Թուրքերին լավ սովորեցնում են՝ սկզբում պետք է սփյուռքին տապալել, որ Հայաստանի հարցը հեշտությամբ լուծվի. Յունոնա Հակոբջանյան

Հայաստանում մարդիկ մի քիչ ավելի հուսահատ ու անտարբեր են դարձել։ Սակայն դրան զուգահեռ՝ մարդիկ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում իրենց շուրջ։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Լոս Անջելեսում բնակվող բժիշկ, հասարակական գործիչ Յունոնա Հակոբջանյանը՝ խոսելով այս անգամ Հայաստան կատարած այցից ստացած տպավորությունների մասին։

Նրա խոսքով՝ մի քանի տարի առաջ, երբ ԱՄՆ-ից գալիս էր Հայաստան ու որևէ տեղ գնալիս տաքսի էր նստում, հաճախ էր վիճում վարորդների հետ, քանի որ փորձում էր իրականությունը ցույց տալ, սակայն այսօր դրա կարիքը չկա՝ մարդիկ լավ էլ տեսնում և գիտակցում են, թե ինչ է կատարվում, որն է իրականությունը։

«Աշխարհի հետ համեմատած, Հայաստանում շատ լավ են գիտակցել, թե ինչ է կատարվում, գուցե սա այն պատճառով է, որ մենք շատ ավելի շատ բաներ ենք տարել որպես ժողովուրդ՝ երկրաշարժը, դրանից առաջ՝ Հայոց ցեղասպանությունը»,- հավելեց Յունոնա Հակոբջանյանը։

Խոսելով Արցախում ստեղված իրավիճակից, շրջափակումից ու այդ պայմաններում ադրբեջանական կողմից իրականացվող հոգեբանական ճնշումներից, մեր զրուցակիցն ասաց, որ հոգեբանորեն Ադրբեջանը մշտապես ճնշել է արցախահայությանը։

Կարդացեք նաև

«Կարծում եմ՝ Արցախի ժողովուրդը դրան սովոր է։ Իմ հույսն այն է, որ Արցախի ժողովուրդը շատ պինդ է, միշտ եղել է ու կլինի, չեն ենթարկվի այդ հոգեբանական ճնշումներին։ Երբ դու մի ուղղությամբ ես մտածում, մնացած ելքերն Աստված ցույց է տալիս ամեն մարդու համար։

Ես 90-ականների բլոկադայի ժամանակ Հայաստանում ապրել եմ, մենք այդ ամենը տարել ենք, գիտենք այդ տարիները։ Չպետք է սպասենք, որ այդ օրերը գան, նոր իրար օգնենք, պետք է այս պահից օգնենք»,- շեշտեց նա։

Այս համատեքստում էլ մեր զրուցակիցը Հայաստանից դուրս ապրող հայությանը կոչ արեց՝ եթե որևէ գործ են հիմնում, այն ստեղծեն Հայաստանում, որպեսզի մարդիկ այստեղ աշխատանք ունենա։ Իսկ դիտարկմանը, թե սփյուռքահայերից շատ-շատերին ՀՀ իշխանությունն արգելում է մուտք գործել Հայաստան, այդ դեպքում ի՞նչ գործ հիմնեն Հայաստանում, Յունոնա Հակոբջանյանը հակադարձեց.

«Բոլորին չեն արգելում, ովքեր կարողանում են գալ, նրանք կարող են անել։ Ճիշտ է, փաստորեն ամենահայրենասերներին ու իշխանությանն ամենաակտիվ քննադատողներին են արգելում, բայց բոլորին չեն կարողանալու արգելել։ Իրենք փոքր են, որ կարողանան ամբողջ աշխարհի հայությանը, սփյուռքին արգելել, դա հնարավոր բան չէ։

Հիմա օրինակ եմ ասում, թեպետ դրա համար պոտենցիալ կա, խոսակցություն կա, եթե ՀՀ ղեկավարությունը ստորագրեց, որ Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված որևէ պարտք ու պահանջ չունի Թուրքիայից, այդ ղեկավարությունը ներկայացնում է Հայաստանը, ոչ թե Արևմտյան Հայաստանն ու սփյուռքը, որտեղից հայությանը 1915 թվականին իրենց բնակավայրերից հանել են։ Պարզ է, որ սփյուռքը նորից իրավունք ունենալու է պահանջել Ցեղասպանության ընդունում, այդ փաստաթուղթը որևէ բան չի նշանակելու։

Այդ ժողովուրդը, որը մեր թշնամին է, նրանց սովորեցնող էլի ժողովուրդ կա, որը մեր ամենամեծ թշնամին է, թուրքերին շատ լավ սովորեցնում են, որ սկզբում պետք է սփյուռքին տապալել, որ Հայաստանի հարցը հեշտությամբ լուծվի։ Հիմա իրենք դրանով են զբաղված, զգույշ է պետք լինել»,- ընդգծեց նա։

Յունոնա Հակոբջանյանը խոսեց նաև Լոս Անջելեսում հայության կողմից իրականացվող բողոքի ակցիաների մասին, նշելով, որ այսօր նրանք ոչ թե պետք է Ադամի Շիֆից պահանջեն այցելել Բերձորի միջանցք, այլ հստակ դնեն Արցախի անկախությունը ճանաչելու հարցը։

«Նույնիսկ, եթե Ադամ Շիֆը համաձայնի գնալ Արցախ, Ադրբեջանն իրեն պետք է ասի՝ տեսեք՝ Աղդամով ճանապարհը բացում ենք, բայց մենք գիտենք, որ Արցախի համար դա մահ է։ Ճանապարհները փակելով՝ պետք է ճիշտ բան պահանջել՝ ճանաչել Արցախի անկախությունը»,- շեշտեց ամերիկաբնակ բժիշկ Յունոնա Հակոբջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս