ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի թեմայով ՄԱԿ-ի ԱԽ նիստից հետո Հայաստանը շարունակում է ակտիվ աշխատանքը տարբեր հարթակներում
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ընդգծում է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ ԱԽ՝ տարածաշրջանում իրական, երկարատև կայունության հարցում շահագրգռված անդամները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն, համադրեն ջանքերը՝ Լաչինի միջանցքի վերաբացման կարևորության հարցում ձևավորված ընկալումը, առկա մեխանիզմների արդյունավետ կիրառմամբ, խնդրի անմիջական կարգավորմանն ուղղորդելու նպատակով։ Այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստում Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի թեմայով քննարկումների և նիստին հաջորդող հնարավոր զարգացումների վերաբերյալ ։
Հարց. Օգոստոսի 16-ին կայացավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական իրավիճակի առնչությամբ: Երկրներն արտահայտեցին իրենց դիրքորոշումները, բայց դա որևէ փաստաթղթով չարձանագրվեց։ Ինչու՞ որևէ որոշում չընդունվեց։ Հայաստանը չէ՞ր ներկայացրել նման փաստաթուղթ։
Պատասխան. Ինչպես արդեն նշել ենք, մենք բարձր ենք գնահատում ինչպես այս և ՄԱԿ ԱԽ նախորդ՝ դեկտեմբերին կայացած նիստի ժամանակ, այնպես էլ մինչ օրս միջազգային այլ հարթակներում մեր գործընկերների, միջազգային կառույցների կողմից հնչեցված սկզբունքային դիրքորոշումները, որոնք համահունչ են միջազգային անվտանգության ու խաղաղության պահպանման հարցում ՄԱԿ ԱԽ առաջնային մանդատին, մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր արժեքներին և, որ գուցե ամենահրատապն է այս պահին, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և ԼՂ-ում նոր մարդասիրական աղետի կանխարգելման գիտակցմանը:
Ընթացակարգային առումով ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ձևաչափը քննարկում է, այն չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի (բանաձևի կամ հայտարարության) ընդունում։ Բացի այդ, ՄԱԿ ԱԽ բանաձևերի նախագծեր ներկայացնելու և քվեարկության դնելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք ունեն ՄԱԿ ԱԽ 15 (մշտական և ոչ մշտական) անդամները. Հայաստանը, չլինելով ՄԱԿ ԱԽ անդամ, նման իրավասություն չունի։
ՄԱԿ ԱԽ ձևաչափով քննարկումը տալիս է միջազգային հանրության ուշադրությունն իրավիճակի հնարավոր աղետալի հետևանքների շուրջ կենտրոնացնելու, դրա հասցեագրման ուղղությամբ Խորհրդի ջանքերն ակտիվացնելու և դրանց հնարավոր համադրման, հետագա քայլերը նախանշելու կարևոր հարթակ, հնարավորություն:
Հարց. Այդքանով գործընթացն ավարտվե՞ց։
Պատասխան. Բոլորովին ոչ, սա շարունակական գործընթաց է։ ՀՀ ԱԳ նախարարությունը շարունակում է ակտիվ աշխատանքները ՄԱԿ և այլ հարթակներում։ Այսօր միջազգային հանրությունը, ՄԱԿ ԱԽ՝ տարածաշրջանում իրական, երկարատև կայունության հարցում շահագրգռված անդամները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն, համադրեն ջանքերը՝ Լաչինի միջանցքի վերաբացման կարևորության հարցում ձևավորված ընկալումը, առկա մեխանիզմների արդյունավետ կիրառմամբ, խնդրի անմիջական կարգավորմանն ուղղորդելու նպատակով։
Հարց. Իսկ ինչու՞ էր օգոստոսի 16-ի հրատապ հանդիպումը գումարվել ՄԱԿ «ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի սեպտեմբերի 13-ի նամակն՝ ուղղված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին» խորագրի ներքո։ Ինչու՞ նոր նամակ կամ դիմում չէր հղվել։
Պատասխան. 2022թ. սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո հետևանքով Հայաստանի կողմից ՄԱԿ ԱԽ ներկայացված դիմումից ի վեր ձևավորվել է ՄԱԿ ԱԽ համապատասխան օրակարգային կետ՝ Ձեր կողմից նշված խորագրով։ Սա ընդունված երևույթ է ՄԱԿ ԱԽ֊ում և ունի շատ պարզ տեխնիկական հիմնավորում՝ ԱԽ օրակարգը չծանրաբեռնել միևնույն կամ շատ մոտ հարցերի տարբեր ձևակերպումներով։
Ընդգծենք, որ սեպտեմբերի 13-ի նամակով ՄԱԿ ԱԽ ուշադրությանն է ներկայացվել ՀՀ ԱԳ նախարարի նամակն Ադրբեջանի զինված հարձակման, ինչպես Հայաստանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունների վերաբերյալ, որոնք սպառնալիք են հանդիսանում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։
Ավելի ուշ՝ 2022թ. դեկտեմբերից արդեն Լաչինի միջանցքի արգելափակման խնդրի և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի առնչությամբ հրավիրված երկու քննարկումներն էլ անցկացվել են այդ նամակին հղումով և օրակարգի կետի ներքո։
Հարկ է նշել, որ և՛ նախորդ տարվա դեկտեմբերի, և՛ ս.թ. օգոստոսի հանդիպումներին ընդառաջ Հայաստանը ՄԱԿ ԱԽ անդամների ուշադրությանն է ներկայացրել հատուկ դիմում-նամակներ՝ Լաչինի միջանցքի խնդրի քննարկման նպատակով։ Բացի այդ, Լաչինի միջանցքի շրջափակման և ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ մի քանի տասնյակ նամակներ են շրջանառվել ինչպես ՄԱԿ Անվտանգության խորհրդում, այնպես էլ Գլխավոր ասամբլեայում, և այլ միջազգային հարթակներում։