Պետությունը չի կարող մակաբույծ լինել. մակաբույծներին բնությունը վերացնում է. Էդգար Էլբակյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Հայկական նախագիծ» գիտակրթական կենտրոնի համահիմնադիր Էդգար Էլբակյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ես հիմա նույնիսկ ավելի ակտիվ եմ տեսնում Թուրքիայի ներգրավումը Ադրբեջանի կողմից սանձազերծվելիք նոր պատերազմում։ Թուրքիայի ներգրավման մասշտաբները, ի տարբերություն 44-օրյա պատերազմի, ավելի են մեծացել։
  • Եթե Ադրբեջանն ու Թուրքիան համարեն, որ դանդաղ են կատարվում իրենց պահանջները կամ քիչ, կարող են պատից կախված այդ հրացանը գործի դնել։
  • Պատերազմ սկսելու մասին որոշումները կայացվում են կոնկրետ պահի, 3-4 հոգու մասնակցությամբ։
  • Քանի դեռ Հայաստանում կան այս դե ֆակտո իշխանությունները, պատերազմն անխուսափելի է ոչ թե՝ որովհետև նրանք պատերազմի կուսակցություն են, այլ՝ որ թուլության կուսակցություն են։ Այսօր իրական ռազմական գործողությունների սկսման հավանականությունն ավելի մեծ եմ համարում, քան 2020թ.-ից առ այսօր որևէ ժամանակաշրջանում։
  • Նախորդ տարվա սեպտեմբերին սեղանի վրա կարգավորման երկու տարբերակ կար․ ռուսական տարբերակում կար «կարգավիճակ» բառը, ինչը նշանակում էր թեման սառեցնել, թողնել սերունդներին։ Ի՞նչ կանեի ես այս պարագայում, եթե լինեի երկրի ղեկավար։ Կասեի՝ այո՛, երկրիս շահերից ելնելով՝ ես ստորագրում եմ այս փաստաթուղթը։ Կլիներ 2 ձայն՝ ընդդեմ մեկի։
  • Այս իրավիճակի վտանգավորությունը նրանում է, որ ռուսական կողմը սկսում է սրանց արդեն պատասխանել։ Սա նշանակում է, որ ռուսական կողմը Հարավային Կովկասի, Արցախի հարցում ապագային միտված ռազմավարություն չունի։

  • Ռուսները, պարսիկները, չինացիները, մյուսները նոր-նոր են հասկանում, որ այն, ինչ ասում են ՀՀ դե ֆակտո իշխանությունները, հայ հասարակության զգալի մասը չի կիսում։
  • Ռուսական կողմը նոր է սկսել տարանջատել ՀՀ իշխանություններին հայ ժողովրդից։ Չի կարող ինքնասպանությունը լինել շահերի սպասարկում։ Եվ արտաքին խաղացողները հասկանում են, որ այս իշխանությունները չեն ներկայացնում հայկական շահը։
  • Ակնկալել, որ Ռուսաստանը համահավասար վերաբերմունք պիտի ունենա ոչ հավասար սուբյեկտների՝ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ, միամտություն է։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն իր մարդկային, տնտեսական, ռազմական և էլիտաների պոտենցիալով շատ ավելի շահեկան դիրքերում է գտնվում Հայաստանի նկատմամբ։ Պետք է փոխել այս իրականությունը։
  • Վերջերս, երբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հարցրին՝ ինչպե՞ս եղավ, որ «Արաբական գարնան» արդյունքում բոլոր արաբական երկրները քանդվեցին, բայց Սիրիան հաջողեց, Ասադը պատասխանեց՝ պարզապես մենք ճիշտ ընտրեցինք մեր բարեկամներին։
  • Քաղաքականությունը փիլիսոփայության ու ռեսուրսների համադրություն է։
  • Իրանցիները հասկացան, որ ՀՀ իշխանությունները թքած ունեն՝ կլինի՞ միջանցք, թե՞ չէ, և հիմա ասում են՝ հայե՛ր, քանի որ դուք չեք կարող փոխել իրավիճակը ձեր երկրում, ուրեմն, եթե դուք Ադրբեջանի համար Արևմտյան Ադրբեջան եք, մեզ համար էլ Հյուսիսային Իրան եք։
  • Իրանին պետք է բացատրել, որ երբ 20 տարի Հայաստանում ազգային իշխանություն կար, Իսրայելը Քաշաթաղի շրջանում էկո գյուղերի անվան տակ ռազմաբազաներ չէր տեղակայում։ Սա շատ բարդ աշխատանք է, բայց պետք է անել։
  • Իրանի վարքագիծը ցույց է տալիս, որ Հայաստանի հարցում իր դիրքորոշումը բլեֆ չէ, որովհետև եթե բլեֆ լիներ, թուրքերը կզգային ու իրենց սև գործը վաղուց կանեին։
  • Իրանում իրավիճակն այլ է․ եթե նույնիսկ կողմ չեն Իրանի հոգևոր առաջնորդի դիրքորոշմանը Հայաստանի սահմանների կարմիր գծերի վերաբերյալ, ապա միևնույն է, պիտի պահեն այդ գիծը։ Ռուսաստանում այդպես չէ։
  • Ադրբեջանի Պլան Բ-ն ռազմական միջոցներով Սյունիքի ճանապարհը գրավելն է, անեքսիայի ենթարկելը։
  • Իրանի այս վերաբերմունքն այս տարածաշրջանի հանդեպ մինչև 2020թ․ այդքան ցայտուն չէր, հիմա Իրանի կայսերական կեցվածքն ավելի է ընդգծվում։ Հստակ ցույց են տալիս, որ այս տարածաշրջանն իրենցն է եղել։
  • Մենք անընդհատ Ռուսաստանից ու Իրանից ենք խոսում այն պարզ պատճառով, որ այս երկրները Թուրքիայի հետ ամենաշատն են պատերազմել, համապատասխանաբար՝ 24 և 12 անգամ։ Եվ որքան էլ ժամանակ առ ժամանակ նրանց միջև սիրախաղ է լինում, միևնույն է, աշխարհագրորեն այս երկրները հակառակորդներ են։
  • Պետք է արժանապատիվ դաշնակցություն անես։ Չպետք է մոռանալ, որ ինչքան էլ դու փոքր ես, դաշնակցություն անելու համար պետք է ինչ-որ բան տաս։ Դու չես կարող մակաբույծ լինել։ Հակառակ դեպքում դաշնակիցդ կլինի քո «պապան», ոչ թե դաշնակիցը։ Փոքր երկրների դաշնակցության լավ օրինակներ կան։ Օրինակ՝ Իսրայելը կամ Թայվանը՝ ԱՄՆ-ի համար։
  • Հարավային Օսիայի շնորհավորանքը դրական փաստ է։ Այս պայմաններում սա նշանակում է, որ ինչ-որ համաձայնեցում Ռուսաստանի հետ եղել է։
  • Ռուսաստանը մեծ չափով է կախված Թուրքիայի՝ Ուկրաինայի հարցում դրսևորած չեզոքությունից, որքան էլ որ այդ չեզոքությունից միայն «չ» տառն է մնացել։
  • Այո՛, Ռուսաստանը կարող է դուրս գալ տարածաշրջանից, բայց դա շատ վատ կլինի մեզ համար։ Հայաստանի իշխանությունն ամենօրյա անդուլ ջանքեր է գործադրում դրա համար։
  • Եթե դու հայկական շահը համարում ես սուպերմարկետներում մանրածախ վաճառքի տոպրակի միլիմետրաժը, համապատասխան վերաբերմունք էլ ստանալու ես քո դաշնակիցներից։

Կարդացեք նաև

  • ՀՀ առաջին նախագահը նույնպես ժամանակին անշնորհք հակառուսական գործողություններ է արել, բայց դա ինչ-որ պահի կանգ առավ, որովհետև նա հասկացավ հայկական շահը, արդյունքում՝ զենք ստացավ Ռուսաստանից։
  • Հայաստանը հանուն արևմտյան շահի, ռուսական գծից կտրելու համար էր 2018թ. Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի իշխանության գալը։
  • Բոլոր ՔՊ-ականներին միավորում է «ռուսը եկավ, բերեցինք, մեզ թուրքերի հետ կռվացրեց, որ իրենք չլինեն, մենք մեր հարևանների հետ բարեկամություն կանենք» խոսույթը։ Սա իրականում թուրքական խոսույթ է։ Սրանք Հայաստանի դերն ու նշանակությունը տեսնում են այնպես, ինչպես թուրքերը։ Դրա համար ենք մենք ասում, որ այս իշխանությունը թուրքական է։
  • Չի եղել դեպք, որ ՌԴ դեսպանը Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ասի՝ ինչի՞ եք ծառայողական մեքենայով գնում քարոզարշավի, դա անհավասար պայմաններ է ստեղծում, կամ՝ ո՞նց պիտի ապրեք… Չեն մտել նրանք դրա մեջ։ Այսօր Արևմուտքն է թելադրում՝ մենք ինչ պիտի անենք, ինչպես պիտի ապրենք։ Այնպես որ, պայմանական «Գազպրոմն» ու «Սորոսը» լրիվ տարբեր բաներ են։
  • Այս պահին Հայաստանում գործող նորման համակերպվելն է։ Լաչինի միջանցքը մենք պետք է բացենք, այլապես ոչ միայն Լաչինի միջանցքը չի բացվելու, այլև ունենալու ենք նոր փակված ճանապարհներ Սյունիքում, Գեղարքունիքում, Արարատում։
  • Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանում հենված չի ռեյտինգի, ընդդիմության վերադարձի վախի, Թուրքիայի կամ ժողովրդի սիրո վրա։ Այն հիմնված է բացառապես պատերազմից վախի վրա։ Մարդկանց ուղեղում պատերազմը հավասարեցվել է պարտության հետ։ Մարդկանց պետք է բացատրել, որ «պատերազմ = պարտություն» բանաձևը հնարավոր է միայն սրանց իշխանության օրոք։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս