Քաղաքացի Աննա Հակոբյանն անվտա՞նգ է զգում իրեն գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանի օրոք, ինչպես 2017-ին. մի հոդվածի հետքերով

Օգոստոսի 1-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հարց էր ուղղել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, թե ինչ վիճակում է 2018-ին ընդունել պաշտպանության նախարարությունը և զինված ուժերը: Այսինքն՝ ի՞նչ բանակ է ժառանգել իրենց իշխանությունը նախկիններից:

Տոնոյանը նախ առաջարկել էր ճշգրտել՝ ի՞նչ ասել է՝ ինչ վիճակում, ինչին ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավորը պարզաբանել էր, թե նկատի ունի՝ որքանո՞վ էր բանակը պատրաստ պատերազմի ընթացքին՝ պահեստներից մինչև կառավարում:

Պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարն արձագանքել էր՝ երբ ինքը 2018-ին ստանձնել է Պաշտպանության նախարարի պաշտոնը, ԶՈՒ-ն պատրաստ էր իրենից 2-3 անգամ գերազանցող ուժին դիմակայել՝ հաշվի առնելով պատրաստվածությունը, աշխարհագրությունը և այն բնագծերը, որտեղ գտնվում էին մեր զինվորները:

«ԶՈւ իրավիճակը գնահատվում էր բավարար՝ ՀՀ-ի դեմ ուղղված, և խնդրում եմ շատ ուշադիր լինել այս հարցին՝ Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգության ապահովման առումով: Իսկ այդ ապահովման խնդիրը դրված էր նաև ՀՀ զինված ուժերի վրա»,- շարունակել էր Տոնոյանը՝ հավելելով, որ սա իր գնահատականը չէ, այլ հաշվարկված, փաստարկված տեղեկություն, որ պաշտպանական մարտ վարելու, պաշտպանական կեցվածք ունենալու առումով զինված ուժերի պատրաստությունը բավարար էր:

Կարդացեք նաև

Օգոստոսի 3-ին էլ «Ազատության» հետ զրույցում Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, թե 2020 թվականի պատերազմի ընթացքում իրենց իշխանությունն իրացրել է այն ռեսուրսը, որը ժառանգել է նախկինից, իսկ «նախկինից ժառանգած ռեսուրսն իր մեջ շատ թերություններ է պարունակել»:

«Դրանք մեկօրյա չեն, մեկ տարվա չեն, դրանք գալիս են հեռվից, երբ մենք մեր անտարբերության, ինքնավստահության ավելորդ չափաբաժնի պատճառով, տարածաշրջանի ամենամարտունակ բանակի դրոշը կառուցելով և դրա տակ մտնելով և ոչինչ չանելով, կոռուպցիային հնարավորություն տալով, որպեսզի արմատավորվի մեր Զինված ուժերում։ Այդ խնդիրները պետք է չլինեին, որպեսզի մենք մտածեինք՝ եթե պարտություն լիներ, ապա պարտության մեջ մեղադրեինք ընդամենը մեր կարողություններին, բայց պարտության մեջ նաև մեծ նշանակություն է ունեցել մարդկային գործոնը, անտարբերությունը և կառավարման այդպիսի անտարբեր իրավիճակը»,– շեշտել է ՔՊ-ական պատգամավորը:

Եթե ընդունենք ՀՀ պաշտպանության նախկին նախարարի պնդումը, որ ԶՈՒ-ն պատրաստ էր իրենից 2-3 անգամ գերազանցող ուժին դիմակայել՝ հաշվի առնելով պատրաստվածությունը, աշխարհագրությունը և այն բնագծերը, որտեղ գտնվում էին մեր զինվորները, ապա Փաշինյանի իշխանությունն առնվազն պաշտպանական մարտ վարելու, պաշտպանական կեցվածք ունենալու առումով պատրաստության բավարար մակարդակ ունեցող զինված ուժեր է ժառանգել:

Նշենք, որ 168.am-ի հետ զրույցում էլ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն ասել էր, որ «մեր ունեցածով էլ կարող էինք այլ ելքով ավարտել պատերազմը»:

Ինչ վերաբերում է տարածաշրջանի ամենամարտունակ բանակի դրոշի մասին իշխանական պատգամավորի մտքին, ապա իրենց քաղաքական առաջնորդ Նիկոլ Փաշինյանն էր հուլիսյան հաղթանակների համատեքստում 44-օրյա պատերազմից ամիսներ, նույնիսկ՝ օրեր առաջ հայտարարում՝ Հայոց բանակը վերահաստատեց տարածաշրջանի ամենամարտունակ բանակի համարումը:

Այս մասին մեկ անգամ չէ, որ գրել ենք: Հարցն այստեղ այն է, թե ինչ բանակ էր Փաշինյանը ստացել նախկիններից, և ինչ մնաց այդ ժառանգությունից: Իշխանության ներկայացուցիչները կասեն՝ 44-օրյա պատերազմը ծանր կորուստներ հասցրեց բանակին: Այդ դեպքում հարց՝ ի՞նչ է արվել հետպատերազմյան 3 տարում վերականգնելու զինված ուժերի կորուստները, բարձրացնելու նրա մարտունակությունն ու դիմադրողականությունը: Իշխանությունն այստեղ էլ հազար պատճառ կարող է բերել, թե զենք չեն վաճառում, և այլն… սա բանակի մարտունակության միայն մեկ բաղադրիչն է, որտեղ իշխանության մեղքը ևս կա: Սա առանձին քննարկման թեմա է:

«Ազատության» հետ վերոհիշյալ զրույցում Անդրանիկ Քոչարյանը հիշեցրել է Վազգեն Սարգսյանի խոսքերից մեկը՝ անտարբերությունը դավաճանությունից էլ վատ է։

Արդյո՞ք այս անտարբերության մասին չի վկայում պատերազմից հետո ՀՀ ինքնիշխան տարածքի 150քկմ ադրբեջանական օկուպացիան, քարոզչական բնույթ կրող բարեփոխում-ծրագրերը, որոնցից դժվար է ասել, թե քանիսն են նպաստել կամ նպաստելու բանակի մարտունակության բարձրացմանը:

Արդյո՞ք անտարբերության մասին չի խոսում այն, որ այսօր չենք կարող ասել՝ պատերազմից հետո վերականգնվել է գոնե նախկիններից ժառանգության ստացած բանակի մակարդակը, երբ Ադրբեջանը հայտարարում է, որ այսօր Ադրբեջանի բանակն ավելի ուժեղ է, քան 44-օրյայի ժամանակ:

Արդյո՞ք անտարբերության մասին չեն խոսում ռազմական գործից և պաշտպանական ոլորտի կառավարումից չհասկացող մարդկանց նշանակումները ղեկավար պաշտոններում, երբ 44-օրյա պատերազմում պարտության հիմնական պատճառներից մեկը կառավարման համակարգն էր, ընդ որում, նաև մարդկային գործոնով պայմանավորված:

Արդյո՞ք անտարբերության մասին չի խոսում այն փաստը, որ Ադրբեջանը 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո, լինելով հաղթող կողմ, պատրաստվում է պատերազմի, ստեղծում թուրքական մոդելի բանակ, որովհետև վախենում է, որ «ՀՀ-ում նորից իշխանության վերադառնան ռևանշիստական ուժերը», իսկ Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, չի բացառում նոր պատերազմը Արցախում և ՀՀ տարածքում, բայց ամեն օր թուլացնում է բանակի դիմադրողականությունը, այն տանում բարոյալքման, իսկ Պաշտպանության նախարարը, ամենայն հավանականությամբ, զբաղված է Երևանի քաղաքապետի ընտրություններով, և Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ շատ կարևոր է համարել իր ներկայությունը ՔՊ կազմակերպած դրամահավաքին, անգամ, եթե կուսակցական է:

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը սկսվելու է օգոստոսի 23-ին, որին հաջորդելու են իշխանությունների կազմակերպչական լուրջ աշխատանքները: Եվ շատ հետաքրքիր է, թե օգոստոս ամսին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր պաշտոնական լիազորությունների շրջանակում քանի՞ հանդիպում է ունենալու, և բանակը որքանո՞վ է հեռու մնալու նախընտրական մթնոլորտից: Խոսքը հայտարարության մակարդալով հեռու մնալու մասին չէ:

Ի դեպ, կադրային սխալ նշանակումների համատեքստում պետք է նշել, որ Երևանի նախկին քաղաքապետ և Նիկոլ Փաշինյանի խորհրդականը եղած Հրաչյա Սարգսյանի՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակումն առաջին դեպքը չէ, և այնպես չի, որ մյուս փոխնախարարները համահունչ են զբաղեցրած պաշտոնին: Ավելին, ռազմական գործից և պաշտպանական ոլորտի կառավարումից չհասկացող երկրի ղեկավար-գերագույն հրամանատարի և պաշտպանության նախարարի դեպքում այս նշանակումներն օրինաչափ են: Այլ հարց է, որ անվտանգության ահագնացող մարտահրավերների պարագայում գոնե պետք է զերծ մնալ նման նշանակումներից: Մյուս կողմից, միայն ոչ պրոֆեսիոնալը կարող է համաձայնել աշխատել ոչ պրոֆեսիոնալի հետ: Արդյունքում՝ տուժում է երկիրը, բանակը, զինվորը, սպան, հրամանատարը, որը չի կարող բարձր բարոյահոգեբանական վիճակ ունենալ, եթե իր վերադասներից այսուհետ լինելու է նաև Հրաչյա Սարգսյանը: Ու որքան էլ մեծ աշխատավարձ առաջարկեն, գալու է մի պահ, որ այդ սպան, պայմանագրայինը հեռանալու է: Հնարավոր է, որ այսօր էլ օրը 1-2 պայմանագրային խզում է իր պայմանագիրը կամ պատրաստ է անել՝ այլ աշխատանք գտնելու պարագայում:

Արդյո՞ք այս ամենը Վազգեն Սարգսյանի ասած և Անդրանիկ Քոչարյանի հիշեցրած անտարբերության մասին չի հուշում: Իսկ գուցե գործ ունենք հաշվարկված քայլերի հե՞տ, որոնց դեպքում ՀՀ քաղաքացին, դիրքապահ զինվորն իրեն հաստատ անվտանգ չի զգում: Թե որքանով է իրեն անվտանգ զգում իր իսկ ստեղծած «Նոր Հայաստանում» վարչապետ և քաղաքացի Նիկոլ Փաշինյանը, կամ վարչապետի կին և քաղաքացի Աննա Հակոբյանը, կարող ենք միայն ենթադրություններ անել՝ ելնելով ինչ-ինչ ակնհայտ փաստերից: Բայց մի բան հստակ է՝ նախկին իշխանությունների օրոք առնվազն արտաքին վտանգների առումով ապահով ու անվտանգ են զգացել:

Այս համատեքստում հիշեցնենք 2017ին «Հայկական ժամանակում» տպագրված Աննա Հակոբյանի հեղինակած մի հոդված՝ «Պաշտպանության նախարար-գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Ազատի Սարգսյան. 2018» վերտառությամբ, որտեղ, մասնավորապես, նշվում է.

«Սարգսյանը իրականում բազմաթիվ անհայտներով հավասարում է առաջադրել: Ապրիլի 2-ին մարդիկ կարող են ընտրել ՀՀԿ-ին: Բայց այդ դեպքում ո՞ւմ հրամանատարության ներքո են այսօրվա զինվորները ավարտելու իրենց ծառայությունը, իսկ հաջորդները ծառայելու: Կամ` ովքե՞ր են լինելու համազարկի, հարձակման և հետ քաշվելու հրաման տվողները: Երբ ընտրողը ապրիլի 2-ին մոտենա քվեատուփին, չի կարող այս հավասարումը լուծել կամ լուծել այնպես, ինչպես Սերժ Սարգսյանն է ցանկանում:

Դասական կանոններով երկու տարբեր պաշտոնների մասին է խոսքը` պաշտպանության նախարարի և երկրի ղեկավարի` վարչապետի, որը նոր Սահմանադրությամբ գերագույն գլխավոր հրամանատարն է:

ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է, պաշտպանության նախարարը` Վիգեն Սարգսյանը: Ոչ մեկը, ոչ էլ մյուսը մեր ժողովրդի անվտանգությանն անհրաժեշտ ուժեղ առաջնորդը չեն: Այդ առաջնորդը Սերժ Սարգսյանն է, որի անունը, սակայն, ՀՀԿ ցուցակում նույնիսկ չկա:

Արցախում ունեցած ելույթով Սարգսյանը օգնում է լուծել հավասարումը և հուշում է, որ ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում ինքը կլինի Հայաստանի Պաշտպանության նախարարը: Սակայն սա դեռ ամբողջը չէ: Նրա խոսքերից չի երևում, որ այդքանը բավարար է: Հայ ժողովրդի անվտանգությունը լիարժեք ապահովելու համար նա պետք է նաև շարունակի գերագույն գլխավոր հրամանատարը լինել:

Ինչպես մեկ անգամ արդեն գրել ենք, ՀՀԿ-ն, այս իմաստով, վարչապետի իդեալական թեկնածու ունի` ներկայում Պաշտպանության նախարար, ՀՀԿ ցուցակի առաջնորդ Վիգեն Սարգսյանը: Ըստ Սերժ Սարգսյանի պլանների, 2018-ից հետո Վիգեն Սարգսյանը կդառնա վարչապետ, իսկ ինքը պաշտպանության նախարար:

Բնականաբար Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի գերագույն գլխավոր հրամանատարը չի կարող լինել, արտաբերելն անգամ անհարմար է: Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կլինի երկուսը մեկում` պաշտպանության նախարար-գերագույն գլխավոր հրամանատար: Եվ այդժամ հայ ժողովուրդը կշարունակի գլուխը հանգիստ բարձին դնել, վստահ լինելով, որ իր անվտանգությունը կրկին ուժեղ ձեռքերում է»:

Ինչ ունենք այսօր՝ գերագույն հրամանատար, որը ձախողվել է՝ որպես երկրի ղեկավար և գերագույն հրամանատար, և չի կարող դասական իմաստով լինել պաշտպանության նախարար: Եվ ունենք Պաշտպանության նախարար, որը պատերազմող երկրում դասական իմաստով չի կարողանում լինել Պաշտպանության նախարար՝ ռազմական տեսանկյունից, և չի կարող լինել գերագույն հրամանատար, դարձյալ դասական իմաստով:

Արդյունքում՝ ժողովուրդը գլուխը հանգիստ չի դնում բարձին, որովհետև վստահ է, որ իր անվտանգությունն ուժեղ ձեռքերում չէ: Եթե հանգիստ դնող էլ կա, ապա դա զուտ անտարբերություն և սոդոմյան անհոգություն է, համակերպվածություն, և ոչ թե վստահություն, որ ունի ուժեղ առաջնորդ: Բայց այսպիսին ոչ բոլորն են:

Իսկ մենք կրկնենք հարցը՝ արդյո՞ք քաղաքացի Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն իրենց անվտանգ են զգում կամ կզգային գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանի ՀՀ-ում, որտեղ բանակին չեն պատրաստում պատերազմի, որտեղ սահմաններն օր օրի փոքրանում են, որտեղ ինքը միակն է ՀՀ բոլոր ղեկավարներից, որ հայտարարում է, թե ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում…

Շարունակությունը թողնենք նրան, ով կկարողանա շարադրել Նիկոլ Փաշինյանի մեղադրական եզրակացությունը, որը գրելիս, ինչպես ինքն էր ասել՝ հայտնվում է փակուղու առջև։

Տեսանյութեր

Լրահոս