«Փաշինյանը ձախողված է. բացառվում է, որ ԱՄՆ-ը անվտանգության երաշխիք տա Հայաստանին». Հարութ Սասունյան
ԱՄՆ Կոնգրեսի` Մարդու իրավունքների հանձնաժողովում Արցախի հարցով հրավիրված լսումների ժամանակ Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ հստակ լուծում առաջարկեց. ԱՄՆ նախագահ Բայդենը կամ պետքարտուղար Բլինքենը պետք է պաշտոնապես Ալիևին զգուշացնեն՝ հենց վաղը բացիր Լաչինի միջանցքը, այլապես մենք կհամարենք, որ դու ցեղասպանություն ես իրականացնում, և հետևանքներ կլինեն:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ակնկալել ԱՄՆ իշխանություններից, ճնշումներ կլինե՞ն Ադրբեջանի ուղղությամբ:
«Պետքարտուղար Բլինքենը վերջին երկու շաբաթներին անձամբ զանգել է Ալիևին և ասել է, որ Լաչինի միջանցքը բացվի, բայց ըստ սովորության, Ալիևը չի լսում ո՛չ Բլինքենին, ո՛չ Մակրոնին, ո՛չ Միջազգային դատարանին, և այլն: Միակ բանը, որ դեռ չի եղել, նախագահ Բայդենի անձնական միջնորդությունն է: Մտածում ենք՝ մենք մի բան անենք, որովհետև Բայդենն ինքնուրույն դա չի անելու, պետք է մենք ճնշումներ գործադրենք: Մանավանդ, հիմա լավ ժամանակ է Բայդենի վրա ճնշումներ գործադրելու, որովհետև հաջորդ տարի ԱՄՆ-ում սպասվում են նախագահական ընտրություններ, իսկ նախագահ Բայդենի վարկանիշը չափազանց ցածր է: ԱՄՆ պատմության մեջ նա երկրորդ նվազագույն վարկանիշն ունի նախագահ Քարթերից հետո, իսկ քաղաքական մարդիկ ուզում են վերընտրվել, ունենալ մեծ քանակությամբ ընտրողներ և քարոզարշավի համար գումար: Ճիշտ ժամանակն է, որ ԱՄՆ հայ քաղաքացիները պահանջեն, ճնշեն, որ եթե ուզում է մեր քվեն ստանալ, իսկ մենք ունենք առնվազն մի քանի հարյուր հազար քվե, եթե ոչ ավելի, Բայդենը ոչ մի քվեի «ոչ» չի ասելու, ինքը ամեն քվեի կարիքն ունի, որպեսզի կարողանա հաղթել հանրապետական իր մրցակցին»,- ի պատասխան՝ ասաց նա:
Հարութ Սասունյանի խոսքով՝ Ալիևի վրա որևէ մեկի կոչը չի ազդում, պետք է նրա նկատմամբ պատժամիջոցներ լինեն. «Իսկ պատժամիջոցը լինելու է նախագահ Բայդենի որոշումով, ոչ թե Կոնգրեսի կամ Բլինքենի: Ալիևը միայն հասկանում է պատժամիջոցի իմաստը և հետևանքը»:
Կառավարության երեկվա նիստին Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ ռազմաքաղաքական իրավիճակն էականորեն սրվել է, Ադրբեջանը զորք է կուտակում ԼՂ և Հայաստանի սահմանին, բայց Հայաստանի կառավարությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին, և, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար:
Հարութ Սասունյանը նկատեց՝ երկար ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը մի կողմից ասում է, որ ադրբեջանցիները փորձում են ցեղասպանություն գործել արցախահայության նկատմամբ, որ պատրաստվում են լայնամասշտաբ հարձակումների, մյուս կողմից ասում է, որ պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել. «Ո՞նց կարելի է խաղաղության պայմանագիր ստորագրել մի կողմի հետ, որ ուզում է քեզ բնաջնջել: Խաղաղությունը միակողմանի չի լինում: Ալիևը խաղաղության մասին չի մտածում, նա միայն մտածում է՝ որքան զիջումներ ստանա՝ այդքան լավ, և երբեք կանգ չի առնելու: Ալիևը հայտարարում է, որ ամբողջ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է, և անմաստ է վարչապետի խոսքերը խաղաղության վերաբերյալ, երբ հակառակորդը ցանկանում է քեզ ոչնչացնել: Ինչ վերաբերում է ՄԱԿ ԱԽ-ին, ապա մոտ 2 շաբաթ առաջ էին հավաքվել, և եթե ինչ-որ բան պետք է անեին, ապա դա էր ժամանակը անելու: Հավաքվեցին, խոսեցին և տուն գնացին, ինչի մեղավորը ոչ թե ՄԱԿ-ի ԱԽ-ն է, այլ Հայաստանը, որովհետև չեն հասկանում պրոցեսը ՄԱԿ-ում: Նախքան այդ ժողովը պետք է պատրաստ լիներ նախնական բանաձև, որը պետք է տրվեր 15 երկրների անդամներին և ամեն մեկից հարցնեն՝ ինչպես են քվեարկելու, ինչ առաջարկներ ունեն: Այս աշխատանքը չէր տարվել, և չեմ կարծում, որ ամեն շաբաթ ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է հավաքվի և զբաղվի Հայաստանի ու Արցախի հարցով: Այդ շանսն ունեինք 2 շաբաթ առաջ, և այն այլևս չկա»:
Նա նշեց, թե որն է Հայաստանի բոլոր ձախողումների պատճառը. «Երբ ունես երկրի ղեկավար, որի անունը Նիկոլ Փաշինյան է, և որը չգիտի՝ ինչպես երկիր ղեկավարել, չգիտի պետական մակարդակի որոշում կայացնել, ամեն ինչ ձախողվելու է: Տեսնում ենք, թե տարիներ ի վեր ինչ է անում Փաշինյանը: Կարելի է ասել, որ մարդը փորձում է, բայց սա փորձադաշտ չէ, սա պետության լինել-չլինելու հարցն է, անդունդի եզրին ենք: Վարչապետն այն մարդը չէ, որ իմանա՝ ինչ պետք է անել: Այս մարդը պատերազմում ջախջախիչ պարտություն կրեց և հոգեպես ջախջախված է, քաշ չունի, որ կարողանա խիզախ որոշումներ կայացնել և Հայաստանի շահերը պաշտպանել, ինքը պետք է այդ պատերազմի վերջին օրը հրաժարական տար և դուրս գար:
Աշխարհի պատմության մեջ եղել են նման ջախջախիչ պարտություններ, և այդ պարտվող կողմի ղեկավարը նույն օրը կա՛մ հրաժարական է տվել, կա՛մ ավելի վատ՝ ինքնասպան է եղել: Չենք ցանկանում, որ ինքնասպան լինի, բայց շատ նորմալ կլիներ, որ մարդն զգար՝ ինքն է այս բոլոր ձախողումների պատասխանատուն և ինքն այն մարդը չէ, որ շարունակի ղեկավարել մի երկիր, որին ինքը հսկայական ձախողման է տարել: Զարմանալիորեն, ինքը ասում է, որ մնալու է իր պաշտոնին, որպեսզի ուղղի իր բոլոր սխալները: Ինչպե՞ս կարող է ինքն իր սխալներն ուղղել, երբ ամեն օր նոր սխալներ է անում: Մեր վիճակը օր օրի վատանում է»:
Հարցին՝ շատերն ասում են՝ Նիկոլ Փաշինյանը լավ էլ գիտակցում է՝ ինչ անում, և, որ ամերիկյան կողմի հրահանգով ամեն ինչ անում է, որ Ռուսաստանին դուրս մղի Հայաստանից, արդյո՞ք, օրինակ, ԱՄՆ-ը կարող էր երաշխիքներ տված լինել Փաշինյանին, որ Ռուսաստանի դուրս գալու պարագայում որևէ կերպ անվտանգության առումով կաջակցի Հայաստանին, Հարութ Սասունյանը պատասխանեց. «Դա կարծիքի հարց է՝ նա գիտակցելով է անում, թե ոչ, բայց մի բան ես ստույգ գիտեմ, որովհետև կյանքիս մեծ մասն ապրել եմ Ամերիկայում, ԱՄՆ քաղաքացի եմ, և կարող եմ ձեզ ասել՝ բացառված է, որ ԱՄՆ կառավարությունը կարող է երաշխիք տալ Հայաստանին, որ՝ մենք կերաշխավորենք ձեր անվտանգությունը: Դա բացառված է: ԱՄՆ-ը ունի ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիային տարածաշրջանում, և Թուրքիայի փոքր եղբայրն Ադրբեջանն է:
Ամերիկան չի գալու Հայաստան՝ իր բանակով, որ պատերազմի ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի կամ նույնիսկ՝ Ադրբեջանի դեմ: Եթե մարդիկ կան, որ մտածում են՝ Ամերիկան մեզ կպաշտպանի, այդ մարդիկ իրենք իրենց խաբում են, նման բան չի կարող լինել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում