Իրանի ԱԳՆ-ն մեսիջ է ստացել. Հայաստանի ԱԳՆ-ից խնդրել են չխոչընդոտել «Խաղաղության պայմանագրի» ստորագրմանը. Սերգեյ Մելքոնյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայկական նախագծի» համահիմնադիր, APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Աշխարհում 99%-ը չգիտի՝ ինչ է Արցախը, Լաչինի միջանցքը, ինչո՞ւ է այն փակ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստը զուտ տեղեկատվական առումով էր նշանակալից։ Այլ ուղղություններ ես չեմ նկատել։
  • ՄԱԿ-ի անդամ 80% երկրների հետ մեր ԱԳՆ-ն կապ չէր հաստատել։ Բրազիլիայի ներկայացուցչի հետ կապվել էին, բայց նա էլ առաջ էր մղում Ադրբեջանի օրակարգը։ Ստացվում է, որ հիմնական ինֆորմացիան ՄԱԿ անդամ երկրները ստացել են Թուրքիայից ու Ադրբեջանից։
  • ՄԱԿ ԱԽ նիստում նույնիսկ Հայաստանի օրակարգում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարց չկար։ Եթե մենք այդ հարցը չենք բարձրացնում, ապա ինչո՞ւ պիտի նեղանանք, որ ուրիշները դա չեն անում։
  • Ինչո՞ւ էր ԱՄՆ-ի նիստը նախագահող ներկայացուցիչը ՄԱԿ ԱԽ նիստին հրավիրել ԱԽ-ի անդամ չհանդիսացող Թուրքիային՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցը: Արդյո՞ք դա ադրբեջանական պահանջն էր:

(Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համար 37 կանոնի համաձայն, նիստին մասնակցեց նաև Թուրքիան, որն իր աջակցությունը հայտնեց Բաքվի դիրքորոշմանը: Այս կանոնը թույլ է տալիս Անվտանգության խորհրդի քննարկմանը հրավիրել խորհրդի անդամ չհանդիսացող պետությանն առանց քվեարկելու իրավունքի, եթե քննարկվող հարցում շոշափվում են տվյալ երկրի շահերը: Հայաստանի ու Բաքվի մասնակցությունը նիստին ևս ապահովված էր այդ կանոնի համաձայն: 

Կարդացեք նաև

Հարց է ծագում՝ ո՞վ էր այդ կանոնի համաձայն հրավիրել Թուրքիային, և ինչո՞ւ, օրինակ, չէր հրավիրվել Իրանը, որի շահերը ևս ուղղակիորեն շոշափվում էին քննարկվող հարցերում։  Առավել ևս, երբ ԱՄՆ-ը առաջարկում է Թուրքիայի միջնորդությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում, այն դեպքում, երբ Թուրքիան մասնակցել է Հայաստանի դեմ Արցախում ահաբեկչական պատերազմին, այսինքն՝ հակամարտության կողմ է, որը բացահայտ պաշտպանում է Բաքվի դիրքորոշումը):

  • Հայաստանը չէր կարող առարկել ՄԱԿ-ի նիստին Թուրքիայի մասնակցությանը։
  • ՄԱԿ ԱԽ նիստին ներկա երկրներից որևէ մեկը պատրաստ չէ Արցախ խաղաղապահներ ուղարկել, դրա համար էլ ռուս խաղաղապահները ՄԱԿ-ի նիստում չթիրախավորվեցին։ Ակնկալել, որ ԵՄ-ն կամ ԱՄՆ-ը պատրաստ են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի չափ գոնե, մոտ 2000 զինված մարդ ուղարկել Արցախ, անլուրջ է։
  • Բոլորի համար նախընտրելի կլիներ, որ հայ-ադրբեջանական կարգավորման գլխավոր պլատֆորմները լինեին Վաշինգտոնում և Բրյուսելում։ Այդ պատճառով էր, որ միայն Ռուսաստանն ու Չինաստանը կոչ արեցին հիմնվել Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի դրույթների վրա։
  • Հայաստանյան՝ արևմտամետ ներկայացող գործիչներից ոմանք հայտարարում են՝ եթե Հայաստանը ճանաչած լիներ Կոսովոյի անկախությունը, ապա Ալբանիան ՄԱԿ ԱԽ-ում մեր օգտին կխոսեր: Նման տեսակետներն ուղղակի ծիծաղելի են, որովհետև նման մտքեր արտահայտողները պետք է գոնե իմանան, որ Թուրքիայի և Ադրբեջանի նավթագազային ընկերություններն Ալբանիայում ունեն վերահսկող փաթեթ։ Դա էր Ալբանիայի ներկայացուցչի ելույթի մոտիվը՝ տնտեսական կոնկրետ շահերը քաղաքականության հետ այն կապ չունի։
  • Նույն՝ իշխանամերձ և արևմտամետ ներկայացող գործիչներից ոմանք հայտարարում են՝ Հայաստանը պետք է անհապաղ վավերացնի Հռոմի ստատուտը և այդ ժամանակ ՄԱԿ ԱԽ անդամ և ոչ անդամ շատ երկրների դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ կփոխվի:  Սա ևս ծիծաղելի միտք է, որովհետև Ադրբեջանը չի վավերացրել Հռոմի ստատուտը։ Հետևաբար՝ եթե անգամ մենք ստորագրենք այն, ու միջազգային դատարանն Ադրբեջանի դեմ որոշում ընդունի, միևնույն է, Ադրբեջանն այն չի կատարելու։
  • 2020թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ Ուկրաինան այն երկրների թվում էր, որը նոն-ստոպ ռեժիմով, այդ թվում՝ նաև արգելված զենք էր մատակարարում Ադրբեջանին։ Ուկրաինայից մենք որևէ տեսակի հումանիտար օգնություն չենք ստացել։ Հետևաբար՝ հիմա աջակցել Ուկրաինային՝ ինձ համար՝ որպես հայի, բացարձակապես անընդունելի է։
  • Այն զենքը, որը մենք ստանում ենք Հնդկաստանից, ոչ անվճար է, ոչ զեղչված գներով։ Ի՞նչ օգնության մասին է խոսքը։ Անվճար և զեղչված գներով զենք մենք ժամանակին ստանում էինք Ռուսաստանից։
  • Ֆրանսիան շատ ուղիղ պատրաստ է գործել Թուրքիայի դեմ։ Իսկ ընդհանուր հավաքական Արևմուտքի համար տարածաշրջանում գլխավոր գործոնը Թուրքիան է։ Դա Ֆրանսիայի շահերից չի բխում։ Հայաստանը կարող է համագործակցել Ֆրանսիայի օրակարգի հետ։

  • Ռուս-ուկրաինական պատերազմում ամենաշատը տուժեց Եվրոպան, որովհետև փախստականների, զենքի ու տնտեսության հետ կապված հարցերն իրենք են լուծում։
  • Անհնար է ՄԱԿ-ում ստանալ Հայաստանի ու Արցախի շահերի համար բարենպաստ նախագիծ։ Կան երկրներ, որոնք անմիջապես կբլոկեն դա։
  • Որևէ հայտարարություն իրավական հիմք չունի, քանի դեռ չի փոխվել ՀՀ Սահմանադրությունը։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին առոչինչ է․ չպետք է թույլ տալ ստորագրել որևէ փաստաթուղթ։
  • Փաստացի մենք հիմա գտնվում ենք էնդշպիլում։ Ադրբեջանն ուզում է շատ արագ ստորագրել «Խաղաղության պայմանագիր» կոչվածը, որը նրան թույլ կտա հանել ռուս խաղաղապահներին, ստանալ Զանգեզուրի միջանցքը։ Իրանը դեմ է այդ օրակարգին։ Պատահական չէ, որ օրեր առաջ Իրանը հայտարարեց՝ եթե Հայաստանը չի կարող սեփական ուժերով պահել միջանցքը, իրենք դա կանեն իրենց ուժերով։ Ցավոք սրտի, հիմա Իրանն է Սյունիքի անվտանգության ապահովման երաշխավորը։
  • Եթե ստորագրվի, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագիրը», Ադրբեջանը նոր նախապահանջներ կներկայացնի՝ Մեծամորի ատոմակայանի փակում, խնդիր կոմունիկացիաների ու ճանապարհների հետ։
  • Այն, ինչ կատարվում է այսօր Կապանի օդանավակայանի հետ, 2020 թվականին Նիկոլ Փաշինյանի կողմից ընդունված միակողմանի որոշման հետևանքն է, երբ Ադրբեջանին հանձնվեց Գորիս-Կապան ճանապարհի առանցքային 21 կիլոմետրանոց հատվածը։ Այլընտրանքային ճանապարհ չկա։ Դա միակ ճանապարհն է ու շատ վատ որակի։
  • Տրամաբանությունը հետևյալն է․ Հայաստանի իշխանությունն ինչ-որ բան խոստանում է, չի կատարում, Ադրբեջանն ուժով պահանջում է կատարել խոստումը։ Հայաստանը խոստացել էր նաև կոմունիկացիաները շրջափակել, այսպես կոչված, անկլավները հանձնել Ադրբեջանին։
  • Հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության 97%-ը պատրաստ չէ Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում։
  • Իրանցի մեր գործընկեր-փորձագետներն ասում են՝ Հայաստանի ԱԳՆ-ից Իրանի ԱԳՆ-ն մեսիջ է ստացել, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել «Խաղաղության պայմանագիրը», և Իրանին խնդրում են չխոչընդոտել դրան, օրինակ, Սյունիքի հետ սահմանին զորավարժություններ չանցկացնել։
  • Եթե մենք հետևենք Իրանի պետական մամուլի մեսիջներին, կտեսնենք՝ Իրանի համար Զանգեզուրի միջանցքի հարցը փակ է բոլոր մակարդակներում։
  • Եթե մենք չենք ապահովում մեր երկրի սահմանների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը ու զբաղված ենք աութսորսինգով, նշանակում է, որ պետությունը պրծած է, գործ ունենք ձախողված պետության հետ։
  • Ռուսաստանում կան այս տարածաշրջանից դուրս գալու քննարկումներ, և դրանք հրահրվում են թուրքամետ փորձագետների կողմից։ Բայց եթե Ռուսաստանում նույնիսկ լինի ռեսուրսների խնդիր, վերջին բանը, որ կքննարկվի, Հայաստանից դուրս գալը կլինի։
  • Ռուսաստանին այսօր, մեծ հաշվով, միջազգային խաղաղապահի մանդատը ոչինչ չի տալու։ Դա ոչինչ չի փոխելու։ Դրա համար ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու հարցը նույնիսկ չբարձրացվեց ՄԱԿ ԱԽ-ում: Բացի դրանից, Արևմուտքում ընդունված է, որ ագրեսորը չի կարող լինել միջազգային խաղաղապահ, իսկ Ռուսաստանն Արևմուտքի համար ագրեսոր է։
  • Իրանի դերը Մերձավոր Արևելքում աճում է՝ շնորհիվ հենց իրեն՝ Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի։ Իրանը նաև հաշտության և լուրջ համագործակցության գնաց Սաուդյան Արաբիայի հետ։ Իրանի դեմ դաշինքները, այդ թվում՝ իսրայելական, փլուզման են գնում։ Դա մեզ համար գոյաբանական կարևորություն ունի:
  • Այո՛, Հայաստանը արտաքին քաղաքական կուրսի մեջ «ռազվառոտ» է անում, «շտոռմի» պայմաններում, ու այո՛, մենք կարող ենք կործանվել այս պայմաններում։ Վատ բան եմ ասում, բայց Հայաստանը կդառնա երկրորդ Սիրիա, որտեղ ոչ թե Սիրիան է որոշում իր խնդիրների լուծման եղանակները, այլ մեծ պետությունները։
  • Արևմուտքը հիմա վերանայում է իր մոտեցումներն Ուկրաինայի հարցում, որովհետև ինչքա՞ն կարելի է ներդրում կատարել ու արդյունք չտեսնել։ Արևմուտքը ներդրում էր արել Ուկրաինայում՝ Ռուսաստանի դեմ պայքարելու համար, բայց արդեն աշունն է մոտենում, իսկ լուրջ արդյունքներ Ուկրաինան չի գրանցել այդ հարցում։ Եվ եթե նախկինում, օրինակ, ԱՄՆ-ը Ուկրաինային արգելում էր որևէ բանակցություն, հիմա մոտեցումն այլ է։
  • Եթե Հայաստանում ունենանք նոր իշխանություն, այն ազատ կլինի Նիկոլ Փաշինյանի կողմից տրված որևէ հակահայկական խոստում կատարելուց, բացի նրանից, ինչն արդեն ստորագրված է։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս