Տարածաշրջանի ամենաժողովրդավարական բորդելը

Հայաստանում արժեքների, արժեհամակարգի դեմ հետևողական, մեթոդական պայքարն ունի շատ որոշակի նպատակներ։ Այդ դեգրադացիան, որ իրականում հասնում է արժեքների պղծման, իրականացվում է իշխանության կողմից, անձամբ Նիկոլ Փաշինյանի անմիջական-քարոզչական մասնակցությամբ ու հրահանգավորմամբ։ Հայրենիք, պատմություն, կրոն, եկեղեցի, հիշողություն, ինքնություն․․․ սա իշխանության կողմից թիրախավորված հասկացությունների ոչ ամբողջական, սակայն հիմնարար, համակարգաստեղծ նշանակություն ունեցող արժեքների ցանկն է։

Ցանկացած հանրույթի հավաքական գիտակցության մաս կազմող արժեքային այս համակարգն առավելապես վերկենցաղային է ու աննյութական, պահանջում է հոգևոր կապեր, նվիրում, հավատարմություն ու հավատամք։

Փաշինյանի իշխանությունը, ահա, պայքարելով ընդդեմ այդ արժեքների, պայքարում է նաև հայ հասարակության հոգևոր հիմքի, ոգեղենության դեմ։ Նպատակները բազմաթիվ են, սակայն դրանց շարքում կարևոր նշանակություն ունեն նրանք, որոնք իշխանությանն անհրաժեշտ են շատ գործնական կիրառության տեսանկյունից՝ իշխանության պահպանման նպատակով։ Խնդիրն այն է, որ հանրային արժեհամակարգը, դրանց հիման վրա կառուցվող սոցիալական հարաբերություններն ազդեցության ամենատարբեր մեխանիզմներով ներգործում են նաև քաղաքական կյանքի, քաղաքական հարաբերությունների վրա։

Պատկերավոր ասած, հոգևոր, ոգեղեն բաղադրիչի շեշտադրմամբ ապրող հասարակությունը ներկայացնում է այնպիսի քաղաքականության պահանջարկ, որի հիմքում ոչ միայն ու ոչ այնքան շահերն են, որքան արժեքները, սկզբունքները, գաղափարախոսական դավանանքը։ Եվ, հակառակը, մատերիալիստական, մերկանտիլ արժեհամակարգով ապրող հասարակության համար քաղաքական կյանքում կարևորվում են առավելապես շահերը, կոնյունկտուրան, ճղճիմ նպատակահարմարությունը, երկակիությունը, և այդպես շարունակ։ Ընդ որում, հանրային կյանքի այս երկու կառուցակարգերի միջև կա օրգանական, դիալեկտիկական կապ։

Կարդացեք նաև

Անարժեք հասարակությունը համակերպվում է անգաղափար քաղաքականությանը և հակառակը՝ գաղափարազուրկ, միայն շահերի վրա հիմնված քաղաքականությունը դեգրադացնում է հանրությանը՝ նրան զրկելով կյանքի հոգևոր բաղադրիչներից ու ոգեղենությունից։

Նիկոլ Փաշինյանը, այսպիսով, գիտակցաբար, ամենաստոր ձևով օգտագործում է այս դիալեկտիկան՝ մի կողմից՝ հետևողական պայքարի միջոցով խեղելով հանրային արժեհամակարգի հիմնարար բաղադրիչները, մյուս կողմից՝ արդեն իսկ դեգրադացվող հասարակության համար ընդունելի դարձնելով միայն մանր, կեղտոտ, ճղճիմ շահերի վրա հիմնված և իր կողմից վարվող ներքին ու արտաքին քաղաքականությունը, որն ընդհանուր առմամբ հանգում է միջոցների մեջ որևէ խտրություն չդնելով՝ իշխանության պահպանմանը։ Հայրենիքի կորստի հետ համակերպվող, սեփական հայրենակիցների տառապանքների հանդեպ անտարբեր, միայն նյութական բարեկեցություն հետապնդող հասարակությունն այն սոցիալական պատվանդանն է, որի վրա կանգնած է Նիկոլ Փաշինյանը, և այդ պատվանդանն ամրանում է հանրության արժեքային դեգրադացմանը, բարոյազրկմանն ուղիղ համեմատական կարգով։

Արժեքներից ու սկզբունքներից զուրկ ներքին և արտաքին քաղաքականությունը արժեզրկում և դեգրադացնում է նաև պետությունը՝ անարժեք ու ոչ արժեքավոր դարձնելով այն ոչ միայն՝ սեփական քաղաքացիների, այլ նաև՝ աշխարհի աչքերում։ Դա է նաև պատճառը, իսկ գուցե հիմնական պատճառը, որ միջազգային հարաբերություններում Հայաստանի հետ վարվում են այնպես, ինչպես բարձրաշխարհիկ սալոններում վերաբերվում են ամեն գնով ցանկալի ժանյակին տիրանալու տենչով կոտրատվող կուրտիզանուհուն։

Ցավալի, սակայն անխուսափելի է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածել է տարածաշրջանի ամենաանպատիվ հասարակաց տան, որին, կուրտիզանուհուն բաշխվող քաղաքավարական ժպիտների հանգույն, աշխարհն անվանում է «ժողովրդավարության բաստիոն»։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս