Հայկական ամոթի քայլող մոնումենտը (թիկնապահներով)
Աշխարհին մեր հանդեպ վերաբերմունքում երկակի ստանդարտների մեջ մեղադրելիս մենք փութաջան ենք առավել, քան որևէ հարցում: Միևնույն ժամանակ մեր հանրային, քաղաքական կյանքը հագեցած է երկակի ստանդարտների անհամար դրսևորումներով, որոնք, որքան էլ զարմանալի է, տեսանելի են նաև մեր կողմից անարգանքի սյունին գամվող երկրների, աշխարհի համար: Արցախի հարցում ստեղծված իրավիճակն առավել քան միանշանակ է, ավելի բարիկադային իրականություն ուղղակի չի լինում:
Հայաստանի իշխանությունը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ: Մնացյալ ամեն ինչ՝ սկսած Արցախի շրջափակումից ու հումանիտար աղետից, մինչև էթնիկ զտման վտանգ ու եվրոչինովնիկների ադրբեջանամետ հայտարարություններ՝ դրա ածանցյալն են, ուղղակի հետևանքը:
Խնդիրն այն է, որ բոլոր երկրները, աշխարհն ի գիտություն են ընդունում Հայաստանի իշխանության կողմից կատարվող հայտարարությունները, որոնք ընկալվում են նաև որպես հայ հասարակության դիրքորոշում այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս իր կտրուկ, առարկայական, տեսանելի անհամաձայնությունը չի հայտնել դրան: Այս պայմաններում մեր հանրային, քաղաքական դաշտի բազմաթիվ շերտեր՝ թրենդից հետ չմնալու նպատակով, զբաղված են քաղաքականության իմիտացիայով. կոչեր, հորդորներ ու պահանջներ են հղում միջազգային հանրությանը, ամենատարբեր երկրների, բայց առաջնորդվում են երկակի ստանդարտներով, երբ խոսքը վերաբերում է ՀՀ իշխանության նկատմամբ վերաբերմունք հայտնելուն:
Հայաստանում լայնորեն տարածված այս պատեհապաշտության շքահանդեսն անցած շաբաթվանից ցցուն կերպով արտահայտվում է Արցախում, որի իշխանությունը կազմակերպել է հանրության արդարացի բողոքի ակցիաներ՝ աջ ու ձախ հանդիմանական կոչեր հղելով աշխարհին, բայց այդպես էլ չտալով Հայաստանի իշխանության, Նիկոլ Փաշինյանի անունը:
Խնդիրն ամենևին այն չէ, որ Նիկոլ Փաշինյանի հասցեին քննադատությունը, վրդովմունքը հաճելի է ականջի համար, և ովքեր նման տեսակետ են հնչեցնում, ավելի հայրենասեր են: Դա չափազանց մակերեսային ու պարզունակ մոտեցում է, որով, ի դեպ, նաև Հայաստանում ընդդիմադիրի ու ոչ ընդդիմադիրի տիտղոսներ են շնորհվում: Խնդիրը շատ ավելի խորքային է և հանգում է նրան, որ այդպիսի լղոզված դիրքավորմամբ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ Արցախից հնչող ցանկացած հայտարարություն, կոչ, պահանջ, հորդոր առնվազն անլուրջ է ընկալվում:
Քաղաքականությունը, այդուհանդերձ, լուրջ զբաղմունք է, և տարբեր երկրներում հետևելով ներհայաստանյան, ներարցախյան զարգացումներին, միևնույն ժամանակ լսելով այստեղից հնչող կոչերը, լավագույն դեպքում դրանց վերաբերվելու են դեմքի հեգնական արտահայտությամբ: Որովհետև նրանք տեսնում են, որ Հայաստանի շատ շրջանակներ ու Արցախի ղեկավարությունը չեն համարձակվում դիմել ստեղծված իրավիճակի առաջնային պատասխանատուին՝ ՀՀ իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին, փոխարենը՝ համազգային մուննաթով պահանջներ են հղում այլ երկրների իշխանություններին:
Նախկինում Արցախի ղեկավարության զգուշավոր վերաբերմունքը ՀՀ իշխանության նկատմամբ որոշակիորեն արդարացված էր այն առումով, որ վերջինս պատասխանատվություն ու պարտականություններ ուներ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, և արդարացի չէր լինի միայն պահանջատիրական դիրքորոշումը: Բայց երբ պատերազմում Արցախի մեծ մասն Ադրբեջանին հանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը նաև վերբալ կերպով այն նվիրաբերեց Ալիևին, Արցախի իշխանության նույնական կեցվածքը որևէ արդարացում չունի, իսկ իրականում հավասար է Նիկոլ Փաշինյանի հետ հանցակցության:
Նիկոլ Փաշինյանի իշխանության հանդուժումը և աշխարհից որևէ բան պահանջելը երկակի ստանդարտների կիրառման ամոթալի դրսևորում է: Հասարակությունն ու քաղաքական ուժերը, որոնք չենք կարողանում լուծել խնդիրները սեփական իշխանության հետ, որը հիմա նույնական է այդ իշխանության խնդիրը լուծելուն, բարոյական իրավունք չունեն պահանջներ ներկայացնել այլ երկրների հասարակությունների կողմից ընտրված իշխանություններին:
Նիկոլ Փաշինյանը հայ հասարակության անարժանապատվության քայլող (տասնյակ թիկնապահների ուղեկցությամբ) մոնումենտ է, որի պատվանդանն այս կամ այն կողմ թեքելով, տարբեր երկրներ՝ Ադրբեջանի գլխավորությամբ, լուծում են իրենց խնդիրները: Եվ դա շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ հայ հասարակությունը չի գտել այդ պատվանդանը կազմաքանդելու միջոցները:
Հարություն Ավետիսյան