Բաժիններ՝

Սրբուհի Լիսիցյանի 130-ամյակի կապակցությամբ հայտարարվել է Լիսիցյանական շաբաթ

Հայ էթնոպարագիտության հիմնադիր Սրբուհի Լիսիցյանի 130-ամյակի կապակցությամբ հայտարարվել է Լիսիցյանական շաբաթ, որի ընթացքում կիրականացվեն մի շարք միջոցառումներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շաբաթը մեկնարկել է Լիսիցյանի ծննդյան օրը՝ հունիսի 27-ին, Ազատության հրապարակում։ Հունիսի 28-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Ծովակ» ավանդական երգի-պարի խմբի Bon quart խորագրով մենահամերգը։

Հունիսի 29-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) հատուկ միջոցառումների սրահում կկայանա «Հայոց պարի խազագիրը» բանախոսությունը, իսկ հունիսի 30-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում կկայանա «Մեր պարերը և մենք» խորագրով հայկական պարի բաց դաս։ Հուլիսի 2-ին Հայաստանի պատմության թանգարանում կանցկացվի «Պարահեն ինքնություն» բաց դաս-դասախոսությունը։

Հայտնի ազգագրագետ, հասարակական գործիչ, պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ, պրոֆեսոր, գիտությունների վաստակավոր գործիչ Ստեփան Լիսիցյանի դուստրը հիմք դրեց ողջ հայկական պարարվեստի գիտականությանը՝ ուսումնասիրելով պարերը, ապա բացելով պարային ստուդիաներ Թիֆլիսում, Մոսկվայում և Հայաստանում։

Հայաստանում պարի առաջին ստուդիայի, որը հետագայում վերածվեց Պարարվեստի ուսումնարանի, հիմնադիրը 1930-ականներից սկսեց գրառել հայկական ավանդական պարերն ու ստեղծեց պարերի գրառման այնպիսի (Запись телодвижения – Кинетография, Москва, 1940 г.) մի համակարգ, որպիսին մինչ օրս չի ստեղծվել հետխորհրդային տարածաշրջանում, և թերևս անգերազանցելի է աշխարհում թե՛ իր կիրառման պարզությամբ, մատչելիությամբ, թե՛ գրառման ընդգրկունությամբ։ Գրառել է երկու հազարին մոտ հայ ավանդական պարանմուշներ և սկիզբ դրել հայ էթնոպարագիտական դպրոցի և հայոց պարահավաքչությանը։

Լիսիցյանական շաբաթվա նախաձեռնողներն են Կարին կրթամշակութային ՀԿ-ն և Ազգային երգ ու պարի ակադեմիան (ԱԵՊԱ)՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հետ համագործակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս