Չերևացող պրոցեսներ են եռում, և Ադրբեջանում շատ անհանգիստ են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարող է երերալ, և նա ՀՀ-ում կորցնի իշխանությունը. Շիրազ Խաչատրյան
Ադրբեջանի զինուժը վաղ առավոտից թիրախավորել է Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերը, կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր և ականանետ: Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:
Ավելին, ադրբեջանական քարոզչամեքենան ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացնում Սոթքի հատվածում՝ հիմք ստեղծելով Սոթքի ուղղությամբ առավոտյան սկսած հերթական սադրանքը շարունակելու համար: Ադրբեջանական կողմն ավելի ուշ թիրախավորեց նաև Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:
Որքանո՞վ են ադրբեջանական հերթական սադրիչ այս գործողությունները կապված Արցախի ներքին զարգացումների և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ հրաժարական տալու մասին հայտարարության հետ, և արդյո՞ք սպասել առավել լայնամասշտաբ գործողությունների Ադրբեջանի կողմից:
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ թեպետ տարբեր փորձագետներ հիմնավորում են, որ ցանկացած պահի Ադրբեջանի ղեկավարությունը կարող է մեծածավալ ագրեսիայի դիմել, բայց ինքը նման մոտիվացիա չի տեսնում դեռ:
«Սա՝ հատկապես միջազգային ճնշումների, տարբեր հայտարարությունների, կոչերի, միջազգային որոշումների պարագայում: Իրականում որքան էլ ասենք, որ Ադրբեջանն արհամարհում է դրանք, բայց, ամեն դեպքում, այդ ճնշումներից հետո նման լայնածավալ գործողությունների մոտիվացիա այդքան էլ չունի: Այո, կան միջազգային որոշակի ճնշումներ, և որքան էլ Ադրբեջանի հետ պայմանավորվելով՝ նաև մեզ են ճնշում, որ և՛ Աղդամի ճանապարհը բացվի, և՛ Լաչինի, բայց, կրկնում եմ, նաև Ադրբեջանի վրա ճնշում կա՝ Հաագայի դատարանի որոշում, ՄԱԿ ԱԽ նիստ: Ամեն դեպքում, որքան էլ մեկնաբանենք, որ Ադրբեջանի համար Հաագայի դատարանի որոշումը թղթի կտոր է, դա կուտակվում է և Ադրբեջանի վրա ճնշում է դառնում, և այլն: Ադրբեջանական կողմը դաշտը շատ լավ մոնիտորինգ է անում, զգայուն են ամեն ինչին և հասկանում են, որ ՀՀ-ում ներքաղաքական պրոցեսներ են հասունանում: Ըստ այդմ, կարծում եմ, որ ադրբեջանական այս վերջին սադրանքները կապ ունեն Արցախի ներքաղաքական զարգացումների հետ:
Այսինքն, ավելի շատ ներքաղաքական գործողությունների վրա ազդելու քայլեր են, ինչո՞ւ չէ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ՀՀ-ում պահելու փորձ, եթե կարող ենք այսպես ասել: Հիմա Արցախում Նիկոլ Փաշինյանի դրածո Արայիկ Հարությունյանը փոխվում է, ինչը իրենց համար վատ է, նույնն էլ Նիկոլ Փաշինյանի պարագայում է: Այսինքն, չերևացող պրոցեսներ են եռում, և Ադրբեջանում շատ անհանգիստ են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարող է երերալ, և նա ՀՀ-ում կորցնի իշխանությունը, ինչը Թուրքիային և Ադրբեջանին ձեռք չի տալիս: Այս համատեքստում հիշենք այն, որ երբ 2021-ի փետրվարի 25-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն հայտարարություն տարածեց և Փաշինյանի հրաժարականը պահանջեց, Թուրքիայի նախագահն անմիջապես արձագանքեց և ՀՀ քաղաքական պրոցեսների վերաբերյալ դիրքորոշում հայտնեց՝ ակնարկելով անգամ միջամտության մասին: Ադրբեջանի գործողությունները պետք է նաև այս դիտանկյունից նայել, որ Թուրքիան և Ադրբեջանը կարող են այստեղի քաղաքական պրոցեսների վրա ազդելու համար տարբեր լոկալ գործողությունների դիմել սահմանին: Այսինքն, նրանց ձեռք է տալիս, որ ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանը մնա, և դրա համար ինչ-որ ուղղությամբ կարող են անգամ լոկալ, բայց մեծ բախման գնալ»,- մանրամասնեց փորձագետը՝ հավելելով, որ Ադրբեջանի ձեռքը ՀՀ քաղաքական պրոցեսների զարկերակի վրա է:
«Արայիկ Հարությունյանի հրաժարականը, ՀՀ իշխանությունների թեզերը, որ ղարաբաղյան կլանը հետ է գալիս, թուրք-ադրբեջանական տանդեմը դրանով խիստ անհանգիստ է: Գուցե Ադրբեջանը փորձի աշխարհաքաղաքական քարտերը խառնել, կամ մի քիչ նյարդայնացնի մեծ խաղացողներին, իրեն պահի անդաստիարակ երեխայի պես՝ ինչ-որ որոշումներ կորզելու համար, բայց այն, որ ադրբեջանական գործողությունները նաև նպատակ ունեն ազդել ՀՀ ներքաղաքական պրոցեսների վրա, դա ևս կա»,- հավելեց Շիրազ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ-ի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջից մեկ օր հետո՝ 2021-ի փետրվարի 26-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ Հայաստանում կառավարության փոփոխմամբ պետք է զբաղվի ժողովուրդը, այլ ոչ՝ բանակը։
«Մենք դեմ ենք ցանկացած հեղաշրջման։ Երբ բանակը խառնվում է քաղաքականությանը, դա անընդունելի է։ Եթե պետք է փոխել կառավարությանը, ապա դա պետք է անի հայ ժողովուրդը, այդ գործը պետք է թողնել նրան։ Հայ ժողովուրդը հոգնել է այս իշխանությունից»,- ասել էր Էրդողանը։
168.am-ն անդրադարձել է հարցին, թե ինչու ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հեռացավ, և ոչ թե՝ Նիկոլ Փաշինյանը, ինչ արտաքին գործոններ նաև ազդեցին դրա վրա:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը 2021 թվականին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր.
«Օնիկ Գասպարյանին թուրքերը չթողեցին, որ իշխանությունը վերցնի: Թուրքերն ասել են՝ կներխուժենք, եթե այդտեղ լինի զինված հեղաշրջում, Նիկոլը մեր տղեն է: Մեզ հայտնեցին այդ մասին: Թե չէ Օնիկը ձերբակալելու էր: Ես այդպես եմ կարծում»:
Եթե Հրանտ Բագրատյանի առաջ քաշած վարկածը ճիշտ է, ուրեմն՝ Օնիկ Գասպարյանը փորձել է խուսափել առավել մեծ աղետից: