Ֆինլանդիայի նախագահը կարծում է, որ Թրամփը պետք է մեծացնի ճնշումը Պուտինի վրա
ԱՄՆ-ն պետք է մեծացնի ճնշումը Ռուսաստանի վրա Ուկրաինայում խաղաղության հասնելու համար, հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։ Նա նաև նշել է, որ եվրոպական երկրները պետք է վաղ թե ուշ ուղիղ բանակցություններ վարեն Ռուսաստանի հետ: Այս մասին նա ասել է POLITICO-ի եվրոպական հրատարակությանը տված հարցազրույցում։
«Երբ գա պահը ուղիղ բանակցությունների համար, իսկ այն վաղ թե ուշ գալու է, ապա դա պետք է համակարգվի», – ասել է Ստուբը
Այսպես է քաղաքական գործիչը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Եվրոպան պետք է փորձի փոխգործակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ստուբը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի նկատմամբ փորձել է օգտագործել «մտրակի և քաղցրաբլիթի» քաղաքականությունը, և հիմա ժամանակն է մեծացնելու ճնշումը Մոսկվայի վրա։
«Նա (Թրամփը) Ալյասկայում և Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ օգտագործեց քաղցրաբլիթի քաղաքականությունը, բայց երբ հասկացավ, որ ռուսները տեղից չեն շարժվելու և հետաքրքրված չեն խաղաղությամբ, նա անցավ մտրակին։ Այժմ մենք մտրակի ռեժիմի մեջ ենք։
Հաջորդ քայլը պետք է լինեն պատժամիջոցները, Սենատում պատժամիջոցների փաթեթը», – ասել է Ֆինլանդիայի նախագահը՝ նկատի ունենալով ԱՄՆ-ում քննարկվող օրինագիծը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ դեմ չէ ԱՄՆ-ում մշակվող օրինագծին, որով նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի հետ բիզնես վարող երկրների նկատմամբ։
Ըստ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ ռուսական կողմը խիստ բացասական է գնահատում այս նախաձեռնությունը։

