Հայաստանը վատագույնն է

Տնտեսական աճերի մասին խոսելիս՝ Հայաստանի իշխանությունները տարածաշրջանով չեն բավարարվում, «համաշխարհային մակարդակի» աճերից ու «վագրային թռիչքներից» են խոսում։ Բայց մինչ տնտեսությունը «համաշխարհային մակարդակի» աճերի ու «վագրային թռիչքների» մեջ է, պարզվում է՝ տնտեսության ամենաառանցքային ոլորտը, ի դեմս արդյունաբերության, խղճուկ վիճակում է։

Ոչ միայն տնտեսության «համաշխարհային աճերի» մեջ չի տեղավորվում, այլև վատագույնն է նաև ԵԱՏՄ շրջանակներում։ Զիջում է անգամ Ռուսաստանին։ Այն Ռուսաստանին, որի տնտեսությունը համատարած պատժամիջոցների տակ է։

Համատարած պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի արդյունաբերության աճն անհամեմատ ավելի բարձր է, քան «վագրային թռիչքով» առաջացող մեր տնտեսության արդյունաբերության հատվածինը։

Տարվա առաջին կեսի արդյունաբերության աճը կազմել է ընդամենը 1 տոկոս։

Կարդացեք նաև

Սա վատագույն ցուցանիշներից մեկն է Եվրասիական տնտեսական տարածքի երկրներում։

Այդ ցուցանիշով Հայաստանն առաջ է միայն Ղրղըզստանից, մյուս բոլորին զիջում է։

Համատարած պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանում արդյունաբերությունն այս տարվա առաջին կեսին աճել է 2,6 տոկոսով։ Աճի տեմպը 2,6 անգամ ավելի բարձր է եղել, քան պատժամիջոցներից դուրս գտնվող Հայաստանում։

Եվ սա այն պարագայում, երբ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետևանքով Հայաստանի տնտեսության զարգացումների համար շատ մեծ հնարավորություններ են բացվել։ Բայց ահա թե ինչպես են իշխանություններն օգտագործել այդ հնարավորությունները՝ արդյունաբերությունը զարգացնելու և ապագա տնտեսական աճի կայուն հիմքեր ստեղծելու համար։

Արձանագրված 1 տոկոս աճի տեմպը շատ ավելի ցածր է նույնիսկ բնականոն աճից, որն ունեինք մինչև ռուս-ուկրաինական հակամարտությունը։

ԵԱՏՄ-ում ամենաբարձր տնտեսական աճն ապահովված Հայաստանում, արդյունաբերության աճի տեմպը 3,8 անգամ ավելի ցածր է, քան Ղազախստանում, որտեղ տնտեսական աճը տարվա առաջին կեսին կազմել է 4,5 տոկոս, 6 անգամ ավելի ցածր, քան Բելառուսում։ Բելառուսում էլ տնտեսական աճը կազմել է հազիվ 2 տոկոս, իսկ արդյունաբերության աճը՝ 6 տոկոս։

Ոչ վաղ անցյալում հպարտանում էին մշակող արդյունաբերության աճերով, բայց նույնիսկ մշակող արդյունաբերության աճի տեմպով է Հայաստանի դիրքերը վատագույններից մեկը ԵԱՏՄ-ում։

Հայաստանում այն կազմել է ընդամենը 4,3 տոկոս, երբ ԵԱՏՄ երկրների միջինը 6,1 տոկոս է՝ 1,8 տոկոսով ավելի բարձր, քան Հայաստանի ցուցանիշն է։

Հայաստանում մշակող արդյունաբերության աճը կազմել է 4,3 տոկոս, իսկ պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանում՝ 6,2 տոկոս։ Բելառուսում նույնիսկ ավելի բարձր է՝ 7,4 տոկոս։

Թվում է, թե Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների պայմաններում հայկական վերամշակող արդյունաբերության համար, որի իրացման շուկան միշտ էլ եղել է ռուսականը, նոր հնարավորություններ պիտի բացվեին։ Բայց դրանից մեր տնտեսությունն ամենևին էլ չի կարողացել օգտվել։ Միայն արտաքուստ են Ռուսաստան արտահանման ծավալները Հայաստանից անգամներով ավելացել։ Դրանց տակ աճել են գերազանցապես վերարտահանումները։ Այնինչ ներքին տնտեսությունն ու հատկապես վերամշակող արդյունաբերությունը գրեթե չի կարողացել օգտվել այդ հնարավորությունից։

Պատճառները շատ են, բայց իշխանությունը նրա համար է, որ փորձի վերացնել խոչընդոտները։ Այնինչ՝ վերացնելու փոխարեն, նոր խոչընդոտներ են ստեղծել։

Ամենամեծ խոչընդոտը, թերևս, եղել է ազգային արժույթի արժևորումը՝ ինչպես դոլարի, այնպես էլ՝ ռուսական ռուբլու նկատմամբ, ինչի հետևանքով Հայաստանի տնտեսությունը կորցրել է մրցունակությունը ռուսական շուկայում։ Զարմանալի չէ, որ արդյունքներն էլ այսպիսին պիտի լինեն։

Արդյունաբերության ու մշակող արդյունաբերության ցուցանիշներն են, որոնք բնութագրում են տնտեսության իրական վիճակը։ Եվ ոչ թե այն «համաշխարհային աճերը», որոնք կապ չունեն իրական տնտեսության ու տնտեսական զարգացումների հետ։

Հայաստանի տնտեսության իրական հատվածը և ոչ միայն՝ իրական հատվածը, ծանր վիճակում է։ Դա գնալով ավելի տեսանելի կդառնա։ Այդ է պատճառը, որ տարեսկզբի անգամ երկնիշ տնտեսական աճի պարագայում միջազգային կազմակերպությունները չափավոր աճի ակնկալիքներ ունեն տարեվերջի Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ։

Անգամ ամենալավատեսական կանխատեսումներով, որը ներկայացրել է Եվրասիական զարգացման բանկը, Հայաստանի տարեկան տնտեսական աճը գնահատվել է 7,5 տոկոս։ Դա էլ հնարավոր կլինի ապահովել հիմնականում տարվա առաջին կեսին արձանագրված ցուցանիշների հաշվին։ Հայտնի է, որ դրանց վրա մեծ է հատկապես նախորդ տարվա սկզբի ցածր բազայի ազդեցությունը։ Այն բազայի, որն ունեինք մինչև ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Դրանով են պայմանավորված հիմնականում տարեսկզբի առաջին ամիսների տնտեսական աճի բարձր ցուցանիշները։ Բայց դրանք արդեն սկսել են տեղի տալ։

Ինչպես տարբեր ֆինանսական կառույցների, այնպես էլ Եվրասիական զարգացման բանկի մասնագետները համարում են, որ տարվա երկրորդ կեսին Հայաստանի տնտեսության աճը շատ ավելի համեստ կլինի, ու դրա հանրագումարում՝ տարեկան տնտեսական աճը կնվազի մինչև 7,5 տոկոս։

Հայաստանի տնտեսության աճի վերաբերյալ այլ կառույցների, այդ թվում՝ Համաշխարհային բանկի և Արժութային հիմնադրամի գնահատականներն ավելի ցածր են՝ հիմնականում 4,5-5,5 տոկոսի սահմաններում, այն էլ՝ այս տարվա առաջին կիսամյակի երկնիշ աճերից հետո։

Պատճառը տարվա երկրորդ կեսին սպասվող տնտեսության աճի «սառեցումն» է։

Արտաքին գործոնների ազդեցությունները Հայաստանի տնտեսության աճերի վրա գնալով թուլանում են։ Թուլանում են ոչ թե այն պատճառով, որ դրանք այլևս չկան, այլ այն պատճառով, որ ազդեցություններն այլևս անպիսին չեն, որպեսզի նախորդ շրջանի ցածր բազայի վրա բարձր աճեր գրանցվեն, ինչպես անցած տարի ու այս տարվա առաջին կեսին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս