«Սա «հումանիտար օգնության» անվան տակ Արցախ ներխուժելուԱդրբեջանի հերթական քաղաքականությունն է». Հովիկ Ավանեսով
Ադրբեջանի «Կարմիր մահիկ» ընկերության բեռը շարունակում է մնալ Ակնայում՝ արցախահայությունն էլ իր հերթին՝ շարունակում է փակ պահել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը, հայտարարելով, որ Ադրբեջանը ոչ թե պետք է «հումանիստ» խաղա, այլ բացի արցախահայության կյանքի միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, որը փակելուց հետո 120 հազար խաղաղ բնակիչներ զրկված են կյանքի համար նախատեսված բոլոր պայմաններից։
168.am–ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, կովկասագետ Հովիկ Ավանեսովն ասաց, որ մարդիկ հերթափոխով շարունակում են փակ պահել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը՝ հստակ հայտարարելով, որ ցեղասպան Ադրբեջանի ձեռքից իրենք օգնություն չեն ընդունելու։
«Մինչև օրս ճանապարհին հերթապահություն ենք անում, ոչ միայն Ասկերանի բնակիչներն են, այլ հերթափոխով Ստեփանակերտից ու հարակից բնակավայրերից են գալիս Ասկերան։ Մարդիկ ինչպես կարողանում են, գալիս են Ասկերան, նրանք հիմնականում գալիս են հեծանիվներով, քանի որ դիզվառելիքի խնդիր կա։
Մենք այստեղ վճռական ենք, կանգնելու ենք այնքան ժամանակ, ինչքան որ պետք է, այնքան, մինչև ադրբեջանական «հումանիտար» բեռն օկուպացված հայկական Ակնայից հետ չտանեն Բաքու»,- նշեց Հովիկ Ավանեսովը։
Նա տեղեկացրեց, որ հնարավոր բոլոր տարբերակներով ու խողովակներով բոլորը փորձում են իրենց կապերն օգտագործել ու տեղի ունեցողը փոխանցել միջազգային որոշ լրատվամիջոցների, որպեսզի միջազգային հանրությանը տեղ հասցնեն, թե ինչու չեն ընդունում ադրբեջանական օգնությունը։
«Հարցազրույցներ ու մեկնաբանություններ տալով… Այս առումով շատ ակտիվ աշխատում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, միջազգային հանրությանը ներկայացնում արցախահայության դիրքորոշումը։ Արցախի ՄԻՊ-ը միջազգային հանրությանը հստակ ներկայացրել է, որ արցախցիները ցեղասպան Ադրբեջանից «օգնություն» չեն ցանկանում ընդունել։ Բնականաբար, բոլորս համամիտ ենք ՄԻՊ-ի այդ դիրքորոշման հետ, քանի որ Ադրբեջանի, այսպես կոչված, «հումանիտար» օգնությունը նույն ցեղասպանության շարունակությունն է, սա «հումանիտար օգնության» անվան տակ Արցախ ներխուժելու Ադրբեջանի հերթական քաղաքականությունն է»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է Արցախի դասապրոցեսին, Հովիկ Ավանեսովն ասաց, որ պաշտոնապես բոլոր տեղերում դասապրոցեսը մեկնարկել է, նույնիսկ Մեսրոպ Մաշտոց համալսարանում, որտեղ երկուշաբթի օրերին դասեր չէին լինում, սակայն այս պահին սկսել են նաև այդ օրը դաս անել, որպեսզի ծրագիրը հնարավորինս արդյունավետ կատարեն՝ հաշվի առնելով, թե ինչ կարող է տեղի ունենալ։
«Ստեփանակերտին մոտ գտնվող գյուղերից են ուսանողները գալիս համալասարան, իսկ հեռավոր գյուղերի ուսանողները հեռավար են անցկացնում դասերը»,- եզրափակեց Հովիկ Ավանեսովը։