Ասում են, որ կարող է բեմերից ինչ-որ բան խոսեմ՝ բոլոր համերգներս հանել են. Անդրանիկ սարկավագ Մանուկյան

168.am հետ զրույցում «Սասուն» ազգային երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանն ասաց, որ իշխանություններին քննադատելուց հետո, իր 5-6 համերգները չեղարկվել են։

«Համերգ էի դրել Ջերմուկում՝ ծիրանի փառատոնի ժամանակ, այսինքն՝ ես էլ համար ունեի ու պետք է ելույթ ունենայի, սակայն փառատոնից մեկ շաբաթ առաջ զանգահարեցին ու ասացին, որ իմ համարը հանում են։ Բայց մինչ այդ  կազմակերպիչները զանգել ու խնդրել էին, որ ես էլ ելույթ ունենամ։

Հետո ինձ ասացին, որ համարս հանել են, հարցրեցի՝ ո՞վ, իրենք այդպես էլ չպատասխանեցին։ Ինձ ասում են, թե ձեր անվտանգությունը չենք կարող ապահովել, այ քեզ բան, ասում են, որ կարող է բեմերից ինչ-որ բան խոսեմ։ Ստացվում է, որ ես այդքան զորեղ մարդ եմ դարձել և եթե բեմերից էլ խոսում եմ, ուրեմն՝ դուք եք թույլ տալիս, որ ես խոսում եմ։

Աշտարակում, Իջևանում էլ կար համերգ, կրկին հանեցին։ Ես ի՞նչ եմ ասում իշխանություններին, ասում եմ՝ օրենքո՞վ եք առաջնորդվում, ուրեմն՝ ես այդ օրենքի մեջ եմ»,- նշեց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ իշխանություններից իր միակ պահանջն այն է եղել, որ փրկեն իր տունը՝ մշակութային օջախը, այդ պահանջից հետո էլ փորձում են իր խոսքը ցանկացած տեղում արգելել։

«Կնոջս էլ ոստիկանական համակարգում այն աստիճանի հասցրեցին, որ ասացի՝ գնա դիմում գրի ու դուրս արի, նրան ստիպում էին, որպեսզի դուրս գա, գնա բռնի միտինգավորներին, ես էլ ստիպված ասացի՝ գնա դիմում գրի, դուրս արի։

Ես երգեր ունեի, որ պետք է հնչեին Հանրային հեռուստաընկերության եթերում, չեն հնչում։

Խաբեություն է, ես բան չեմ հասկանում՝ ինչ է կատարվում»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Անդրանիկ սարկավագ Մանուկյանի տունն էլ քանդվում է, պատճառը  տան հարակից հատվածում իրականացվող շինարարությունն է:  Խնդրի մասին բոլորն էլ տեղյակ են՝ սկսած Նիկոլ Փաշինյանից, ասաց մեր զրուցակիցը, սակայն սայլը տեղից չի շարժվում։

«Նյութապաշտությունն է բոլորին կերել, սպասելիքներ չունեմ, որովհետև սրանք ցանկանում են բոլոր արժեքները վերացնել»,- եզրափակեց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։

Տեսանյութեր

Լրահոս