Սա խաղաղության նմանակում է, դադարեցրե՛ք վաշինգտոնյան բանակցությունները. Արցախի ԱԺ հայտարարությունը

Այսօր Արցախի Հանրապետության խորհրդարանը միաձայն ընդունեց Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություն։ Հայտարարությունը ներկայացրեց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

«Ադրբեջանի Զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի ընդունված եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմը, հունիսի 27-ի, լույս 28-ին տարբեր զինատեսակներից կրակ են բացել Արցախի Հանրապետության տարբեր ուղղություններով, որի հետևանքով զոհվել են մեր 4 հայրենակիցները։ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման պայմաններում հրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Արցախի Հանրապետության այս 4 քաղաքացիների սպանությունը վկայում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն անտեսելով միջազգային հեղինակավոր կառույցների կոչերը՝ խաղաղության և երկխոսության կեղծ օրակարգերով սքողված, ցեղասպանական գործողություններով ձգտում է  ռազմական, քաղաքական, տնտեսական գործիքակազմերի կիրառմամբ հասնել իր հիմնական նպատակին՝ Արցախի վերջնական հայաթափմանը»,- նշեց Արթուր Թովմասյանը։

Հայտարարության տեքստում նաև նշված է՝ ուշագրավ է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար իրականացվող այդ նոր միջադեպը, նախորդ դեպքերին համանման, նույնպես արձանագրվել է այն ժամանակ, երբ ներկայումս ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ Վաշինգտոնում տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական բանակցությունները։

«Սա, անշուշտ, ևս մեկ անգամ վկայում ու հաստատում է, որ խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող այդ բանակցությունները նույնպես իրականում ոչ այլ ինչ են, քան տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության մթնոլորտի ձևավորման նմանակում՝ իբր թե միջազգային ջանքերի համատեքստում։ Խորապես անհանգստացած առկա վտանգավոր իրողությամբ՝ Արցախի ժողովրդի անունից դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ կարեկցական խոսքերից, հորդորներից զատ՝ ձեռնարկեք կոնկրետ քայլեր։ Մասնավորապես՝ պատժամիջոցներ կիրառեք Ադրբեջանի նկատմամբ՝ զսպելով նրա ագրեսիվ նկրտումները։ Համոզված ենք, որ երկակի ստանդարտներով գործելաոճն ավելի է ոգևորում Ադրբեջանին՝ նրան դարձնելով սանձարձակ ու անվերահսկելի։

Կարդացեք նաև

ՌԴ-ին՝ խաղաղապահ առաքելության շրջանակում առավել կոշտ միջոցներով կասեցնել Ադրբեջանի  ցեղասպան ու հակամարդկային գործողությունները, Վաշինգտոնյան բանակցություններում ՀՀ պատվիրակությանը անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները՝ մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լինի լիակատար հրադադարի հաստատումը»,- ասված է հայտարարության մեջ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս