«Թոշակառուների դժբախտության հաշվին եկամուտ են կուտակում, մի հատ էլ ասում են՝ մեզ փառաբանեք, թոշակը բարձրացրել ենք». Էդգար Ղազարյան
Նիկոլ Փաշինյանը նվազագույն կեսաթոշակի մոտ 4000 դրամով բարձրացումը համարում է աննախադեպ իրադարձություն մեր երկրի պատմության համար:
«…Հայաստանում նվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ 31 հազար 600 դրամից դառնալով 36 հազար դրամ: 36 հազար դրամը Հայաստանում այս պահին հաստատված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի 99.5 տոկոսն է: Իսկ այն կենսաթոշակառուները, ովքեր իրենց թոշակը ծախսում են անկանխիկ և օգտվում են 10 տոկոսի չափով ետվճարի ստացման ծրագրից, փաստացի կստանան պարենային զամբյուղի 106 տոկոսից բարձր գումար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Նիկոլ Փաշինյանը:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը թեմայի վերաբերյալ հետևյալն ասաց. «Թոշակները հուլիսի 1-ից բարձրացել են մոտ 4000 դրամով: Այն լուսավոր օրը, որ պետք է գա, որ կենսաթոշակը համապատասխանի նվազագույն սպառողական զամբյուղին, ըստ իր գրառման, պետք է լինի 2026թ.: Հիմա այդ 3000 դրամը, որ ավելացել է, մարդիկ քանի որ մի ամբողջական ձմերուկ կարող է չկարողանան գնել այդ գումարով, ստիպված պետք է կեսն առնեն: Բայց պարզվում է, որ կառավարության նոր նախաձեռնությամբ՝ կես ձմերուկ առնելու տուգանքը 100 հազար դրամ է կազմում: Դա դեռ միայն ձմերուկը, իրենք կարող է ավելացնեն տուգանքի նոր տեսակ, ասենք, կոճերով ձմերուկ ուտողների համար, ասենք՝ կոճը 1000 դրամ տուգանքի չափ սահմանեն: Դա դեռ առաջիկայում կպարզվի, սեզոնային տուգանքներ են դրանք՝ հատուկ ձմերուկ և սեխ սիրողների համար: Դա ասում է մի մարդ՝ Նիկոլ Փաշինյանը, որն ապրում է կառավարական ամառանոցում, որի ամսական պահպանման ծախսը 120 հազար դոլար է: Այսինքն՝ ինքը այդ թոշակառուների, այդ աղքատության ֆոնին Երրորդ մասի իր կացարանից տեղափոխվել է մի դղյակ, որի պահպանման ծախսերը 120 հազար դոլար են ամսական, և նա ասում է՝ սիրելի թոշակառուներ, հիմա դուք կես ձմերուկ առեք՝ 3000 դրամով, տուգանվեք 100 հազար դրամ ու սպասեք մինչև 2026թ., որպեսզի ձեր կենսաթոշակի չափը հավասարվի սպառողական մինիմումին՝ 67 հազար դրամին: Սա ծաղր չէ՞»:
Էդգար Ղազարյանը խոսեց այն խնդիրների մասին, որոնց թոշակառուները բախվել են փետրվարի 1-ից. «Գիտե՞ք՝ ինչ պրոբլեմներ են ստեղծել թոշակառուների համար փետրվարի 1-ից. մարդիկ, որ ավանդաբար գնում էին Հայփոստի բաժանմունքներում իրենց թոշակն ստանում էին, արդեն գիտեին այդ փոստի աշխատողները այդ մարդկանց, հիմա պետք է անպայման գնան բանկեր: Պատկերացրեք, ասենք՝ կենսաթոշակային տարիքի մարդկանց զգալի մասը արդեն առողջական խնդիրներ ունի, մարդ կա՝ փոստատարն է տանում տուն հասցնում, որովհետև անկողնային հիվանդ է, մյուսը՝ թոռանն է խնդրում: Հիմա այս մարդիկ պետք է գնան՝ բանկում հաշիվ բացեն, քարտ ունենան, քարտի ծածկագիր ստանան, դա տանեն բանկոմատում փոխեն, իրենց ուզած ծածկագիրը դնեն: Պատկերացնո՞ւմ եք: Երևանի մասին ենք խոսում, բա հեռավոր գյուղերում մարդը, այնտեղ բանկոմատ, բան… Ասում են՝ թոշակառուները իրենց քարտով անկանխիկ վճարումներ կատարեն: Ես ուզում եմ իմանալ, էլի, ասենք, մեր Ազատեկ գյուղում թոշակառուները անկանխիկ որտե՞ղ պետք է վճարումներ կատարեն»:
Հարցին՝ ծաղրո՞ւմ են քաղաքացիներին, նա պատասխանեց՝ փող են աշխատում.
«Փողերը տանում են՝ կուտակում են առևտրային բանկերում: Միայն անցած տարի Հայաստանի առևտրային բանկերը միջինով երեք անգամ ավելի շահույթ են ունեցել, քան նախորդ տարիներին: Բանկերն էլ ոտքից գլուխ 15 կազմակերպություն են, ԿԲ նախկին նախագահը 2019թ. կոչվում է հատուկ հանձնարարություններով դեսպան: Լսե՞լ եք Արթուր Ջավադյանի մի մամուլի հաղորդագրություն, թե նա ինչով է զբաղվում՝ հատուկ հանձնարարությունների գծով դեսպանի պաշտոն է զբաղեցնում: Բանկի սեփականատերերից մեկն էլ Խաչատուր Սուքիասյանն է, որի «Հայէկոնոմբանկը» այդպես անշահախնդիր առատաձեռնությամբ ֆինանսավորում է հատկապես ՔՊ պատգամավորների և իշխանական նախարարների նորակառույց շենքերում բնակարաններ առնելը, որպեսզի նաև եկամտահարկից արտոնություններ ստանան: Նայեք դրանց գույքի եկամուտների հայտարարագրերը՝ մեծ մասը «Հայէկոնոմբանկ», ՊԵԿ, եկամտահարկի վերադարձ: Ո՞ւմ հաշվին, թոշակառուների դժբախտության, տանջանքի հաշվին, մի հատ էլ ասում է՝ ինձ փառաբանեք, առաջին անգամ 3000 դրամով թոշակ է բարձրացվել»:
Մանրամասները՝ տեսանյութում