Պետք են պետական պաշտոնյաներ, որոնք պետական մտածողություն ունեն, հայրենասեր են ու աստվածավախ. Տեր Վրթանես քահանա Բաղալյան
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը վստահ է՝ Հայաստանում մարդիկ մտահոգ են Արցախի շուրջ սեղմվող օղակով և ելքեր են փնտրում՝ հակառակ իշխանությունների որդեգրած քաղաքականության: Որպես ասվածի ապացույց՝ հոգևորականը նշում է «Հայաքվե» նախաձեռնությանը մասնակցող մեր հայրենակիցների հերթերը, տարբեր հետազոտական հարցումների արդյունքները, որոնցից վերջինը, ի դեպ, վերստին արձանագրել է՝ բնակչության շուրջ 95 տոկոսի համար ընդունելի չէ Արցախի բնակչությանն Ադրբեջանում փոքրամասնության կարգավիճակով տեսնելը:
«Զարմանում եմ, որ իշխանավորներն առանց ամաչելու խոսում են ժողովրդավարության մասին, սակայն չունենալով ՀՀ քաղաքացիների, արցախահության անունից խոսելու իրավունքը, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին հայտարարություններ են անում,- 168.am-ի հետ զրույցում նշեց Տեր Վրթանես Բաղալյանը՝ արձանագրմամբ,- Եվ տեսնում ես՝ այս մարդիկ առավել շահագրգիռ են Ադրբեջանի տարածքային ամբողջականությամբ, քան նույնիսկ Հայաստանի Հանրապետության»:
Հոգևորականը ցավով նշեց, որ այս իշխանության 5 տարիներն ապազգային, հակաեկեղեցական ջլատող քաղաքականությամբ են դրսևորվել, ավելին՝ հոգևոր անվտանգությունից զատ՝ վտանգված է եղել քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը:
«5 տարին ավելի քան բավարար ժամանակ էր բանակն առավել հզորացնելու համար, անգամ վերջին 3 տարին էր բավական վերականգնելու համար՝ մինչդեռ, հակառակին ենք ականատես լինում:
Շատերը բանակի հետ հույս են կապում մշտապես, բայց իշխանություններն ամեն առիթով հուսախաբ են անում. օրինակ, վերջերս տեսնում ենք՝ Երևանի քաղաքապետ աշխատած մեկին՝ Հրաչյա Սարգսյան անունով, որ որևէ լուրջ գործունեությամբ չկարողացավ աչքի ընկնել իր պաշտոնում, նշանակել են ՊՆ նախարարի տեղակալ: Կարծես իրենց մտերիմ շրջանակին պաշտոն տալու հնարավորություն են փնտրում: Երբ ռազմական կրթություն չունեցող մարդուն պատերազմական իրավիճակում գտնվող երկրում նման պաշտոն են տալիս, պետք է մարդն ինքը քաջություն ունենա և հրաժարվի այդ պաշտոնից: Եթե ուզում են այդ մարդկանց աջակցել, թող ամեն ամիս ֆինանսական օգնություն ձևակերպեն, աջակցեն, բայց ոչ բանակում բարձր պաշտոններ տալով:
Բազում փորձաշատ, բանակը ճանաչող զինվորականներ կան. կարելի է նրանց այդպիսի պաշտոններ տալ՝ օրինակ, եթե ՊՆ նախարար չէին ուզում նշանակել, բայց առնվազն Շտաբի պետ կարող էր լինել Գրիգորի Խաչատուրովը: Իսկ նման զինվորականի վրա ինչ-որ գործ են կարում, կալանավորում են անգամ, երբ նաև պատերազմի օրերին այս մարդը ղեկավարում էր մի ամբողջ բանակային կորպուս, որի դիրքերն այսօր մեզ մնացած, մեծ հաշվով, միակ պաշտպանական դիրքերն են, կահավորված միակ դիրքերը»:
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվը համոզված է՝ նման նշանակումներով փորձում են կոտրել ազգի դիմադրողականությունը, իսկ այս օրերին ակտիվացած համերգներով ու շոուներով՝ ուղղակի շեղել հիմնական՝ անվտանգային օրակարգերից, Արցախի շրջափակումից:
«Հաասարակության մի մասը, կարծես, երկրի այս ողբերգական իրավիճակին անմասն է. վերջին շրջանում լավ թափ են ստացել շոուները, որ հասարակության մի ապազգային հատվածի ուշադրությունն է գրավում՝ սնուփդոգեր կամ ինստասամկաներ, որ դրամի դիմաց ամեն ինչի պատրաստ են, Little Big խմբի Իլյա Պրուսիկինը, որոնք ապաբարոյական են և կարող են ծաղրել հոգևոր արժեքները՝ երկու լայք ավել հավաքելու համար:
Իսկ սրան զուգահեռ իրականությունում օրհասական է արցախահայության վիճակը, որոնց մեծ մասն ուղղակի սովամահ են լինում. դեպքեր գիտեմ, երբ հերթի մեջ մարդիկ վատացել են, հղիները՝ ուշաթափվել, բուժօգնության պակաս ունեն, ավելին՝ մարդկանց ճանապարհից ուղղակի կարող են առևանգել: Նրանց փոխարեն՝ մեզնից յուրաքանչյուրը կարող էր լինել,- հավելեց նա՝ շեշտելով, որ միակ ելքն այս պահին բանակցողի փոփոխությունն է,- Ներկա իշխանությունները լիարժեք ձախողվել են, և եթե նախկինում մտածում էի՝ իրենց կուսակցությունից որևէ մեկով փոխարինեին առաջին դեմքին, որ գոնե անձը փոխվի, բայց հիմա հասկանում եմ, որ այս կուսակցությունում ուղղակի կարող անձեր չկան. իրենք պետք է ուղղակի հեռանան»:
Տեր Վրթանես Բաղալյանը նաև ազգին պայքարելու կոչ արեց՝ հիշեցնելով Աստվածաշնչյան պատգամը. «Նէեմի գրքի 4-րդ գլխի 14-րդ համարում ասում է՝ «Նրանցից մի՛ վախեցէք, յիշեցէ՛ք մեր մեծազօր եւ ահարկու Աստծուն եւ պատերազմեցէ՛ք ձեր եղբայրների, կանանց ու որդիների, դուստրերի եւ ձեր տների համար», և այս հատվածից հետո տպավորություն է, թե պատերազմ պիտի լինի, բայց շարունակում է՝ «Երբ մեր թշնամիները լսեցին, թէ մենք իմացել եւ զինուել ու պատրաստուել ենք, Աստուած ցրեց նրանց մտադրութիւնը, եւ մենք բոլորս վերադարձանք պարսպի նորոգման աշխատանքին, եւ ամէն մարդ անցաւ իր գործին»:
Ուզում եմ, որ մեր ազգը տևական խաղաղություն ունենա, իսկ խաղաղություն ունենալու համար պետք է միասնական լինել, բանակն ու պետականությունը հզորացնել և ունենալ պետական պաշտոնյաներ, որոնք պետական մտածողություն ունեն, հայրենասեր են ու աստվածավախ»: