Հայաստանի անտեսանելի թշնամին ու իշխանության դաշնակիցը
Հարմարավետության կամ կոմֆորտի գոտի կոչվող երևույթը, որ ուսումնասիրվել է տասնյակ հոգեբանական տեսությունների կողմից, անհատական և հավաքական վարքագծի կարևորագույն կողմնորոշիչներից է։ Հարմարավետության գոտին այն ստատուս-քվոն է, որում ապրում է յուրաքանչյուրս՝ անհատապես, և հասարակությունը՝ հավաքականորեն։ Ամենևին պարտադիր չէ, որ այդ գոտին լինի դրական, հարմարավետ՝ երևույթի անվանմանը համահունչ։ Հնարավոր է և կյանքում, որպես կանոն, ավելի շատ պատահում է, երբ հարմարավետության գոտին կազմում են խիստ բացասական, անգամ սարսափելի պայմանները, որոնք, սակայն, դրանում գտնվողների համար՝ սկզբում զարհուրելի թվալով, ժամանակի հետ դառնում են սովորական։
Որոշակի առանձնահատկություններով, նաև հարմարավետության գոտու հետևանք է մեկ այլ հոգեբանական ու վերջին շրջանում հաճախ հիշվող ֆենոմեն՝ «ստոկհոլմյան համախտանիշը», որի դեպքում զոհը սկսում է էմոցիոնալ կապ, անգամ երախտիք ապրել իրեն ճնշողի, ստորացնողի նկատմամբ։ Դրա հիմքում ընկած է նույն իրողությունը՝ զոհը, ժամանակի հետ, սկսում է հարմարվել անգամ անմարդկային պայմաններին, որոնք ձևավորում են նրա կոմֆորտ գոտին։
Այս երևույթները, ի թիվս բազմաթիվ այլ պատճառների, պայմանավորված են կարևորագույն երկու գործոններով՝ ժամանակ և իներցիա։ Մարդը՝ որպես բոլոր փորձություններին հարմարվող արարած, ժամանակի հետ սկսում է սովորել ամենայնին, ինչն առաջին հայացքից սարսափելի ու ողբերգական է թվում։ Դրան մեծապես օգնում են ժամանակը և իներցիան, առանց որոնց՝ կյանքը չի կարող շարունակվել։ Ժամանակի հետ սարսափելին ու ողբերգականը դառնում են սովորական, իսկ իներցիան նպաստում է, որ դրանք անհատի ու հանրույթների կյանքում մղվեն երկրորդական պլան։ Հատկապես անհատական մակարդակում հարմարավետության այս կամ այն գոտու հաստատմանը նպաստում է նաև կենցաղը՝ բառի նեղ և լայն իմաստներով։ Կենցաղային հոգսերը, առանց որոնց մարդը չի կարող գոյատևել, երկրորդային իմաստ են հաղորդում այն խնդիրներին, որոնք իրականում ունեն կենսական, գոյաբանական նշանակություն, բայց իրենց արտահայտմամբ վերսուբյեկտային են ու ընդհանրական։
Բոլոր այս երևույթները տարբեր դրսևորումներով առկա են մեր իրականությունում։
44-օրյա ողբերգական պատերազմը սկզբում շոկային ազդեցություն ունեցավ հասարակության համար, բայց ժամանակը և իներցիան այդ՝ դեռևս իրականում չհաղթահարված սթրեսն ու ողբերգությունը մղեցին երկրորդ պլան։ Ճիշտ նույն մեխանիզմը գործեց նաև պատերազմին հաջորդած արհավիրքների դեպքում՝ սկսած Գորիս-Կապան ճանապարհի ու Բերձորի շրջանի հանձնումից՝ մինչև 2022 թվականի ագրեսիա։ Առաջին օրերին, լավագույն դեպքում շաբաթներին՝ շոկ, ցասում, անհանդուրժողականություն, որը, սակայն, ժամանակի ու կենցաղային իներցիայի հետ մղվեց երկրորդական պլան։
Համանման անհատական ու հավաքական հոգեբանական մեխանիզմով մենք եթե ոչ՝ մոռացության, ապա՝ սովորականության մատնեցինք Արցախի շրջափակումը, 120 հազար մեր հայրենակիցների ողբերգությունը, որի մասին հիշում ենք լավագույն դեպքում՝ որպես ամենօրյա լրահոսի առարկա։ Շրջափակված Արցախը դարձավ մեր հարմարավետության գոտու մաս, որը ժամանակի հետ սպառնում է վերածվել հանդուրժելի ստատուս-քվոյի։
Հոգեբանական այս մեխանիզմը՝ շոկ-զայրույթ-պայքար-համակերպում-իներցիա-հարմարավետության գոտի, գործում է պետական ու հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։
Օրինակ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի քաղաքական հետապնդումը, շինծու քրեական գործով կալանավորումը մի քանի օր հարուցեց մտահոգ մարդկանց ցասումը, զայրույթը, անհաշտությունը։ Բայց կենցաղային իներցիան կրկին հաղթեց․ այսօր Աշոտյանի դեմ վարվող խայտառակ հետապնդման դեմ պայքարում են միայն նրա կուսակիցները ու որոշ հանրային դեմքեր։
Օրինակները կարելի է անվերջ շարունակել՝ սկսած Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հակահայկական հայտարարություններից՝ մինչև Կասկադում Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու դեմքին թքելու զազրելի միջադեպ ու սակուրաներով փոխարինված հատված ծառեր, Էրդողանի առաջ նվաստացումից մինչև պերաշկիակերության էքզիբիցիաներ։ Բոլոր այդ և մնացած դեպքերում գործում է նույն մեխանիզմն այնքան ժամանակ, քանի դեռ իներցիան չի հաղթում ու խայտառակ իրողությունը չի դառնում մեր հարմարավետության գոտու մաս։
Իներցիան, այսպիսով՝ հանդես գալով որպես արատավոր, կործանարար, հակապետական երևույթների հետ հանրային հաշտության անտեսանելի գործիք, միևնույն ժամանակ դարձել է իշխանության նույնքան անտեսանելի, սակայն շատ արդյունավետ դաշնակիցը։ Դա նշանակում է, որ իշխանությանը հաղթելու համար նախ կամ զուգահեռաբար պետք է հաղթահարել իներցիան, թույլ չտալ կենցաղին՝ երկրորդական պլան մղել այն աղմկահարույց դեպքերը, որոնց հանրագումարում Հայաստանը մոտենում է այն վերջնական հարմարավետության գոտուն, որից անդին չգոյությունն է։
Հարություն Ավետիսյան