ԱԳՆ-ի պնդումը կատարյալ անհեթեթություն է, կանխամտածված սուտ կամ տգիտություն. Վարդան Պողոսյան
Օգոստոսի 16-ին Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի առնչությամբ հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ընթացքում տարբեր երկրներ արտահայտեցին իրենց դիրքորոշումները, բայց դա որևէ փաստաթղթով չարձանագրվեց։ Ինչո՞ւ որևէ որոշում չընդունվեց։ Հայաստանը չէ՞ր ներկայացրել նման փաստաթուղթ։ Այս հարցերի պատասխանն այսօր փորձել էր տալ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Նրա խոսքով՝ ընթացակարգային առումով ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ձևաչափը քննարկում է, այն չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի (բանաձևի կամ հայտարարության) ընդունում։
«Բացի այդ, ՄԱԿ ԱԽ բանաձևերի նախագծեր ներկայացնելու և քվեարկության դնելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք ունեն ՄԱԿ ԱԽ 15 (մշտական և ոչ մշտական) անդամները. Հայաստանը, չլինելով ՄԱԿ ԱԽ անդամ, նման իրավասություն չունի։ ՄԱԿ ԱԽ ձևաչափով քննարկումը տալիս է միջազգային հանրության ուշադրությունն իրավիճակի հնարավոր աղետալի հետևանքների շուրջ կենտրոնացնելու, դրա հասցեագրման ուղղությամբ Խորհրդի ջանքերն ակտիվացնելու և դրանց հնարավոր համադրման, հետագա քայլերը նախանշելու կարևոր հարթակ, հնարավորություն»,- ըստ էության ոչ սպառիչ, լղոզված պատասխան էր տվել ԱԳՆ խոսնակը, որի նպատակն ակնհայտ է. իշխանությունները փորձում են հասարակության մոտ տպավորություն ստեղծել, որ արել են հնարավոր ամեն ինչ, բայց ՄԱԿ-ի կանոնադրությունը բանաձևի նախագծի հնարավորություն իրենց չի տվել:
Փաստորեն, ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որ Հայաստանն իբրև թե իրավուք չուներ ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի նախագիծ:
168.am-ի հետ զրույցում քաղաքագետ, սահմանադրագետ, միջազգային իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը հարցի առնչությամբ ասաց՝ նման պնդումը կարող է միայն երկու բան նշանակել:
«Առաջինը՝ արտգործնախարարությունը բացարձակապես անպիտան է և ոչ կոմպետենտ, կամ երկրորդը, որ իրենք, իմանալով հանդերձ, թե ինչի իրավունք ուներ Հայաստանի Հանրապետությունը, կանխամտածված կերպով մոլորության մեջ են գցում մեր հասարակությանը՝ դրանով փորձելով քողարկել այն կատարյալ ձախողումը, որ իրենք ունեն մեր արտաքին քաղաքականության բնագավառում»,- ասաց Վարդան Պողոսյանը:
Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի ժամանակավոր կանոնակարգը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ չհանդիսացող պետությունների կողմից բանաձևեր ներկայացնելու մեխանիզմները բավականին հստակ կանոնակարգել է: Նա նաև նշեց, որ «ժամանակավոր կանոնակարգ» ասվածը ժամանակավոր է միայն իր ձևակերպմամբ, որովհետև այն արդեն տասնամյակներ շարունակ հանդես է գալիս որպես ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական կանոնակարգ:
«Այդ կանոնակարգի 37-րդ հոդվածի համաձայն՝ բոլոր այն պետությունները, որոնք հրավիրվում են ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստին, լինի դա ՄԱԿ կանոնադրության այլ հոդվածներով, թե 35-րդ հոդվածով, ունենում են որոշակի իրավունքներ: ՄԱԿ-ի Կանոնադրության 35-րդ հոդվածը մեր պարագայում կարևոր է, որովհետև այդ հոդվածի 1-ին մասի վրա հենվելով է ՀՀ-ն խնդրել հրավիրել ՄԱԿ-ի ԱԽ-ի նշյալ նիստը»,- ասաց Վարդան Պողոսյանը:
Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով՝ Ժամանակավոր կանոնակարգի 38-րդ հոդվածը հստակ ասում է՝ բոլոր այն պետությունները, որոնք հրավիրվել և մասնակցում են ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստին, իրավունք ունեն ՄԱԿ-ի ԱԽ-ին ներկայացնել առաջարկություններ և բանաձևեր:
«Այսինքն՝ մեր արտգործնախարարության պնդումը, որ մենք նման իրավունք չունեինք, կատարյալ անհեթեթություն է, կանխամտածված սուտ կամ տգիտություն: Ես կարծում եմ՝ այդ հայտարարությամբ ՀՀ ԱԳՆ-ն պարզապես չքմեղանալու փորձ է անում և Հայաստանի հանրությանը ցույց տալիս, թե իբր իրենք արել են առավելագույնը, որպեսզի պաշտպանեն արցախահայության շահերը: Դա բոլորովին այդպես չէ, և Հայաստանն ուներ բազմաթիվ հնարավորություններ՝ օգտվելու ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստից, մանավանդ այն պարագայում, որ Հայաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչները, կառավարությունը պնդում էին, որ լայնածավալ աշխատանք են տանում այդ ուղղությամբ»,- ասաց Վարդան Պողոսյանը:
Ըստ նրա՝ ՀՀ ԱԳՆ-ն ու կառավարությունը կարող էին մասնավորապես ոչ ֆորմալ ձևով բանաձևի վերաբերյալ իրենց պատկերացումները ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ այն պետություններին, որոնց հետ մենք ունենք նորմալ հարաբերություններ, և որոնք սկզբունքորեն նորմալ են տրամադրված Լաչինի միջանցքի բացման հարցի վերաբերյալ, եթե անգամ մի պահ ընդունենք, որ ԱԳՆ-ում չգիտեին բանաձևի նախագիծ ներկայացնելու մեր հնարավորության մասին:
«Այսինքն՝ մեր դիվանագիտությունը տվյալ դեպքում այդ ուղղությամբ որևէ աշխատանք չի արել, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հնչած ու Ադրբեջանի Հանրապետությանն ուղղված կոչերն ու կարծիքները նորից մնալու են դատարկ կոչեր, որովհետև Ադրբեջանի համար որևէ իրավական հետևանք չեն առաջացնելու: Իրավական հետևանք կարող էր առաջացնել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը, որն Ադրբեջանի առջև պարտադիր պահանջ կդներ՝ անհապաղ բացելու Լաչինի միջանցքը»,- եզրափակեց Վարդան Պողոսյանը: