Կեղտոտ պարեր
Օգոստոսի 20-27-ը Հայաստանում կանցկացվի SUMMEET ժամանակակից պարի միջազգային ամառային երրորդ փառատոնը՝ բավական հագեցած ժամանակացույցով, հանրապետության տարբեր մշակութային հաստատություններ ընդգրկող գրավիչ ներկայացումներով, և այդպես շարունակ։
Առաջին հայացքից միայն դրական տպավորություն թողնող այս տեղեկատվությունն իրականում նույն պահին աչքի է ընկնում իր անպատեհությամբ ու ցինիզմով։ Օգոստոսի 20-ին արդեն լրացած կլինի Արցախի շրջափակման 8-րդ ամիսը։ Այսօր՝ հուլիսի վերջին, արդեն չափազանց դժվար է կանխատեսել՝ ի՞նչ իրավիճակ կլինի Արցախում մեկ ամիս անց, Աստված մի արասցե՝ արցախահայերից քանի՞սը կարող է մահացած լինել սովամահությունից այդ ժամանակ։ Եվ այս պայմաններում ազդարարել մեկշաբաթյա պարի փառատոնի մասին՝ համապատասխան ուրախ ներկայացումներով, բանկետներով ու ֆուրշետներով, երևի վերջում էլ՝ հրավառությամբ, մեղմ ասած, վիրավորանք ու անարգանք է 120 հազար մեր հայրենակիցների նկատմամբ։
Ընդհանրապես, այս թեման բազմաշերտ է, ունի բավական նրբություններ ու առանձնահատկություններ, որոնք նման միջոցառումների կազմակերպիչները կարող են ներկայացնել որպես հակափաստարկ՝ իրենց քայլն արդարացնելու համար։
Հասկանալի է, որ փառատոներ, այն էլ՝ արտերկրյա հյուրեր ընդգրկող միջազգային փառատոներ կազմակերպելը բավական ժամանակատար և ծախսատար գործընթաց է, և, որ դրա կազմակերպչական աշխատանքները սկսվել են ամիսներ առաջ, հյուրերին հղվել են հրավիրատոմսերն ու գուցե նաև ավիատոմսերը, և այդպես շարունակ։ Այսինքն՝ կազմակերպիչները կարող են հակադարձել, որ բազմաթիվ հյուրերի համար ստիպված են լինելու չեղարկել հրավերները, ավիատոմսերը, կրելու են մեծ վնասներ։
Այո, միգուցե դա այդպես է։ Մյուս կողմից, սակայն, ցանկության դեպքում սա հրաշալի առիթ է Արցախի մասին աշխարհին, առնվազն՝ պարային արվեստն ընդգրկող շրջանակներին իրազեկելու, թե 21-րդ դարում ինչպես է Ադրբեջանը սովամահության ենթարկում ու ցեղասպանության պատրաստում մի ամբողջ ժողովրդի։ Այսինքն՝ միջազգային պարային փառատոնի կազմակերպիչները կարող էին ի նշան Արցախի հետ համերաշխության, ի նշան Ադրբեջանի վարած քաղաքականության դեմ բողոքի՝ չեղարկել փառատոնը, դա լայնորեն լուսաբանել ոչ միայն տեղական, այլ նաև միջազգային լրատվամիջոցներով՝ հայտարարելով, որ փառատոնը տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ կբացվի Արցախի կյանքի ճանապարհը։
Բայց նման բան տեղի չի ունեցել, փառատոնի կազմակերպիչներն Արցախի մասին ահազանգը տարածելու փոխարեն՝ հրապարակել են իրենց փառատոնի ժամանակացույցը՝ մաս կազմելով Երևանում ու Հայաստանի այլ մարզերում անցկացվող այն միջոցառումներին, որոնք տեղի են ունենում «խրախճանք ժանտախտի ժամին» ապաբարոյական տրամաբանության շրջանակներում։
Չնայած ինչի՞ մասին ենք խոսում, երբ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնն ընդամենը վերջերս անցկացվեց, Տիգրան Ավինյանը և ՔՊ-ական այլ պաշտոնյաներ կարմիր գորգերի վրա լայն ժպիտներով լուսանկարվեցին, սակայն, ինչպես հետագայում պարզ դարձավ՝ որևէ մեկն իր ելույթում Արցախի շրջափակմանն արտերկրից ժամանած հյուրերի մոտ չանդրադարձավ… երևի, որ տրամադրությունները չընկնի:
Կարելի էր, իհարկե, այսօր, ժամանակակից պարի փառատոնի կազմակերպիչներին հարց ուղղել՝ ինչո՞ւ նրանք չեն գնացել վերոնշյալ ճանապարհով, ինչո՞ւ չեն չեղարկել միջոցառումը՝ ի նշան արցախահայերի հետ համերաշխության։ Բայց այդ հարցը հղելու կարիքը չկա, քանի որ փառատոնն ազդարարող հաղորդագրության վերջին նախադասությունը տալիս է այդ հարցի պատասխանը, և ամեն ինչ պարզ է դառնում՝
«Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ»։
Հայաստանի իշխանությունն Արցախից հրաժարման իր քաղաքականությունն իրականացնում է մի քանի հարթություններով՝ քաղաքական, քարոզչական և, որ ամենազազրելին է՝ ժամանցային-մասնակցողական։
Քաղաքական ու քարոզչական հարթություններում ապահովում է հասարակության համակերպումն Արցախից հրաժարումի հետ, իսկ ահա ժամանցային-մասնակցողական տիրույթում հասարակությունը մի կողմից փոխհատուցվում է՝ ստանալով իր հակամարդկայնության դիմաց զվարճանալու հնարավորություն, մյուս կողմից՝ ներքաշվում է ազգուրացության իշխանական կեղտոտ խաղի մեջ, որպեսզի հետագայում նույն իշխանությունը հայտարարի, որ մինչ ինքը հանձնում էր Արցախը, հազարավոր քաղաքացիներ ինքնամոռաց պարում էին հանրապետության տարբեր քաղաքներում։
Նողկալի է, բայց փաստ։
Հարություն Ավետիսյան