«Այդ թուղթը ոչ միայն խաղաղություն չի բերելու, այլև սպառնալիք է. Գերիների ու մշակութային ժառանգության հարցերը պետք է լինեն մեր ամենօրյա օրակարգային հարցերը». Հովիկ Ավանեսով

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, կովկասագետ Հովիկ Ավանեսովի համար զարմանալի չէ, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանի և Ալիևի կողմից նախաստորագրված «Խաղաղության պայմանագրի» փաստաթղթում որևէ կետ չկա՝ ինչպես Բաքվում պահվող հայ գերիների, պատանդների, այնպես էլ՝ Արցախում Ադրբեջանի կողմից ոչնչացվող հայկական մշակութային ժառանգության պահպանության ու արցախահայերի՝ Արցախ վերադառնալու մասին։

«Սա «Խաղաղության պայմանագիր» չէ, ավելին՝ սա խոսում է այն մասին, որ փաստաթուղթը, որը Նիկոլ Փաշինյանը նախաստորագրել է՝ հեռու է «խաղաղության պայմանագիր»  կոչվելուց։ Այդ թուղթը ոչ միայն խաղաղություն չի բերելու, այլև նշածս կետերի բացակայությունը սպառնալիք է մեր ամբողջ ժառանգությանը ոչ միայն Արցախում, այլև ՀՀ այն հատվածներում, որտեղ մոտակայքում տեղակայված են ադրբեջանական օկուպացիոն զորքեր։

Պատահական չէ, որ ՀՀ այն տարածքները, որոնք հայտնվել են ադրբեջանական զորքի հսկողության տակ, նրանց թիրախում են հայտնվել հուշարձանները, հատկապես՝ հայկական գերեզմանոցները։ Վերջերս տեղեկատվություն հայտնվեց Ներքին Հանդում Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանի ոչնչացման վերաբերյալ։ Սա խոսում է այն մասին, որ խնդիրը միայն Արցախի մշակութային ժառանգությունը չէ»,- 168.am հետ զրույցում նշեց Հովիկ Ավանեսովը։

Ըստ նրա, եթե նախաստորագրված «Խաղաղության պայմանագիր» կոչված փաստաթղթում չկա Արցախի հուշարձանների պահպանության ու գերիների վերադարձի մասին որևէ կետ, ապա այս ամենից հետո Ալիևին որևէ բան չի խանգարելու շարունակել իր հայատյաց քաղաքականությունը։

Կարդացեք նաև

Հովիկ Ավանեսովի խոսքով՝ չնայած ՀՀ օրվա իշխանությունն ամբողջովին հրաժարվել է Արցախից, սակայն հայ ազգն իրավունք չունի հրաժարվել միջազգային կառույցներին իր պահանջները ներկայացնելուց։

«Մենք ոչ միայն պետք է, այլև պարտավոր ենք Արցախի խնդիրը, մշակութային ժառանգության ու մեր գերիների հարցը միջազգային ատյաններում բարձրաձայնել։ Պետք է բարձրաձայնենք այնքան ժամանակ, մինչև մեզ համար կլինեն բարենպաստ ժամանակներ՝ այս խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու համար։ Մինչ այդ, բոլոր խողովակներով պետք է հարցերը բարձրաձայնենք, և սա չպետք է մնա անհատների կամ հասարակական կազմակերպությունների ուսերին, այլ ամբողջ ազգի։

Մենք պետք է այս խնդիրների մասին խոսենք ոչ թե այն ժամանակ, երբ Ադրբեջանը որևէ հուշարձան է ոչնչացնում, կամ գերիներից ուժով ցուցմունքներ կորզում, այլև ամեն օր ու ամեն ժամ։ Սրանք պետք է լինենք մեր ամենօրյա օրակարգային հարցերը, որպեսզի իրազեկվածության մակարդակը բարձրացվի»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նա նաև ընդգծեց՝ պետք է մի քանի հանգամանքներ շեշտվեն, առաջինը՝ այն, ինչ տեղի է ունենում Արցախում հայկական ժառանգության հետ, դրա արմատներն ավելի խորն են՝ գնում են մինչև Արևմտյան Հայաստան, ընդհուպ՝ մինչև Նախիջևան։ Ավելին՝ ստեղծվել է անպատժելիության մեծ մթնոլորտ, որից հանգիստ օգտվում է Ադրբեջանը և իրականացնում վանդալիզմ։

«Եթե այդ ամենի դեմը չեն առնում, Ադրբեջանը շարունակելու է իր քաղաքականությունը, և մենք պետք է արձանագրենք, որ Ադրբեջանն Արցախում իրականացնում է 21-րդ դարի մշակութային ամենախոշոր ցեղասպանություններից մեկը»,- ընդգծեց Հովիկ Ավանեսովը։

Տեսանյութեր

Լրահոս