«Փաշինյանի հայտարարությունը չի կարող մեզ շեղել մեր պայքարի ճանապարհից, չենք շեղվելու ինքնորոշման իրավունքից. Վերջնանպատակը դա է». Արթուր Հարությունյան
Հունիսի 28-ին Արցախի Հանրապետության խորհրդարանը միաձայն ընդունեց Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարությունը՝ Վաշինգտոնում գտնվող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին կոչ անելով դադարեցնել Ադրբեջանի գործընկերոջ հետ բանակցությունները, մինչև Ադրբեջանը հստակ փաստաթղթավորված պարտավորություններ չստանձնի սահմանին հրադադարը լիակատար պահպանելու վերաբերյալ։
168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում չբարձրաձայնեց Արցախի խորհրդարանի ընդունած հայտարարության պահանջը, որն, ըստ էության նաև 120 հազար արցախահայերի խոսքն էր, ասաց, որ պետք է հայկական կողմն այդ հարցին պատասխանի:
«Ժամանակագրական առումով, եթե նայում ենք, Ադրբեջանը ցանկացած կարևոր բանակցություններից ու հանդիպումներից առաջ դիմում է նման սադրանքների և փորձում է ճնշման կամ պարտադրանքի տակ անցկացնել այդ հանդիպումները՝ առաջ տանել իր օրակարգը։ Սրա վերաբերյալ էր մեր ընդունած հայտարարությունը, թեպետ տեսանք, որ որոշ լրատվամիջոցներում որոշ փորձագետների կողմից քննադատություն հնչեց, որ՝ ինչո՞ւ պետք է դադարեցվեն բանակցությունները։ Հայտարարության մեջ հստակ կար, որ խոսքը չի վերաբերում բանակցությունների առհասարակ դադարեցմանը, այլ կոնկրետ տվյալ պահին ադրբեջանական ահաբեկչական գործողություն էր կատարվել, պետք է նաև միջնորդների կողմից հստակ երաշխիքներ տրվեն պահպանելու հրադադարի ռեժիմը։ Տեղեկություններ չունեմ, այդ հարցը քննարկվե՞լ է, թե՞ ոչ, բայց ինչպես տեսնում ենք, բանակցություններն ավարտվել են, պաշտոնական հաղորդագրություն կա, ըստ որի՝ երկու կողմերը կարևոր կետերի վերաբերյալ ձեռք չեն բերել համաձայնություն»,- նշեց Արթուր Հարությունյանը։
Ինչ վերաբերում է արցախահայության իրավունքներին և անվտանգության միջազգային մեխանիզմներին, որը ՀՀ ղեկավարությունը մշտապես բարձրացնում է, մոռանալով արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին, Արթուր Հարությունյանն ասաց, որ նման որևէ մեխանիզմ չի տեսնում, քանի որ եղել է միջազգայնորեն ճանաչված ԵԱՀԿ Մինսկի խումբը, որտեղ սկզբունքներից մեկը եղել է ուժի չկիրառումը, ինչն անտեսել է Ադրբեջանը։
«Այս դեպքում խոսվում է Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության մասին՝ միջազգային երաշխիքներով, սակայն Ադրբեջանի ամենաբարձր ղեկավարության մակարդակով արված հայատյաց հայտարարությունների ֆոնին որևէ դրական արդյունք չպետք է ակնկալենք։ Ինքներս միշտ տարբեր ձևաչափերով ասել ենք, որ կողմ ենք և՛ բանակցություններին, և՛ անմիջապես երկխոսությանը, ուղղակի այդ ամենը պետք է լինի ոչ թե նախապայմանների կամ ճնշման տակ, այլ իրավահավասարության սկզբունքով, հաշվի առնելով նաև այն երեք սկզբունքները, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով տարիներ շարունակ ընթացել են բանակցությունները՝ ազգերի ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքները։ Այսօր մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը չի պատրաստվում բանակցություններում լինել կառուցողական, այլ փորձում է իր օրակարգը ճնշումների միջոցով առաջ տանել։ Այսօր տեսնում ենք, որ 200 օրից ավելի 120 հազար մարդ շրջափակման մեջ է, գազն ու էլեկտրաէներգիան անջատում են, կրակում քաղաքացիական անձանց վրա, նման պայմաններում բանակցություններում հնարավոր չէ Ադրբեջանից սպասել կառուցողականություն։ Ինչպես ասել ենք, Ադրբեջանի վերջնական նպատակը՝ միջազգային հանրությանը մոլորեցնելով, առաջ տանել էթնիկ զտման քաղաքականությունը, այդ ամենի արդյունքում՝ միջազգային բոլոր դերակատարները, այդ թվում՝ ակտիվ դերակատարները, որոնք ներգրավված են բանակցություններում, պետք է գիտակցեն, որ Ադրբեջանը չի կարող կառուցողական լինել։ Արցախի հարցին այս ձևով, ոչ արդարացի լուծում տալը, տարածաշրջանում ոչ միայն խաղաղություն չի հաստատվելու, հակառակը՝ դա բերելու է նոր լարվածություն ու սրացումներ»,- հավելեց Արթուր Հարությունյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.600 քկմ տարածքով ճանաչելու մասին Նիկոլ Փաշինյանի՝ Պրահայում հնչեցրած և դրանից հետո մի քանի անգամ կրկնած հայտարարությանը և մեր հարցին, թե նման հայտարարությունները որևէ կերպ ազդում են սեփական հայրենիքում ազատ ապրելու համար արցախահայության պայքարի վրա, Արթուր Հարությունյանը պատասխանեց.
«Նման հայտարությունները չեն կարող մեզ շեղել մեր պայքարի ճանապարհից, որը մենք բռնել ենք 1988 թվականից ի վեր։ Չենք չեղվելու ինքնորոշման իրավունքից, որը մենք իրացրել ենք 1991 թվականին անկախության հռչակագրով։ Մենք 30 տարիների ընթացքում մշտապես ասել ենք այս մասին, և մեր վերջնանպատակը լինելու է դա»։