«Թիրախում Սյունիքն է. ԵՄ դիտորդների ավելացումը պատահական չէ». Հայկ Նահապետյան
«Ադրբեջանն Արցախում ռազմական գործողությունների գնալուց առաջ պետք է մեկուսացնի ռուս խաղաղապահներին, որը տեսականորեն անհնար է և նշանակում է, որ հարձակման ժամանակ ռուս խաղաղապահները դառնում են թիրախ, որովհետև իրենք, այնուամենայնիվ, այդտեղ ապրող մեր հայրենակիցների ֆիզիկական գոյության երաշխավորներն են: Հարձակում ռուս խաղաղապահների վրա՝ նույնն է, թե հարձակում ՌԴ-ի վրա: Դրա համար Ադրբեջանը փորձում է ոչ ռազմական կերպով լուծել խնդիրը՝ տոտալ բլոկադայով մարդկանց հույսն ամբողջովին կտրել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարության կողմից Արցախ բեռներ ուղարկելը համատեղ օպերացիա էր Փաշինյանի և Ալիևի կողմից, որի նպատակը հետևյալն է. «Արցախում ապրող մեր հայրենակիցները հասկանան, որ ո՛չ ՌԴ խաղաղապահ զորախումբն է միջանցք բացում, ո՛չ միջազգային հանրությունը, այն է՝ տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչնեը, որոնք բեռների շարժվելուց առաջ սելֆիներ էին անում: Մեր հայրենակիցներին Ալիևն ասում է՝ որևէ մեկն իրեն չի կարող ստիպել, եթե ինքը չցանկանա, որ միջանցքը բացվի»:
Հայկ Նահապետյանի ռազմական գործողությունների ամենահավանական թիրախը Սյունիքն է լինելու. «Պատահական չէ, որ Սյունիքում ԵՄ դիտորդների քանակը շատանում է, իսկ այդ դիտորդները վստահաբար հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են, հետախուզություններ են կատարում: Դրան գումարենք, որ ՌԴ-ն հայտարարել էր, որ Կապանում հյուպատոսություն է բացելու, և, սովորաբար, եթե նման բան հայտարարում են, բացում են: Կարող եմ ենթադրել, որ Հայաստանի իշխանություններն ուղղակիորեն խոչընդոտում են այդ հյուպատոսության բացմանը: Սյունիքն աշխարհի ուժային կենտրոնների շահերի սպասարկման համատեքստում այս պահին ունի ռազմավարական նշանակություն, դրա համար դիտորդների թվաքանակն ավելացվում է, ՌԴ-ն որերորդ անգամ ասում է, որ պատրաստ են ՀԱՊԿ շրջանակում խաղաղապահներ տեղակայել, բայց Հայաստանը մերժում է, որովհետև ՌԴ զինական ներկայությունն է ավելանում: Զորավարժություններն է Փաշինյանը մերժում, որը մեր երկրի անվտանգության շահերից է բխում: Ուստի, Արևմուտքին պետք է ժամ առաջ ռուսական ռազմական ներկայությունը տարածաշրջանից դուրս մղել, և Փաշինյանը լծվել է այդ գործին»:
Ըստ նրա՝ Լաչինի միջանցքը կբացվի, եթե Ուկրաինայում ուժերի հարաբերակցությունն ակնհայտ դեպի Ռուսաստանի կողմը լինի. «Չեմ բացառում, որ այդ դեպքում Ռուսաստանը, մասնավորապես, Արցախի հարցում որոշակի ճնշումներ սկսի իրականացնել Ալիևի վրա, որը պետք է լինի առանց հետևանքի, որովհետև եթե Ռուսաստանը հիմա նման քայլեր անի, ես չեմ բացառում, որ դրան ի պատասխան՝ Ալիևը կարող է կոշտ քայլեր անել: Սյունիքում պատերազմի հավանականություն կա, մե՞ծ, թե՞ փոքր, կախված է նրանից, թե Ուկրաինայում ինչպիսին կլինի իրավիճակը»:
Անդրադառնալով ԱԺ քննիչ հանձնաժողովի ժամանակ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցուպատասխանին՝ նա նշեց, որ Դավիթ Տոնոյանը գտնվում է անազատության մեջ, և դա նրա պատասխանների վրա ազդելու է. «Նա կարող էր ասել բաներ, որ չի ասում, նույնիսկ փակ նիստում շատ փակագծեր չի բացի: Այս հանձնաժողովը դարձել է քաղաքական շոու՝ լրջագույն թեմաների վերաբերյալ: Եթե նույն Դավիթ Տոնոյանը գնահատում է, որ խաղաղ ժամանակ Նիկոլ Փաշինյանին պետք է տրվի գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակ՝ առանց բացատրության, որևէ հիմնավորում չի տալիս, հասկանալի է, չէ՞, ենթատեքստը»:
Նա վստահեցրեց, որ գործող իշխանությունների օրոք չենք իմանա, թե ինչ է իրականում տեղի ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում:
Հետաքրքրվեցինք՝ Արցախը հայկական պահելու տարբերակ ունե՞նք:
«Եթե արցախցին չհանձնվի, առաջինը դա է, Արցախում ապրող մեր եղբայրների և քույրերի աննկուն ոգին է: Օրինակ՝ Լենինգրադը կարող էր, չէ՞, ժամանակին հանձնվել, ինչ օրեր են տեսել: Հիմա իսկապես արցախցուց է կախված: Եթե մարդը չի ուզում պարտվել, չի պարտվի: Արցախում ապրողները եթե այս դժվարությունների միջով անցնեն, այստեղ իրենց դիմանալը նաև Աստծուց է կախված»,- ի պատասխան՝ ասաց նա:
Հարցին՝ Արցախում ի՞նչ երաշխիք ունենան, որ այդքան զրկանքներից հետո Նիկոլ Փաշինյանը ստորագրությամբ չի տա Արցախը, հիմա նա դա բանավոր է հայտարարում, Հայկ Նահապետյանը պատասխանեց. «Այդ ստորագրությունն առոչինչ է լինելու, եթե պայքարեց, կանգուն մնաց Արցախում ապրողը, այդ ստորագրությունը կշիռ չի ունենա: Հետևաբար՝ ինչպես 1991-94թթ., այսօր ևս Հայաստանի և հայության ճակատագիրը որոշում են այդ 120 հազար մեր հայրենակիցները: Արցախցիների կանգուն վիճակը փոխանցվելու է և՛ Հայաստանում, և՛ արտերկրում ապրող մեր հայրենակիցներին, և սա նոր զարթոնքի սկիզբ է լինելու: Սա ուղղակիորեն կախված է իրենցից, որքան էլ դժվար լինի, անհնարին ոչինչ չկա»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում