«Աննա Հակոբյանի արձագանքը մեկն է եղել. «Գամ էլ, չգամ էլ՝ որևէ բան չի փոխվելու»». Անդրանիկ սարկավագ Մանուկյան

«Սասուն» ազգային երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանի տունը քանդում են, բոլոր պատկան մարմիններին դիմել է, սակայն խնդրին չեն էլ անդրադարձել։ Նրա տան հարակից հատվածում ընթացող շինարարությունը վնասել է տունը, որտեղ ապրում է և որտեղ ստեղծագործում է, տունը դարձել է վթարային և փլուզման վտանգը մեծ է։

Անդրանիկ սարկավագ Մանուկյանը համերգներից մեկի ժամանակ Աննա Հակոբյանին էլ է հրավիրել իր տուն, ասելով. «Եկեք, տեսեք թե քո հպարտ քաղաքացու տունն ինչ վիճակում է»։

Սակայն, նրա խոսքով՝ Աննա Հակոբյանի արձագանքը մեկն է եղել. «Գամ էլ, չգամ էլ՝ որևէ բան չի փոխվելու»։

Անդրանիկ սարկավագ Մանուկյանը չգիտի, որ Աննա Հակոբյանը զբաղված է «կրթվելը նորաձև է» արշավով։

Կարդացեք նաև

«Ես իրենց այդ արշավներից տեղեկություններ չունեմ, իսկ եթե կարծում են, որ ժողովուրդը տգետ է, ապա ողբամ ինձ, իմ ազգին ու իմ ժողովրդին, որ այդ մարդը մեզ՝ «տգետներիս» առաջնորդի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց նա։

Ինչ վերաբերում է արշավի ընթացքում Աննա Հակոբյանի կողմից Խորենացու «Ողբի» ընթերցմանը, մեր զրուցակիցը նկատեց՝ հայրենիքում կան ավելի ուսյալ կենտրոններ՝ դպրոցներ, որտեղ կան համապատասխան մասնագետներ, որոնք նեղ մասնագիտական կրթություն են ստացել, նրանք պրակտիկա ունեն ու ավելի հստակ կարող են դասավանդել։

«Եթե ինքն ուզում եմ այդ բոլորի անունից ի հայտ գա ու դասավանդի՝ սա չեմ կարողանում հասկանալ, աղանդավորական շարժո՞ւմ է, ի՞նչ է։ Այդ շարժումն ինձ համար աղանդավորական ինչ-որ շարժման նման բան է։

Եթե Աննա Հակոբյանն ուզում է կրթել, թող գա իմ օջախ, որը մշակութային օջախ է։ Թող գա, ինձ՝ տկարիս, ոչ բանիմաց մարդուս ուսուցանի, ասի՝ սխալ ես դասավանդում։ Ձեռքի հետ էլ կնայի՝ իրենց համակարգը գործո՞ւմ է, թե՞ չի գործում, մասնագիտական առումով ցույց կտամ, թե ինչ է տեղի ունենում այս երկրում ու իրենց շուրջը, եթե չեն տեսնում՝ կոռուպցիա, հանցագործություններ։ Ու իրենց կասեմ, որ այնպես են արել, որ այսօր իմ երեխան իր ծննդավայրը, հայրենիքը չի սիրում, դրանից մեծ ողբերգություն կա՞։

Խորենացին ասում էր սիրեք՝ Աստծո կողմից տված ձեր հողն ու ջուրը, հայրենիքը։ Այս ի՞նչ են անում, երկիր են ծախում, տուն են քանդում, սերմանում են, որ հայրենիք չեք ունեցել, պատմություն՝ նույնպես։ Իրենք ինձ համար ուղղակի մոլորյալներ են։

Գիտեք, իրենք ճիշտ են անում, որովհետև ինչ անում են, մենք գլուխներս կախ, ստրուկի նման լռում ենք։ Իրենք մեր գյուղ էին գնացել՝ Ներքին Բազմաբերդ, ինչո՞ւ ինձ չէին հրավիրել, որ մի քիչ «դաս» տային»,- ընդգծեց Անդրանիկ Մանուկյանը։

Նշենք, որ Աննա Հակեոբյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր սկսած արշավը «մեծ աջակցության է արաժանանում, սակայն կան 50 չարացած ու ագրեսիվ հայրենակից, որոնք շարունակում են բարձր պահել տգիտության պատիվը»։

Տեսանյութեր

Լրահոս