Թողեք ձեր խնջույքները ու կանգնեք Արցախի կողքին. Բողոքի ակցիա Լոս Անջելեսում

Երեկ Լոս Անջելեսի հայկական համայնքն ի պաշտպանություն Արցախի բողոքի ակցիա է իրականացրել։

Լոս Անջելեսի Համաշխարհային կրթական հետազոտական դաշինքի հիմնադիր նախագահ և «Միացյալ հայրենասերներ Հայաստանի համար» միության հիմնադիր Դավիթ Մնացականյանը  դիմելով Արցախում շրջափակման մեջ գտնվող արցախցիներին, հայտարարել էր, որ սփյուռքը հայության հետ է։

«Մենք այս պահին գտնվում ենք ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի օֆիսի մոտ, սպասում ենք, որպեսզի նա գա, տուն որևէ մեկս չենք գնում։ Նայեք իմ կողքին կանգած այս փոքրիկ երեխային, հենց այս պահին Արցախում էլ այսպիսի երեխաներ կան։ Այս պահին գուցե ձեր երեխային ասեք՝ հաց կեր, չուտի, իսկ այս պահին Արցախում երեխաները սոված են, ուղղակի սոված են։

Հիմա սփյուռքում մեզանից շատերը ու Հայաստանում գտնվողներից շատերը տանը նստած են, խնդրում եմ՝ հիմա բոլորդ միացեք։ Իմ պապերն Արցախից են, ու հիմա ես ուզում եմ Արցախի անունից խոսել։ Հիմա մեզ հետ եղած մարդկանցից ոմանք գնացել են Ադամ Շիֆի մոտ՝ տեղեկացնելու, որ հայությունն այստեղ կանգնած է ու իր բողոքի ձայնն է բարձրացնելու, որևէ մեկն այստեղից որևէ տեղ չի գնալու, մինչև պատասխան չստանանք։

Կարդացեք նաև

Ունենք երկու պայման, որ մինչև սեպտեմբերի 15-ը Ադամ Շիֆը պարտավորվի գնալ Հայաստան ու գնա դեպի Արցախի սահման։ Երկրորդ՝ ոչ միայն նահանգային, այլև միջազգային կերպով տեղեկացնի Արցախի իրավիճակի ու ինքնորոշման մասին»,- նշեց Դավիթ Մնացականյանը։

Ակցիայի մասնակիցներից մեկը ևս հայտարարեց, որ բոլորը սպասելու են  և չեն հեռանալու, մինչև Ադամ Շիֆից դրական պատասխան չստանան։

«Եթե յուրաքանչյուր ընտանիքից մեկ հոգի գա այստեղ, ապա կանգնելու տեղ չի լինի, խնդրում եմ՝ եկեք այստեղ։ Աստված ոչ անի, եթե վաղը Արցախի հետ մի բան եղավ, մենք բոլորս պատասխանտու ենք, սա մեր խնդիրն էլ է։ Չենք կարող ձեռքներս ծալած նստել՝ արդար չէ մեր հայրենակիցների նկատմամբ։ Թողեք ձեր ուրախությունները, խնջույքները, եկեք միացեք մեզ, կանգնեք Արցախի կողքին»,- նշեց «Միացյալ հայրենասերներ Հայաստանի համար» միության հիմնադիրը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս