Երբ բանակցածիդ արդյունքը լայնամասշտաբ պատերազմի հավանականությունն է, նշանակում է՝ դու բան չես բանակցել. Արտակ Զաքարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Իրականում, այո՛, ցավոք, պատերազմի ռիսկերը գնալով մեծանում են։ Հաշվի առնելով գլոբալ զարգացումները՝ կարելի է նաև ենթադրել, որ Հարավային Կովկասը վերածվում է գերտերությունների աշխարհաքաղաքական բախման կենտրոնի, որի ժամանակ Հայաստանը կարող է դառնալ այդ բախման թատերաբեմը։ Ցավոք, Հայաստանի իշխանությունները չկարողացան վարել այնպիսի քաղաքականություն, որը մեր երկիրը հեռու կպահեր դրանից։
  • ՀՀ իշխանությունների համար լավագույն լուծումը կողմնորոշվելն է կամ ՀԱՊԿ, կամ ՆԱՏՕ, որովհետև եթե դու որևէ մեկի դաշնակիցը չես, ուրեմն դու այն հարթակն ես, որտեղ պետք է հաշիվներ պարզեն։
  • Ադրբեջանը նույնպես գործիք է գերտերությունների ձեռքին, իսկ Հայաստանն ընդհանրապես ոչինչ չի որոշում։
  • Կարծում եմ՝ Ադրբեջանի հաշվարկների հիմքում դրված է այն, որ Հայաստանի տարածքների հաշվին պատերազմի միջոցով լուծեն իրենց կոմունիկացիոն և էներգետիկ խնդիրները։
  • Այս դավադիր, կապիտուլյանտ իշխանություններն այդպես էլ չկարողացան այնպես անել, որ Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ ունենան սուվերեն հսկողություն։
  • ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ Հայաստանն առաջին անգամ չէ, որ ռազմական ոլորտում տարբեր համագործակցային փաստաթղթեր է ստորագրում, բայց դա ոչ մի կերպ չի արտահայտել ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը։
  • Այո, այսօր ՀԱՊԿ-ը ՀՀ անվտանգության ապահովման գործում լիարժեք չի գործել, բայց պետք է հասկանալ՝ որն է դրա պատճառը։ ՌԴ-ն վերջին տարիների ընթացքում մի քանի համակարգային սխալներ է թույլ տվել Հայաստանի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ ՀՀ-ն պետք է դիմի արկածախնդրության և վաճառի մեր անվտանգային շահերը։

  • Արևմուտքը երբեք չի եղել Հայաստանի անվտանգության երաշխավորը և երբեք էլ չի լինելու։
  • Ընդհանրապես պատմության մեջ միշտ այնպես է եղել, որ քանի անգամ Արևմուտքը ցանկացել է գալ Հարավային Կովկաս, միշտ եղել է պատերազմ։
  • Առաջին համաշխարհային պատերազմից հետո մենք ունեցանք Հայոց Ցեղասպանությունը, ԽՍՀՄ փլուզումից հետո՝ Ղարաբաղյան հակամարտություն, 2020թ․ տեսանք, թե Արևմուտքը 44-օրյա պատերազմի ընթացքում ինչպես էր լուռ հետևում։
  • Եթե Արևմուտքն ուզի, 15 րոպեում կբացի Լաչինի միջանցքը, բայց իրենց պետք է, որ ցույց տան՝ ռուսները վատ խաղաղապահներ են, պիտի գնան, նրանց տեղը գան այլ ուժեր։ Իսկ այլ ուժերի թվում թուրքերն են լինելու, որովհետև ՆԱՏՕ-ն այս տարածաշրջանը հանձնել է Թուրքիայի տնօրինմանը։ Եթե Արևմուտքին հաջողվի տարածաշրջանից հանել Ռուսաստանին, այստեղ կլինեն թուրքական հրահանգիչներ, ռազմաբազաներ։
  • Ադրբեջանի մտահղացումը Սյունիքն ինչ-որ նեղ միջանցքով Հայաստանից կտրելն ու Նախիջևանին միանալն է։ Ռուսաստանին սա ևս ձեռնտու չէ, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի համար երկրորդ ճակատ է բացվելու, կիսվելու են ռեսուրսները, ինչը տանելու է ՌԴ-ի թուլացման։ Հաշվարկը սա է։
  • Ամբողջ ողբերգությունը սկսվեց նրանից, որ 2018թ․ մեր ժողովուրդը գնաց ու ընտրեց Նիկոլին՝ չհասկանալով՝ ով է Նիկոլը, ինչու արագ թափ հավաքեց, այսպես կոչված, հեղափոխությունը, ինչու այն ողջունեցին Արևմուտքն ու Ռուսաստանը։
  • Հայաստանը միշտ հնարավորություն է ունեցել ազդել տարածաշրջանային գործընթացների վրա, լինել գործոն, սակայն Նիկոլը երբեք չի գնացել այդ ուղղությամբ։ Հայաստանն այսօր դաշնակիցներ չունի։ Մեխանիկորեն դաշնակից են դարձել Թուրքիան և Ադրբեջանը։ Այս իրավիճակում Հայաստանը շատ ծանր, բարդ քաղաքական խնդրի առաջ է կանգնած։
  • Եթե անգամ հայ ժողովուրդը պայքարի, դառնա ազգ-բանակ, հետ մղի Հայաստանի դեմ բոլոր ագրեսիաները, հետո գալու է քաղաքական լուծումների ժամանակը, և Նիկոլն այդ ժամանակ կրկին կմսխի թափված արյունը ու կգնա զիջումների։
  • Արցախն աստիճանաբար դառնում է գործոն՝ իր պայքարի շնորհիվ։ Արցախում որոշում կայացնողներ են առաջ եկել, Հայաստանում որոշում կայացնող չկա։
  • Նիկոլը, լինելով անվստահելի միավոր, իր էքսցենտրիկ, անհետևողական և տգետ քաղաքականության պատճառով, այնպես արեց, որ այսօր Արևմուտքն ու Ռուսաստանը բոլոր խնդիրները փորձում են լուծել առանց նրա։
  • Եթե հիմա մարդիկ ասում են՝ ինչու Սերժ Սարգսյանն ուժ չկիրառեց 2018 թվականին, նշանակում է՝ այդ մարդիկ ընդունում են իրենց սխալը։ Այսինքն՝ ասում են՝ ես սխալ էի, երբ գոռում էի՝ «մերժիր Սերժին», ինչո՞ւ ինձ ծեծելով՝ տուն չուղարկեցիք։
  • Եթե Սերժ Սարգսյանը 2018թ․ գնար ճնշումների, արդյունքում ներքին անկայունություն կստեղծեր, որովհետև պարզ էր, որ այստեղ միայն Նիկոլի գործոնը չէր, այլ նաև նրա տերերի, և ուղիղ իմաստով դա կազդեր Արցախի խնդրի, Հայաստանի միջազգային հեղինակության վրա։ Եվ Սերժ Սարգսյանը կայացրեց որոշում՝ հանուն Հայաստանի և Արցախի շահերի։
  • Սերժ Սարգսյանն իր իշխանությունը մատաղ արեց Հայաստանի և Արցախի շահերին՝ հույս ունենալով, որ փողոցի կոնսոլիդացիան ուղղվելու է Հայաստանի և Արցախի շահերին, բայց, ցավոք, դա այդպես տեղի չունեցավ։ Դրա համար էլ ՀՀԿ-ն, չնայելով իր նկատմամբ գեներացված ատելությանն ու դրա հետևանքներին, շարունակաբար ցույց էր տալիս դրանց կործանարար սխալները։
  • 2021թ․ ընտրություններից հետո աշխարհը շոկի մեջ էր։ Ասում էին՝ հայ ժողովուրդը գժվել է, գնաց, ընտրեց մեկին նորից, ով երկու տարում բարեհաջող կործանել էր պետությունը։
  • Միակ երկիրը, որ շահագրգռված է, որ Հարավային Կովկասում ունենա դաշնակից, որը ուժեղ կլինի, Ռուսաստանն է, բայց հիմա այնպիսի հակառուսականություն է գեներացվում ՌԴ-ի դեմ, որ Ռուսաստանին ուրիշ բան չի մնում, քան ասել՝ չեք ուզում պետություն ունենալ, դուք գիտեք, մի ունեցեք։

Կարդացեք նաև

  • Երբ իշխանություն չեք ունենում, մնում եք այլ պետությունների ողորմածության հույսին։
  • Այլևս բանակցելու բան էլ չեն թողել, որովհետև երբ բանակցածիդ արդյունքը լայնամասշտաբ պատերազմական գործողությունների հավանականությունն է, նշանակում է՝ դու բան չես բանակցել։
  • Ադրբեջանի կողմից նոր ճանապարհի կառուցումը շատ նման է նրան, որ Ադրբեջանն ու Իրանը միգուցե բանակցել են արդեն, ու այդ ճանապարհը Իրանը կօգտագործի Հյուսիս-Հարավի համար։ Իսկ միգուցե դա՞ է Բայրամովի ասած Պլան Բ-ն, և Իրանը, հնարավոր է, այլևս նախկինի պես շահագրգիռ չլինի Սյունիքը պահելու, Հայաստանի հետ իր ունեցած 42 կիլոմետրանոց սահմանն անխախտ պահելու համար։ Իսկ ի՞նչ են անում սրանք։ Մի հատ նայեք Խորհրդարանի ՔՊ-ականներին։ Նրանք մտածելու ունա՞կ են։ Մեր դաշնակիցներն էլ ասում են՝ եթե սրանց իշխանությունները սրանք են, իմաստը ո՞րն է՝ մենք իրենց համար կռիվ տանք, սրանք էլ գնան «Վայլդբերիզի» դեմ միտինգ անեն

(Տեղեկացնենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն օրեր առաջ հայտարարել էր. «Բաքուն «Զանգեզուրի միջանցքի» բացման «պլան Բ» ունի՝ առանց Հայաստանի մասնակցության: …Ինչ-որ մի պահի սկսում է թվալ, թե մենք մոտ ենք աշխատանքների ավարտին, սակայն վերջին պահին Հայաստանն անսպասելիորեն նոր մոտեցումներով է հանդես գալիս, և գործընթացը կրկին հայտնվում է փակուղում։ Դա ոչ կառուցողական է, բացի այդ, հակասում է եռակողմ հայտարարության դրույթներին: Մենք այս ծրագրի իրագործումը կշարունակենք ամեն դեպքում՝ նաև առանց Հայաստանի։ Այդ դեպքում այդ երկիրը պարզապես դուրս կմնա նախագծի շահառուների ցանկից»,- խմբ.):

  • Իրանը երկար բանակցող խորքային պետություն է, անմիջապես գործողությունների չի անցնում, դրա համար կարողանում է իր շահերը հետապնդել աշխարհում։ Ռուսաստանը գերտերություն է, իր հաշվարկը տարիներով է անում, կարող է 15-20 տարով տարածաշրջանից դուրս գալ ու կրկին վերադառնալ՝ ավելի մեծ օգուտ քաղելով։ Իսկ ի՞նչ ենք անում մենք՝ բզկտված, թույլ, Նիկոլի առաջնորդությամբ։ Եթե մենք այստեղ 3 ամիս մնանք առանց ռուսների, առանց ռազմական բազայի, մենք պարզապես այլևս չենք լինելու։
  • Աշխարհին պետք է հասկացնել, որ մենք մեր ռեսուրսով կարող ենք պաշտպանել մեզ։ Դրանից հետո կտեսնեք, թե քանի դաշնակից է մեր դուռը թակելու։
  • Եթե մեր ժողովուրդը «մերժիր Սերժին» ակցիային չմասնակցեր, մենք հիմա Արցախի հարցն էլ լուծած կլինեինք, տարածաշրջանում գործոն էլ կլինեինք, մեզ հետ հաշվի էլ կնստեին, վետո էլ կկարողանայինք դնել ոչ հայանպաստ նախագծերի վրա։
  • Հիմա որ մեր ժողովրդի մի հատվածն ասում է՝ մենակ սրանք չլինեին, հարց եմ տալիս՝ իսկ ի՞նչ էին անում նախկինները, պատիվ էին տալիս ձեզ, որ աշխարհում որտեղ իմանում էին՝ հայ եք, գլուխներդ բարձր քայլում էիք։ Թալանչինե՜ր, թալանչինե՜ր… Ո՞ւր են այդ թալանչիները, թալանչիները ՔՊ-ում են։
  • Եթե նույնիսկ ռուսներն ասեն՝ ես երկու ձեռքով կողմ եմ, թող Հայաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, միևնույն է, Հայաստանին ՆԱՏՕ չեն ընդունի, և դա առաջին հերթին թույլ չի տա Թուրքիան։
  • Վստահ եմ՝ հենց Նիկոլը Ռուսաստանից հրավեր ստանա, կտեսնեք՝ ոնց է վազելով գնում ու ի՜նչ դիֆերամբներ է հյուսում։
  • Հնդկաստանն ատոմային երկիր է, միլիարդից ավելի բնակչություն ունի, խոշոր տնտեսություն, ազդեցիկ պետություն է, և չեմ կարծում, որ պետք է ինչ-որ մեկին հարցնի մեզ զենք վաճառելու համար։
  • Եթե ղեկավարդ Նիկոլն է, պատերազմել չես կարող։ Մենք բարոյապես ենք անպատրաստ պատերազմին։ Պատերազմի ժամանակ հատկապես վստահություն է պետք բանակցողի, գերագույն հրամանատարի նկատմամբ։ Մենք մեր ճակատագիրը վստահել ենք մեկին, որին չենք վստահում։
  • Ես ձեզ վստահ եմ ասում՝ Ադրբեջանին մենք այսօր էլ մեր այսօրվա բանակով կարող ենք հաղթել, եթե Ադրբեջանը մենակ մասնակցի պատերազմին։ Բայց այսօրվա քաղաքականությունն այնպիսին է, որ եթե աշխարհը որոշի՝ Հայաստանը պետք է պարտվի, Հայաստանը կպարտվի, ինչպես որ որոշել էին պատերազմով հանձնել Արցախը։ Հաղթելու համար Հայաստանը պետք է ունենա ազգային, փորձված և վստահելի ղեկավար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս