ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի քաղաքական և ռազմական մեսիջները

Հուլիսի 6-ին Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը հայտարարություն էր տարածել, որտեղ անդրադարձել է վերջին շրջանում տարբեր պաշտոնատար անձանց կողմից իր անձի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակմանը: Իհարկե, ցանկացած նման հայտարարություն նաև պաշտպանական բնույթ ունի, բայցև կան միանգամայն տրամաբանական հարցադրումներ, ավելին՝ մեսիջներ:

Հիշեցնենք, որ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը մեղադրվում է պատերազմական երկու դրվագով՝ «Արեգա» բարձունքի կորստի և նահանջի հրաման տալու և Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու համար:

Դրվագ առաջին-Արեգասարի կորուստ

«Արեգա» բարձունքը թողնելու հրաման տալու մեղադրանքի համատեքստում Միքայել Արզումանյանը նախ հիշեցրել է, որ ի պաշտոնե նման իրավասություն չի ունեցել, այնուհետև հնչեցրել է հարցեր: Ի դեպ, դրանց 168.am-ն անդրադարձել է իր մի շարք վերլուծություններում:

Կարդացեք նաև

«Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա հետևյալ տրամաբանական հարցերն են ծագում․

– եթե Արեգասարի բարձունքն իրոք գրավված է եղել յուրային ուժերի կողմից, և եթե սեպտեմբերի 29-ին ես հրամայել եմ հանձնել այդ գրավված բարձունքը, ապա ինչո՞ւ դեռևս այն ժամանակ դրա համար պատասխանատվության չեմ ենթարկվել,

եթե ես նման հանցավոր արարք եմ կատարել, ապա դրանից 1 ամիս անց ինչո՞ւ եմ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից նշանակվել պաշտպանության բանակի հրամանատար,

– Արեգասարի բարձունքը հանձնելու հրաման տված անձն ինչպե՞ս կարող էր նման վստահություն վայելել զինված ուժերի հրամանատարության և գերագույն գլխավոր հրամանատարի մոտ։

Որպեսզի հանկարծ ավելորդ մեկնաբանություններ չլինեն, թե իբև այդ մասին զինված ուժերի հրամանատարությունը և գերագույն գլխավոր հրամանատարն այն ժամանակ չեն իմացել, ցանկանում եմ նշել, որ զինվորական գործի հետ փոքր-ինչ առնչություն ունեցող ցանկացած անձ կհաստատի, որ չի կարող նման կարևորության բարձունքը հակագրոհով գրավելու օպերացիա մշակվի, գրավվի այն, և այդ մասին զինված ուժերի հրամանատարությունը չիմանա։

Նույն կերպ հնարավոր չէ, որ զինված ուժերի հրամանատարությունը չիմանա, թե ինչպես գրավված բարձունքը նորից անցավ թշնամուն: Ամեն քայլը սահմանված կարգով զեկուցվում է՝ ըստ ենթակայության։

Իսկ մեկ ամիսը շատ լուրջ ժամկետ է, որ զինված ուժերի հրամանատարությունը և ազգային անվտանգության ծառայությունը չիմանային դրա մասին, իսկ իմանալով հանդերձ էլ՝ ես նշանակվեի ՊԲ հրամանատար»,- նշել է ՊԲ նախկին հրամանատարը:

Այսինքն, եթե ընդունենք, որ պատերազմի առաջին օրերին և նշված գործողությունների ժամանակ Միքայել Արզումանյանը չի հանդիսացել ՊԲ հրամանատար, ավելին, պաշտոն է զբաղեցրել ՀՀ զինված ուժերում, իսկ ՊԲ հրամանատարն այդ ժամանակ եղել է Ջալալ Հարությունյանը, սա վկայում է պատերազմի առաջին իսկ օրերից ՊԲ-ում, առաջնագծում եղած անկազմակերպ վիճակի և Ջալալ Հարությունյանի՝ ՊԲ հրամանատարի պարտականությունները պատշաճ չկատարելու, իր տեղում չլինելու մասին:

Ավելին, հաշվի առնելով, որ պատերազմի առաջին օրերին Միքայել Արզումանյանը պաշտոն էր զբաղեցնում ՀՀ ԶՈՒ-երում՝ հետախուզության վարչությունում, արդյո՞ք ստացվում է, որ նա շրջանցել է ՀՀ ռազմական ղեկավարությանը՝ Օնիկ Գասպարյանին: Սա՝ առաջին:

Երկրորդ, հետաքրքիր է՝ ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը՝ որպես գերագույն հրամանատար, իմացել «Արեգա» բարձունքի շուրջ կատարված գործողությունների մասին, որոնք սկսել են պատերազմի երկրորդ օրը՝ 2020թ. սեպտեմբերի 28-ին, և տևել մինչև հոկտեմբերի 5-ը:

Եթե ուշ է իմացել, նշանակում է՝ Փաշինյանը ձախողվել է որպես գերագույն հրամանատար: Մյուս կողմից, հարց է՝ որքա՞ն ուշ է իմացել: Եթե իմացել է այն ժամանակ, երբ դեռ ՊԲ հրամանատարը Ջալալ Հարությունյանն էր, ապա ինչպե՞ս է 2020 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ՊԲ հրամանատարի պաշտոնում Ջալալ Հարությունյանին փոխարինող ընտրել հենց Միքայել Արզումանյանին: Հատկապես նկատի ունենալով այն հանգամանքը, որ ինչպես Նիկոլ Փաշինյանն էր 2023 թվականի ապրիլի 12-ին ԱԺ-ում ակնարկել՝ Միքայել Արզումանյանը «շարքային գործակալ» է, կամ «պետական դավաճանությանը» համազոր արարք է գործել:

Արդյո՞ք այս առումով կասկած չի առաջանում, որ պատասխանատվությունը հենց Փաշինյանի դաշտում է:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա ապրիլի 12-ին Նիկոլ Փաշինյանը Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ դարձյալ մեղադրանքներ էր հնչեցրել գեներալների հասցեին:

Մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին հարցրել էր՝ արդյո՞ք 5-րդ շարասյան վերաբերյալ նրա արած հայտարարությունը փաստերի վրա էր հիմնված, ինչին Փաշինյանը պատասխանել էր

«Համընկնումը պատահական է, բայց 2 օր առաջ հեռուստատեսությամբ մի ռեպորտաժ տեսա մի քրեական գործի մասին, որը, ինչքան հասկացա՝ ուղարկվել է կամ պետք է ուղարկվի դատարան, որը հետևյալի մասին է, որ ադրբեջանական կողմը գրոհել և գրավել է բարձունք, հայկական կողմը հակագրոհել է և հետ է գրավել բարձունքը:

Հիմա քրեական գործով մեղադրվող բարձրաստիճան զինվորականը մեղադրվում է ինչի՞ համար, որ գնացել է, ընդ որում, իր լիազորությունները զանցառելով, ըստ էության գնացել, ասել է՝ հետ իջեք հետ գրաված բարձունքից, թողե՛ք այդ բարձունքը: Սա չի պրոբլեմը, ամենամեծ պրոբլեմն այն է, որ ցանկացած գործողություն պետք է ունենա պատճառաբանություն, պետք է ունենա բացատրություն: Որովհետև ենթադրենք՝ Պաշտպանության բանակը հաջող հակագրոհ է արել և բարձունքը հետ է գրավել, և մեր բարձրաստիճան զինվորականը գնում հրամայում է, ասում է՝ հետ իջեք, թողեք բարձունքը, այսինքն՝ ըստ էության բարձունքը նորից հանձնեք թշնամուն: Ընդ որում, այդ մարդիկ դիմադրում են, բայց ինքը պնդում է՝ չէ որ չէ, բարձունքը հետ է հանձնում: Ու պրոբլեմն այն է, որ չկա բացատրությունը, ինչո՞ւ, ինչո՞ւ է հետ հանձնվում: Պայմաններ է ապահովում, որպեսզի հակառակորդն առանց որևէ բարդության՝ գրավի տարածքներ, հետո, երբ փաստերը դրվում են, ինքն ասում է՝ հա, մեղավոր եմ, ընդունում եմ իմ մեղքը, բայց սա ամբողջ պատմությունը չի, բայց ինչի՞ ես արել դա, լավ, ինչի՞ ես արել:

Հասկանում եք, ոչ մի հանցագործություն բացահայտված չի, մինչև իր մոտիվացիան չի բացատրվել: Օրինակ՝ եթե ինձնից փորձագիտական կարծիք հարցնեք, որը դե յուրե ոչ մի նշանակություն չունի, ասեք՝ բա ձեր վերսիան ո՞րն է, ինչի՞ են արել, ես կանեմ գուցե ավելի աղմկոտ բացատրություն կամ աղմկոտ հայտարարություն: Օրինակ, ես մտածում եմ՝ կարո՞ղ է ուրիշ երկրի գործակալներ են էդ մարդիկ, հավաքագրվա՛ծ գործակալներ:

Ես, օրինակ՝ էնքան մտածում եմ ինքս իմ մեջ, ես սա չեմ պնդում, անում եմ իմ վերլուծական հետևությունը, որովհետև ես ուզում եմ բացատրություն գտնեմ: Այսինքն՝ կամ ինքը պետք է վերևից հրաման ստացած լինի, ե՞ս պտի տված լինեմ էդ հրամանը, ես գիտեմ, որ ես էդ հրամանը չե՛մ տվել, ուրեմն ինքն ուրիշ տեղ ունի վերև, որտեղից ստացել է հրամաններ և կատարել է, որովհետև, եթե ես տված լինեի էդ հրամանը, էդ մարդը պրոբլեմ չուներ, կասեր՝ վարչապետը հրամայել է, կատարել եմ, ես զինվորական մարդ եմ, բայց քանի որ ենթադրում եմ՝ ինքը մի տեղից է հրաման ստացել, որտեղից հրաման ստացած լինելու փաստը խոստովանելու պարագայում ինքն ավելի լուրջ մեղադրանք կստանա, այսինքն՝ լրտեսի, հայրենիքի դավաճանի մեղադրանք, ինքն ասում է՝ մեղավոր եմ, ինձ անփութության համար դատեք, ինչքա՞ն է հասնում, 7 տարի՞ է հասնում, դատեք, որովհետև էն մյուս խոստովանության դեպքում իրեն ոչ միայն կդատեն, այլև իր ապրած առոք-փառոք կյանքը, կպարզվի՝ 0 արժեք ունի, որովհետև ինքը շարքային գործակալ է, օրինակ»:

Միքայել Արզումանյանը հենց սա էլ նկատի է ունեցել՝ ասելով, թե մեկ ամիսը շատ լուրջ ժամկետ է, որ Ազգային անվտանգության ծառայությունն իմանար դրա մասին, եթե նման բան եղել է: Բայց Նիկոլ Փաշինյանի խոսքում մի ուշագրավ հանգամանք կա. գերագույն գլխավոր հրամանատարի համար խնդիր չէ այն փաստը, որ ենթադրենք՝ Միքայել Արզումանյանն «իր լիազորությունները զանցառելով է, ըստ էության, գնացել, ասել է՝ հետ իջեք հետ գրաված բարձունքից, թողե՛ք այդ բարձունքը», այլ, որ արարքի մոտիվացիան հասկանալի չէ իր համար:

Այսինքն, համակարգի քանդումը, անկառավարելի վիճակը, աստիճանական ենթակայության խախտումը Փաշինյանը խրախուսել է 44-օրյա պատերազմի ժամանակ, ինչը և հանգեցրել է այն ելքին, որի ականատեսը եղանք:

Պակաս ուշագրավ չէ այն, որ Փաշինյանն ասում է՝ «եթե ես տված լինեի էդ հրամանը, էդ մարդը պրոբլեմ չուներ, կասեր՝ վարչապետը հրամայել է, կատարել եմ, ես զինվորական մարդ եմ»:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը մեկ ասում է, որ ինքը պատասխանատու է միայն քաղաքական որոշումների համար, մեկ էլ չի բացառում ռազմական բնույթի որոշումների հնարավորությունը, ինչն, ըստ էության, բխում է «Պաշտպանության մասին» օրենքից՝ «պատերազմ հայտարարվելու դեպքում, որպես զինված ուժերի գերագույն հրամանատար՝ ընդունում է պատերազմական ժամանակի քաղաքական և ռազմական բնույթի որոշումներ»:

Հիմա, որ միայն զինվորականներն են մեղադրվում 44-օրյա պատերազմի ռազմական դրվագներով, կարո՞ղ ենք ենթադրել, որ Փաշինյանը ոչ մի հրաման չի տվել, ոչնչից տեղյակ չի եղել, թե՞ հրամանատարներից հրամաններ են եղել, որոնք չի կարողացել հասկանալ ոչ քաղաքականապես, ոչ բարոյապես, ոչ ռազմականապես, ինչպես մի առիթով հայտարարել էր նա:

Իսկ գուցե հրամաններ Փաշինյանից եղել են, բայց միևնույն է՝ ամբողջ պատասխանատվությունը հրամանատարության վրա՞ է դրվել:

Ի վերջո, հունիսի 20-ին Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանն ինքն է հայտարարել, որ երբ նոյեմբերի 7-ին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իրեն զեկուցել է Շուշիի անկման մասին, ինքը քաղաքը հետ վերցնելու պահանջ է դրել: Եթե նկատի է ունեցել զուտ քաղաքական պահանջ, ապա Շուշիի անկման համար պետք է լինի նաև քաղաքական պատասխանատվություն:

Մինչդեռ այսօր Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկատարելու համար մեղադրվում է միայն ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը: Այսինքն, պատասխանատվությունը միայն ռազմական հարթության մեջ է:

Դրվագ երկրորդ- Շուշիի կորուստ

Իր հայտարարության մեջ Միքայել Արզումանյանն ասում է՝ երբ 2020-ի հոկտեմբերի 27-ին ստանձնել է ՊԲ հրամանատարի պարտականությունները, թշնամին արդեն իսկ մի քանի պաշտպանական գոտիներ անցնելով՝ մոտեցել էր Շուշիի մատույցներին:

Ի դեպ, ՔԿ-ն իր հաղորդագրության մեջ նշել էր, որ հիմք է վերցնում հոկտեմբերի 30-ից սկսած ժամանակահատվածը: 2020թ. հոկտեմբերի 29-ին 168.am-ի հետ զրույցում ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Ագո) ահազանգում էր, որ պատերազմը հասել է Շուշիի պարիսպների տակ, և Ադրբեջանն ուզում է վերցնել Շուշին, և՝ ոչ միայն, իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նույն օրը հայտնել էր https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/4620860977987093/ ՝ «թշնամին գտնվում է Շուշիից առավելագույնը 5 կիլոմետր հեռավորության վրա»:

Հավելենք, որ ըստ «Հետքի»՝ այդ օրերին թշնամուն հաջողվել էր գրավել Ավետարանոցի ձորակի գյուղերը․ հոկտեմբերի 26-ին՝ Մադաթաշենը, հոկտեմբերի 26-27-ին` Մոշխմհատը, հոկտեմբերի 27-ին՝ Ակնաղբյուրն ու Ավետարանոցը, հոկտեմբերի 28-ին՝ Սղնախի հիմնական մասը, 29-ին՝ ամբողջությամբ։

Ի դեպ, 2021-ի ապրիլին Սամվել Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ անձամբ նախաձեռնել և ծրագրել է օպերացիա Չանախչի-Սղնախ գյուղերի մոտ, որպեսզի հակառակորդը չկարողանա Շուշի մտնել, բայց գիշերվա 2-ին տվյալ զորամասերը հրաժարվում են մասնակցել ինչ-ինչ պատճառներով, որի տեսագրությունը կա:

«Օպերացիան հետևյալն էր. երեք գումարտակ՝ 2-ը՝ Հայաստանից, մեկը Ղարաբաղից՝ Առաջաձորի գումարտակը: Խնդիրը հետևյալն էր՝ Ավետարանոց գյուղի դիմացով պիտի նստեին ու բարձունք վերցնեին, հակառակորդին ճանապարհից կտրեին, երկրորդ՝ Սղնախը երկու կողմից շրջապատեին՝ հակառակորդին ստիպելով Շուշիից հետ քաշվել: Շոշ գյուղում գումարտակի հրամանատարներին բացատրվում է օպերացիան, որ Շուշիի խնդիրը կլուծվի։ Նոյեմբերի 5-ի գիշերը ժամը 2-ին ինձ ասում են, որ առաջին հերթին Առաջաձորի գումարտակը հրաժարվում է, հետո Հայաստանի երկու գումարտակներն են հրաժարվում կատարել դա»,- շարունակել էր նա:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախօրեին՝ 2021-ի հունիսի 18-ին, ֆեյսբուքյան իր էջում Փայլակ Առաքելյան անունով օգտատերը պատերազմի ժամանակ Ստեփանակերտի բունկերում կայացած և Սամվել Բաբայանի հիշատակած քննարկման տեսանյութ էր հրապարակել՝ «2020թ. նոյեմբերի Շուշիի չիրականացված օպերացիան, որը փոխելու էր պատերազմի ողջ ընթացքը» գրառմամբ:

Ի դեպ, Առաքելյանի ֆեյսբուքյան էջում գրված էր, որ նա աշխատել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակում: Նշենք, որ պատերազմի օրերին Սամվել Բաբայանն Արցախի ԱԽ քարտուղարն էր:

Տեսագրության մեջ, մասնավորապես, Սամվել Բաբայանն ասում է. «Սղնախն արդեն անցնում ես, դրա տակ, Սղնախի էս կողքով գալիս ես այստեղ: Դրանից այս կողմ, կիլոմետր, կիլոմետր ու կես դեպի Քիրսը: Ունե՞ք ճանապարհ, որով փայտ էիք հանում, չգիտեմ ինչ էիք անում, ճանապարհ ունե՞ք»։

Այնուհետև լսելով պատասխանը՝ «այո, կարյերով, կարյերի մոտով», Բաբայանը շարունակել էր.

«Դա է, հենց այդ ճանապարհը պետք է փակվի: Այս հետևում նստած ժողովուրդը, որ դու գնաս հարձակման, արդեն դառնալու են ավտոմատ ռեզերվ:

Ուրեմն խնդիրը հետևյալն է. արդեն հակառակորդը Շուշին շրջափակել է: Վաղվա մեր գործողությունից կախված է ամբողջ Ղարաբաղի ճակատագիրը: Կարողանո՞ւմ եք հասկանալ, թե ինչ եմ ասում: Այսինքն՝ որևիցե մի րոպե հապաղել կամ պրոբլեմներ ստեղծել չկա: Ինչ խնդիր որ ստացել եք, ամեն մարդ իր խնդիրը կատարում է: Որ հակառակորդի թիկունքը փակվի, սնուցման մեխանիզմը փակվի, հակառակորդին կարողանանք ոչնչացնել: Հակառակ դեպքում մենք պիտի այստեղից դուրս գանք ուղիղ Երևան, ասենք՝ Ղարաբաղ, ցտեսություն, հողերը տանք, գնանք: Դեռ հարց է՝ ադրբեջանցին թողնո՞ւմ է, որ մեր զորքերը, ժողովուրդը հանենք: Այսինքն՝ էս օպերացիան ձևական չի»:

Պատերազմից հետո տարբեր առիթներով Սամվել Բաբայանը և Նիկոլ Փաշինյանը Շուշիի հանձնման մեղավոր են հռչակել ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին, թե՝ աջակցող ուժ չի ուղարկել: Իհարկե, մեղավորների այլ անուններ ևս հնչել են, բայց այս պահին մեղադրվողը, նշեցինք, որ մեկն է՝ Միքայել Արզումանյանը:

Իսկ հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանի՝ Քննիչ հանձնաժողովում «հարցաքննությունից» հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր. «Օնիկ Գասպարյանի հետ հանդիպումը եղել է փակ նիստում, և Շուշիի անկման վերաբերյալ նրա ասածները հակասության մեջ չեն Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստարկների հետ»:

168.amանդրադարձել էր այս զարգացումներին՝ որտե՞ղ են համընկնում Փաշինյանի և Օնիկ Գասպարյանի` Շուշիի հետ կապված ասածները, իսկ որտե՞ղ է ավարտվում Միքայել Արզումանյանի պատասխանատվության չափը:

Մենք ուշադրություն էինք հրավիրել մի կարևոր հանգամանքի վրա. ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին առաջադրված մեղադրանքում Շուշիի պաշտպանությանը վերաբերող դրվագը, ըստ ՀՀ քննչական հաղորդագրության, ավարտվում է նոյեմբերի 7-ով:

Հիմա, երբ Փաշինյանը հայտարարում է, որ նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը զեկուցել է Շուշիի անկման մասին, բայց ինքը հրահանգել է հետ վերցնել քաղաքը, իրականացնել հակագործողություններ, ո՞վ է պատասխանատվություն կրելու նոյեմբերի 7-ից հետո գործողությունների համար:

Եվ արդյո՞ք Գլխավոր շտաբը հավանություն տվել է Փաշինյանի այդ քաղաքական որոշմանը, եթե՝ այո, ապա ի՞նչ հաշվարկների հիման վրա, ունեցե՞լ ենք բավարար ռեսուրսներ, որ նման խնդիր է դրվել ՊԲ հրամանատարության առջև: Եթե անհրաժեշտ ռեսուրս, կարողություններ և մարդուժ ունեցել ենք, ապա ի՞նչ պատճառով է ձախողվել հակագրոհը կամ ո՞ւմ պատճառով:

Ի դեպ, Միքայել Արզումանյանն իր հայտարարության մեջ Շուշիի կորուստը, թերևս, քաղաքական դաշտ է տանում, առնվազն իրեն առաջադրված մեղադրանքը՝ նշելով.

«Ինձ առաջադրված մեղադրանքներն ուղիղ կապված են կոնկրետ պահերին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակներով՝ տարբեր անձանց կողմից Շուշիի հանձնման վերաբերյալ միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելու ժամանակագրության հետ։

Հենց այդ նպատակով էլ որպես թիրախ եմ ընտրվել, որպեսզի ինչ-որ անձինք փորձեն իրենց ուղղված մեղադրանքները փաթաթել իմ վրա»:

ՊԲ նախկին հրամանատարն այստեղ, ըստ էության, մեսիջներ է ուղարկում և՛ իշխանությանը, և՛ ընդդիմադիր ճամբարում գտնվող անձանց՝ գուցե Սեյրան Օհանյանին կամ Արթուր Վանեցյանին, կամ գուցե մեզ համար դեռևս անհայտ անձանց ուղղությամբ:

Իշխանության առումով էլ Միքայել Արզումանյանը, սակայն, հստակ պնդում է, որ քաղաքական ղեկավարությունը քաջատեղյակ է եղել, որ Շուշիիում թշնամու ուժերին և միջոցներին դիմակայելու ոչ մարդկային, և ոչ էլ սպառազինության բավարար ռեսուրս հայկական կողմը չի ունեցել:

Ինչ է սա նշանակում՝ Արցախի նախագահի խնդրանքը ՀՀ ղեկավարությունը մերժե՞լ է, կամ Օնիկ Գասպարյանը՝ որպես ԳՇ պետ, նոյեմբերի 7-ից հետո հակագրոհի որոշում է կայացրել առանց բավարար ռեսուրսների՞, թե՞, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր պնդել, Օնիկ Գասպարյանը Շուշին փրկելու համար զորքը 2 օր ուշացումով է ուղարկել:

Ո՞ւմ և ի՞նչ չափով է Միքայել Արզումանյանը մեղադրում Շուշիի կորստի համար:

Մյուս կողմից, ակնհայտ է, որ ՊԲ նախկին հրամանատարն իր հայտարարության մեջ մի քանի անգամ նշելով՝ «զինված ուժերի հրամանատարությունը», նկատի է ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին:

Արդյո՞ք պատերազմի ընթացքում նրանց հարաբերություններում մասնագիտական տարաձայնություններ և անհամաձայնություններ են եղել:

Իհարկե, կան նաև այլ հարցեր, որոնց պետք է պատասխանի հենց Միքայել Արզումանյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքում առկա դրվագների շրջանակում:

Առաջին, Օնիկ Գասպարյանի խորհրդականը ժամանակ առ ժամանակ հարցազրույցներում նշում է, որ «Միքայել Արզումանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ համաձայնությամբ, գրավոր հրամանով բավականին գրագետ և մարտական փորձ ունեցող բարձրաստիճան սպայի է նշանակում, որը պիտի Շուշիի պաշտպանության համար պատասխանատվություն ստանձներ, բայց հետո Արայիկ Հարությունյանը բանավոր չեղարկում է ՊԲ հրամանատար Միքայել Հարությունյանի գրավոր հրամանը և դարձյալ բանավոր նշանակում է Սեյրան Օհանյանին»: Ո՞ւմ է առաջարկվել հրամանատարի պաշտոնը, ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը չեղարկել այն, եթե նման բան եղել է: Ինչպե՞ս են համագործակցել Շուշիում ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանը և Սեյրան Օհանյանը: Նշենք, որ 168.am-ի հետ զրույցում Սեյրան Օհանյանն ասել էր. 

«Բանակի ղեկավարման ոլորտում ղեկավարություն կարող է ունենալ այն մարդը, որն ունի լծակներ, իսկ ես պաշտոնյա չեմ եղել և ոչ մի լծակ չեմ ունեցել: Ես կազմակերպչական հարցերով աջակցել եմ Շուշիի շրջանի աշխարհազորի հրամանատարին, այնպես, ինչպես փորձել եմ օգնել Շուշիի ուղղության հրամանատարին՝ ՊԲ կողմից նշանակված»:

Երկրորդ, Արեգասարի կորստի համատեքստում Նիկոլ Փաշինյանն ապրիլի 12-ին ԱԺ-ում ակնարկել էր, որ հնարավոր է՝ Միքայել Արզումանյանի, այսպես ասած, նահանջի հրամանի ետևում այլ մարդիկ լինեն:

Երրորդ, նույն ելույթի ժամանակ Փաշինյանը շարունակել էր՝ «ինքն ասում է՝ մեղավոր եմ, ինձ անփութության համար դատեք, ինչքա՞ն է հասնում, 7 տարի՞ է հասնում, դատեք, որովհետև էն մյուս խոստովանության դեպքում իրեն ոչ միայն կդատեն, այլև իր ապրած առոք-փառոք կյանքը, կպարզվի՝ 0 արժեք ունի, որովհետև ինքը շարքային գործակալ է, օրինակ»:

Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են Փաշինյանի մեղադրանքները, կամ նման խնդրանք եղե՞լ է Արզումանյանի կողմից, սրանց ՊԲ նախկին հրամանատարը չի անդրադարձել իր հայտարարության մեջ: Կա՞ արդյոք իսկապես քաղաքական թիրախավորման միտում, բայց ակնհայտ է, որ Միքայել Արզումանյանը, բացի քաղաքական մեսիջներից, նաև Օնիկ Գասպարյանին ռազմական հարցերի վերաբերյալ ասելիք ու նրանից պարզաբանումներ ստանալու պահանջ ունի: Հնարավոր է՝ սա գալիս է նրանից, որ իրեն հայտնի չէ ԳՇ նախկին պետի՝ Քննիչ հանձնաժողովում տված ցուցմունքները, իսկ Օնիկ Գասպարյանն էլ պատերազմի վարման վերաբերյալ հրապարակային քննարկումներն անընդունելի է համարում: Փոխարենը Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առիթից օգտվելով՝ հայտարարում է, որ Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի և Օնիկ Գասպարյանի ասածների մեջ էական տարբերություն չկա, ավելին, «Շուշիի անկման վերաբերյալ նրա ասածները հակասության մեջ չեն Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստարկների հետ»:

Ի դեպ, 168.am-ը գրավոր հարցմամբ փորձել էր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովից պարզել՝ արդյո՞ք հնարավոր է ինչ-որ պահի և որևէ կերպ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում նաև Միքայել Արզումանյանին լսել, սակայն մեր հարցումն այդպես էլ անարձագանք մնաց: Իսկ գուցե ՊԲ նախկին հրամանատարը՝ դեռ էլի կխոսի հայտարարության տեսքով, հատկապես, որ իր դատական նիստերը դռնփակ են, Քննիչ հանձնաժողովում իրեն լսելու մտադրություն առայժմ չունեն, իսկ իշխանության ներկայացուցիչները պարբերաբար տեղեկություններ գաղտնազերծելով՝ խոսելու առիթ տալիս են:

Տեսանյութեր

Լրահոս