ՀՀ Սահմանադրությունն արգելում է Արցախը ճանաչել այլ պետության կազմում, որևէ մեկը նման իրավունք չունի․ Գևորգ Դանիելյան

ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է Արցախն այլ պետության կազմում ճանաչելու արգելքը։ Սահմանադրությունը ներառում է նաև նախաբանը, որը հղում է անում ՀՀ Անկախության հռչակագրին, դա էլ իր հերթին՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ մարզխորհրդի՝ վերամիավորման մասին համատեղ որոշմանը։ Այն, փաստորեն, Սահմանադրության մաս է։ Շատ հաճախ ասում են, թե Սահմանադրության մեջ նման դրույթ ուղղակիորեն չկա, բայց հարկավոր է այն փնտրել նախաբանում, իսկ Անկախության հռչակագիրը տալիս է բոլոր հարցերի պատասխանները։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Գևորգ Դանիելյանը:

«ԼՂԻՄ-ում 1989-ին արդեն կար ազգային խորհուրդ, ու թեև այն վերջնական մարմին չէր, բայց ժամանակավորապես ձևավորվել էր՝ մինչև տեղի կունենային հանրաքվե կամ ընտրություններ նոր իրավական հիմքերով։ Ոմանք ասում են, որ եթե կար վերամիավորման որոշում, էլ ինչո՞ւ Արցախն անկախության գնաց, արդյո՞ք չհակադրվեց վերամիավորմանը։ Այստեղ շատերը տեսնում են վերամիավորման բովանդակությանը հակասող քայլ, սակայն իրականում ամեն ինչ ճշգրիտ է արվել։ Վերամիավորումը գործընթաց է, դրվեց դրա սկիզբը, անգամ հանձնաժողովներ ձևավորվեցին, որոնք պետք է հետագայում աշխատեին այդ գործընթացն ավարտին հասցնելու համար։ Դրա պայմաններից մեկն այն էր, որ Արցախն անկախանար։ Դրան զուգահեռ՝ ընդունվեց նաև ԽՍՀՄ օրենք, բայց եթե անգամ չընդունվեր, այդ գործընթացը տեղի կունենար, շատ ավելի լավ է, որ այդ օրենքը կար»,- ասաց վաստակավոր իրավաբանը:

«1991 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախն անկախացավ հանրաքվեով՝ ԽՍՀՄ օրենքներին համահունչ։ Արցախը ձեռք բերեց սուբյեկտայնություն՝ վերամիավորումն ավելի ամրապնդելու և ավարտին հասցնելու համար։ Այստեղ որևէ հակասություն չկա։ Արցախն անկախացավ Ադրբեջանից, քանի որ այնուամենայնիվ ձևականորեն ճանաչվել էր միութենական հանրապետության կազմում։ Իհարկե, պետաիրավական տեսանկյունից սրանք շատ անհասկանալի, միջազգային չափանիշներին հակասող մոտեցումներ ու դրույթներ էին, բայց խորհրդային օրենսդրությունն այլ մոտեցումներով չէր էլ կարող կառուցվել։ Ռուսաստանը կոչվում էր դաշնություն, քանի որ իր կազմում ուներ ինքնավար հանրապետություններ և մարզեր, մյուսներն ունիտար պետություններ էին։ Ամեն դեպքում, 1995-ին ՀՀ Սահմանադրությամբ այս ամենն ամրագրվեց։ Մինչ այդ՝ 1992-ին, Գերագույն խորհուրդը համապատասխան որոշում էր ընդունել, բայց Սահմանադրությունը բարձրագույն իրավական ուժ ունի, և հղում անել ավելի ցածր իրավական ուժ ունեցող ակտերին՝ տեղին էլ չէ»,- նշեց Դանիելյանը:

Կարդացեք նաև

Նախկին նախարարի պնդմամբ՝ Հայաստանն իրավունք ունի միջազգային հարաբերությունների մեջ մտնելու Արցախի հետ. «Պետությունների անկախությունը ճանաչելը հատուկ սահմանված ակտով չի արվում։ Կան մի քանի տեսակի ակտեր, որոնք վկայում են, որ այդ պետությունը ճանաչված է։ Մեր դեպքում նման ակտերի թիվը հասնում է մի քանի տասնյակի, Արցախի հետ անգամ ռազմական աջակցության պայմանագիր էինք կնքել։ Բնականաբար, եթե մենք չճանաչեինք Արցախը որպես ինքնուրույն պետություն, չէինք էլ կարող նման պայմանագիր կնքել։ Ռազմական աջակցության պայմանագիրը հնարավորություն էր տալիս, որ մենք իրավաչափ հիմքերով Արցախի տարածքում ունենայինք Զինված ուժեր, որոնք ապահովում էին անվտանգությունը։ Մենք արդեն տեսել էինք, թե ինչ է կատարվում Բաքվում, Սումգայիթում, այլ բնակավայրերում և հենց Արցախում։ Սա երկու պետությունների փոխհարաբերությունների բնույթով պայմանավորված քայլ էր»:

«Պետական բյուջեից մշտապես առանձին տողով գումար է հատկացվել, որը փոխանցվել է Արցախի Հանրապետությանը։ Արցախն ունեցել է ներկայացուցչություն Հայաստանում, այսինքն՝ անկախությունը մենք դե ֆակտո ճանաչել ենք, պարզապես չենք ունեցել որոշում։ Իրավական հիմքերն այնքան շատ են, որ բացառում են Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը։ Այդ քայլին միանգամից կհաջորդի այն, որ Բաքուն մեզնից կպահանջի մինչև 200 մլրդ դոլարի փոխհատուցում»,- ամփոփեց Գևորգ Դանիելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս