Ուղղությունը՝ անդունդ

Հեղափոխությունները, որպես կանոն, առաջին պլան են բերում կրթական ոչ այնքան բարձր ցենզ, բանականության հետ անլուծելի կոնֆլիկտներ ունեցողներին, ցածր արժեքներ դավանողներին, և այդպես շարունակ։

Նույնը տեղի ունեցավ նաև Հայաստանում՝ 2018 թվականին հեղափոխություն հորջորջված իշխանազավթման արդյունքում։ Բառի բուն իմաստով՝ փողոցից ամենաբարձր պաշտոններում հայտնվեցին, մեղմ ասած, ոչ այնքան ուսյալ, երբեմն՝ ուսյալ, բայց որևէ արժեք չդավանող, մեծ մասի դեպքում՝ բոլոր արժեքներից միայն նյութականը դավանող ամենատարբեր չսանրված ու չսափրված երիտասարդներ և ոչ միայն։

Օբյեկտիվորեն իշխանության եկած այս խմբի սոցիալական հենարանը նույնպիսի կրթական և արժեքային ցենզ ունեցող խավն էր ու է, թեև 2018 թվականի իրադարձությունների առաջին փուլում ոգևորվածների շարքում կարելի էր հանդիպել նաև ուսյալների ու մտավոր շերտի ներկայացուցիչների, որոնց մեծ մասն այսօր դարձել է իշխանության անհաշտ թշնամին։ Անկախ նրանից՝ ովքեր և ինչպես հայտնվեցին պալատական առանձնասենյակներում, իշխանությունը՝ հայեցակարգային առումով ուներ երկու ճանապարհ՝ կամ ինքը պետք է փորձեր բարձրացնել սեփական ինտելեկտուալ, արժեքային, գաղափարական նշաձողը, ինչը, մեղմ ասած, հեշտ չէր, կամ հակառակը՝ իշխանությունը և որպես հետևանք՝ պետությունը պետք է գլորեր սոցիալական ամենաստորին շերտի մատույցներ, որտեղ արժեքները ոչ թե բարձր կամ վեհ չեն, այլ ուղղակի գոյություն չունեն, որտեղ բոլոր գաղափարներից դավանվում է միայն շահը, իսկ դրան հասնելու համար ընդունելի են համարվում, առանց բացառության, բոլոր միջոցները։

Լայն իմաստով, սա է Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության հավաքական նկարագիրը, որը գրեթե ոչնչով չի տարբերվում սոցիալական պատասխանատվությունից զուրկ կնոջ նկարագրից։ Բայց խնդիրը, կրկին, միայն իշխանությունը չէ, որի անարժեքությունը կարելի էր գոնե ժամանակավորապես հանդուրժել։

Կարդացեք նաև

Ավելի սարսափելի է այն, որ իշխանությունն այդպիսին է դարձրել նաև պետությունը և հասարակության մեծ՝ դեռևս չդիմադրող հատվածին։ Իսկ դա ունի՝ ինչպես ներքին, այնպես էլ ու առավել ևս՝ արտաքին անդառնալի հետևանքներ։

Ներքին կյանքում իշխանության անարժեքությունը հանգեցրել է նրան, որ քաղաքացիների զգալի մասն այդպես է վերաբերվում ոչ միայն, իսկ ավելի հաճախ՝ ոչ այնքան իշխանությանը, որքան պետությանը, ինչի արդյունքում Նիկոլ Փաշինյանն օրումեջ կասկածի տակ է դնում պետության լինելիությունը ու չի արժանանում հանրային որևէ ընդվզման։ Իսկ արտաքին աշխարհում դեգրադացված/դեվալվացված պետությանը վերաբերվում են այնպես, ինչպես վերաբերվում են արժանապատվությունից զուրկ ու օրվա գոյությունն ապահովելու համար ամեն ինչի պատրաստ ցանկացածին՝ լավագույն դեպքում նետելով ողորմության փշրանքներ, բայց անհրաժեշտ պահին՝ նաև ոտնահարելով՝ սեփական շահերի բավարարման նպատակով։
Ասվածն ամենևին չի նշանակում, թե մեր հասարակությունն ամբողջությամբ կամ մեծ չափով դեգրադացվել է ու դարձել է անարժեք։ Ամենևին։

Պարզապես հասարակության՝ այդպիսին դարձած հատվածը՝ լինելով իշխանության հենարանն ու պատվանդանը, հիմա վերածվել է «սոցիալական նորաձևություն» թելադրողի ու կարծիք ձևավորողի։ Իշխանության համար սա իսկական նվեր է, քանի որ մի կողմից՝ առաջին պլան մղված հանրության ցածրորակ հատվածի ֆոնին լղոզվում է իշխանության անհատական և հավաքական տգիտությունը, մյուս կողմից՝ այդ զանգվածին չափազանց հեշտ է մանիպուլացնել և կառավարել։

Իրավիճակից ելքը հանրության որակյալ հատվածի ինքնակազմակերպումն է ու համախմբումը, որից ամենաշատն է սարսափում Նիկոլ Փաշինյանը։ Որովհետև այդպիսի հանրային մոբիլիզացիան անարժեքության ճահճից կարող է հանել ոչ միայն հասարակության մնացյալ հատվածին, այլ նաև պետությանը։

Իսկ որակյալ պետությունը Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ թշնամին է, քանի որ դրանում ինքը կարող է գտնվել ցանկացած վայրում, բայց ոչ երբեք՝ իշխանության մեջ։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս