Վաշինգտոնում տապալվեց բանակցային երկու ռաունդ․ հայ-ադրբեջանական և Ղարաբաղյան բեկումն արևմտյան պլանով քիչ հավանական է․ Տարասով
«Վաշինգտոնում տեղի ունեցավ բանակցային հերթական տապալված փուլը»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ մեկնաբանելով Երևան-Բաքու բանակցային գործընթացն Արևմուտքի հովանու ներքո։
Հիշեցնենք, որ hունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը բանակցային հերթական ռաունդն անցկացրին Միացյալ Նահանգների մայրաքաղաքում Բլինքենի ու Սալիվանի հովանու ներքո։ Բանակցությունների ավարտին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չնայած նշեց, որ բանակցություններն առաջընթաց են արձանագրել, իսկ ԱՄՆ-ը հանձնառու է շարունակել իր միջնորդական ջանքերը, ամենաբարդ հարցերը թողնվել են հետոյին։
Ստանիսլավ Տարասովը նշեց, որ կողմերի ավանդական տարաձայնությունները շարունակվում են, մնում են նույնը, Արևմուտքը՝ ի դեմս Բրյուսելի և Վաշինգտոնի, լուծում է միայն մեկ խնդիր՝ հնարավորինս հաստատվել Հարավային Կովկասում այս բանակցային գործընթացի միջոցով, փորձելով օր առաջ ռուս խաղաղապահներին դուրս բերել Լեռնային Ղարաբաղից։
«Սակայն, եթե նույնիսկ Արևմուտքի այս նպատակն այսօր չիրականանա, Արևմուտքի համար կարևոր է հնարավորինս հաստատվելը ռեգիոնում, գրավելով բանակցային հարթակը Երևանի և Բաքվի միջև, ներկայանալով՝ որպես ակտիվ ու արդյունքներ ապահովող միջնորդ։
Վաշինգտոնյան վերջին բանակցությունների առանձնահատկությունն այն էր, որ բանակցողները խոստովանեցին, որ ամենածանր հարցերի շուրջ բանակցությունները դեռ առջևում են, որն ինքնին թուլացրեց տպավորությունը, թե Վաշինգտոնում լուրջ գործընթաց կա։ Եթե այդ հարցերը թողնվել են վերջում, ապա ի՞նչ են անում կողմերն այս փուլում, արդեն երկու փուլ է տեղի ունեցել բանակցությունների, այդ բանակցությունները կայացել են ԱՄՆ ամենաբարձր միջնորդությամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգային հարցերով խորհրդականի, սակայն բանակցային այս երկու ռաունդները, որոնք մեծ շուքով ներկայացվեցին՝ որպես բացառիկ, որպես մի քանի օր տևող, որևէ արդյունքի չեն հանգեցրել, լիովին ապարդյուն են եղել։ Երևանն ու Բաքուն էլ իրենց հերթին խճճվել են բանակցային հարթակներում, զուգահեռաբար փորձում են խաղալ այդ հարթակների տարաձայնությունների միջև։
Անդրկովկասից Ռուսաստանին դուրս մղելու Արևմուտքի մոլուցքն Ուկրաինայի պատերազմի ֆոնին հայ-ադրբեջանական բանակցությունները դարձրել են մեծ աշխարհաքաղաքականության մի մաս, միջազգայնացնելով գործընթացը հնարավորինս շատ։ Իմ կանխատեսումն այն է, որ մոտ ապագայում հայ-ադրբեջանական և Ղարաբաղյան հարցերում լուծումները քիչ հավանական են, սակայն Արևմուտքը կշարունակի պահել գործընթացը, դա այս պահին գոնե պետք է անել, ըստ Արևմուտքի»,- ասաց վերլուծաբանը։
Նրա կանխատեսումների համաձայն, այս իրավիճակից տուժելու է միայն ռեգիոնալ անվտանգությունը, որն այս ընթացքում շարունակելու է գտնվել խիստ անկայուն փուլում, քանի որ Բաքուն ցանկանում է հասնել իր բոլոր պահանջների կատարմանը և արդեն սկսում է թիրախավորել Լեռնային Ղարաբաղը, որը չէր անում կես տարի առաջ։ «Սա խնդրահարույց իրավիճակ է նաև ռուս խաղաղապահների համար, որոնք միակն են այսօր, որ ապահովում են ԼՂ ժողովրդի անվտանգությունը, սակայն հայտնվել են ռեգիոնում ամենաբարդ իրավիճակում՝ իրենց չհամաձայնեցված լիազորությունների և աշխարհաքաղաքական թիրախավորման պայմաններում»,- նկատեց նա։
Անդրադառնալով ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Հոսեյն Աբդոլահիանի առաջիկա այցին Բաքու, որտեղ գումարվելու է Չմիավորման շարժման երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների համաժողովը, Ստանիսլավ Տարասովն ասաց, որ սա իրանաադրբեջանական հարաբերություններում գլուխ բարձրացրած լարվածությունից հետո ԻԻՀ ԱԳ նախարարի առաջին այցն է Ադրբեջան, որի նշանակությունը դժվար է թերագնահատել։ Ըստ նրա՝ լարվածության ամենաթեժ փուլն այս պահին հաղթահարված է, ուստի կողմերի խնդիրն է՝ քննարկել առկա օրակարգը, պրոյեկտները, որոնք քիչ չեն։
«Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո Իրանի քաղաքականությունն այս ռեգիոնում փոխվել է, նոր խորություններ է ձեռք բերել՝ զուգահեռաբար առերեսվելով դժվարությունների ու նոր մարտահրավերների։ Սակայն իրանական կողմն այս տարիների ընթացքում գրագետ գործեց և կարողացավ խուսափել լայնածավալ լարվածությունից, որն անընդհատ հրահրում էր Ադրբեջանը։ Կարծում եմ՝ այդ քաղաքականությունը շարունակվելու է, Իրանը թելադրելու է իր կարմիր գծերը, զուգահեռաբար՝ սերտ համագործակցելով Երևանի ու Բաքվի հետ։ Բնականաբար, Ադրբեջանի հետ Իրանն ունի բազմաստիճան խնդիրներ, դրանք ոչ մի տեղ չեն վերանալու, այդ թվում՝ Իսրայելի, Միացյալ Նահանգների ու Թուրքիայի գործոնն ադրբեջանական քաղաքականության շրջանակում, սակայն Իրանն իր հերթին՝ լավ դիվանագիտություն է վարում և ցույց տալիս, որ Իրանի հետ հաշվի չնստել հնարավոր չէ, և Իրանը նույնիսկ ունի շահեր Ադրբեջանում, համատեղ պրոյեկտներ, որոնցում շահագրգռված է։ Սա շատ լավ աշխատել է այս ընթացքում։ Կարծում եմ՝ այս տրամաբանությամբ բանակցությունների ականատեսն ենք լինելու»,- նման տեսակետ հայտնեց ռուս արևելագետը։ Նրա խոսքով, այցն ի օգուտ ՀՀ-ի ևս կլինի, քանի որ իրանական կողմն իրեն դիրքավորել է՝ որպես ՀՀ անվտանգության երաշխավոր, կտրուկ դիրքորոշումներ ներկայացնելով։
Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ վերջին ամիսների ընթացքում իրանական կողմն ավելի զուսպ է իր այդ դիրքավորման հարցում և անընդհատ չի խոսում իր կարմիր գծերի մասին, Ստանիսլավ Տարասովը պատասխանեց, որ դա ունի մի շարք պատճառներ։
Ըստ նրա, ՀՀ-ն պատերազմից հետո Իրանի հետ չհամագործակցեց այն ծավալով, ինչ իրանական կողմն ակնկալում էր, անելով նման հայտարարություններ և նման կտրուկ դիրքորոշումներ հայտնելով։
«Սակայն այդ դիրքորոշումներն Իրանի համար խնդրահարույց դարձան Ադրբեջանի հետ հարաբերությունների տեսանկյունից։ Իրանը նաև ականատես դարձավ, որ ՀՀ-ն խորացնում է իր համագործակցությունն Արևմուտքի և Վաշինգտոնի հետ, իսկ Անդրկովկասում Վաշինգտոնի քաղաքականության գլխավոր թիրախներից մեկն Իրանն է։ ՀՀ դիրքորոշումն է զգուշավորություն է հաղորդում Իրանին։ Սրա հետ մեկտեղ՝ կա Ռուսաստան-Ադրբեջան-Իրան «Հյուսիս-Հարավ» ծրագիրը, որն Իրանի ու Ռուսաստանի համար այս փուլում դարձավ լավ հնարավորություն Ադրբեջանին իրենց դաշտ որոշակիորեն գրավելու համար, քանի որ վերջին շրջանում Արևմուտքն այս հարցում էական առավելություններ է ստացել իր ներդրումներով և պրոյեկտներով»,- բացատրեց Տարասովը։