքով ռազմական ուժի կուտակումն ու տեղաշարժերը հստակ պատգամ են ուղղված Բաքվին, որ հնարավոր պատերազմի դեպքում Իրանը ձեռքերը ծալած չի նստելու։ Սա շատ կարևոր զսպիչ գործոն է։ Բաքվում լավ հասկանում են՝ եթե Իրանը որոշի դիմել ռազմական գործողությունների, ինչ է սպասվում իրենց։

– Ի դեպ, Բաքվից ժամանակ առ ժամանակ ասում են, թե Իրանում Նիկոլ Փաշինյանին չեն հավատում: Հայաստանը վստահելի՞ գործընկեր է Իրանի համար:

– Այս տարածաշրջանում Հայաստանը և Իրանը միմյանց բնական դաշնակիցներն են, դրանում երկու կարծիք լինել չի կարող։ Ինչ վերաբերում է փոխադարձ վստահությանը, ապա դա ավանդաբար այդպես է եղել, Իրանը Հայաստանին համարել է իր վստահելի գործընկերը։

2018 թվականի իշխանափոխությունից հետո, սակայն, ՀՀ իշխանությունների գործողությունները հաճախ անհասկանալի են եղել Իրանի համար, վիճակն առավել զգայուն է հատկապես հիմա։ Պաշտոնական Թեհրանին չի կարող չմտահոգել ՀՀ գործող իշխանությունների թրքահաճո և արևմտամետ քաղաքականությունը։ Սա երկարատև կտրվածքով կարող է բացասական ազդել Իրան-Հայաստան հարաբերությունների վրա, այն պետք է շտկվի։

Տեսանյութեր

Լրահոս