Ադրբեջանի նոր վերջնագիրը՝ վաշինգտոնյան բանակցություններին ընդառաջ․ ի՞նչ խնդիր լուծեց Ադրբեջանը
Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում ազդարարված Արարատ Միրզոյան-Ջեյհուն Բայրամով բանակցային հերթական ռաունդին ընդառաջ՝ ադրբեջանական կողմը նոր վերջնագիր է ներկայացրել հայկական կողմին։ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հրապարակայնորեն մերժել է ՀՀ իշխանությունների պահանջը խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար հայերի համար անվտանգության երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ։
Ուշագրավն այն է, որ ՀՀ իշխանությունները խոսում են ոչ թե Արցախի կարգավիճակի, ինքնորոշման իրավունքի, այլ պարզապես արցախահայության անվտանգության և իրավունքների մասին՝ այդպիսով իջեցնելով այս հարցում հայկական կողմի երբեմնի նշաձողը պատմական աննախադեպ ցածր մակարդակի, սակայն նույնիսկ սա ադրբեջանական կողմը մերժում է։
«Reuters» գործակալությանը տված հարցազրույցում Բայրամովն ասել է, որ նման երաշխիքն ավելորդ է, և պահանջը նշանակում է միջամտություն Ադրբեջանի գործերին։
«Մենք նախապայմանը չենք ընդունում մի շարք պատճառներով։ Ամենասկզբունքայինը հետևյալն է. սա ներքին, ինքնիշխան խնդիր է: Ադրբեջանի սահմանադրությունը և մի շարք միջազգային կոնվենցիաները, որոնց կողմ է Ադրբեջանը, ապահովում են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի երաշխավորվեն այդ բնակչության իրավունքները»,- ասել է նա՝ նշելով, թե «էթնիկ հայերը դեռ կարող են օգտագործել և կրթվել իրենց լեզվով և պահպանել իրենց մշակույթը, եթե այլ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նման «ինտեգրվեն» ադրբեջանական հասարակությանը և պետական կառույցներին»։
Բայրամովն ասել է, թե խաղաղության բանակցություններում «որոշ առաջընթաց» է եղել, և, որ Բաքուն ցանկանում է գործարք կնքել։
«Եթե կա ցանկություն՝ ոչ միայն հայտարարություններ անելու, այլ նաև գործնական քայլեր կատարելու, կարծում եմ, որ հնարավոր է համաձայնության հասնել նույնիսկ տարեվերջից շուտ։ Բայց եթե չլինի իրական պատրաստակամություն, կարող է ավելի ուշ լինել»,- հավելել է Բայրամովն ադրբեջանական կողմին բնորոշ սպառնալիքի տոնայնությամբ։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը մեզ հետ զրույցում ասաց, որ պատահական չէ, որ ադրբեջանական կողմն այս մասին խոսում է վաշինգտոնյան բանակցություններին ընդառաջ՝ դրանով իսկ ուրվագծելով այս հարցով ապագա բանակցությունների ուղղությունը և հստակեցնելով Ադրբեջանի դիրքորոշումը։ Ըստ նրա՝ կարելի է այս դիրքորոշմանը տարատեսակ որակումներ տալ, սակայն այն հասկանալի է թե՛ Երևանի, թե՛ միջնորդների, ու թե՛ ԼՂ բնակչության համար։
«Շատ ավելի անհասկանալի է Երևանի դիրքորոշումը, որը կարգավիճակի հարց չի բարձրացնում, դրանից ըստ էության հրաժարվել է, սակայն խոսում է անվտանգությունից, դա ինչպե՞ս պետք է ապահովի, ո՞վ և ի՞նչ մեխանիզմներով, սա հստակ չէ։ Եթե այս վերջնագրից հետո Երևանը մասնակցում է բանակցություններին կամ նախապես որևէ դիրքորոշում չի հայտնում, հայտնվում է անհարմար իրադրության մեջ, կարծես համաձայնում է սրան, մյուս կողմից՝ Ադրբեջանը Վաշինգտոնին հասկացնում է, որ, եթե նույնիսկ լինեն Ստեփանակերտի հետ բանակցություններ, ապա միմիայն այս թեմայի շուրջ, ուստի դրանք նույնիսկ կարող են չլինել, քանի որ Ադրբեջանը վերջնագրային բառապաշար է օգտագործում։ Ասել, որ սա նորություն է, նոր դիրքորոշում է, սխալ կլինի, ասել, որ սրան դեմ է Վաշինգտոնը, սխալ կլինի, քանի որ Ադրբեջանի նախագահը բազմիցս տարբեր ձևակերպումներով նման վերջնագրեր է ներկայացրել, սպառնացել, սակայն այդ ամենին արձագանք, զսպում չի հաջորդել, ավելին, շարունակվել են բանակցությունները, և սա էլ ավելի է արմատավորվել։ Վերջին շրջանում կարող ենք նույնիսկ նկատել, որ ադրբեջանական կողմը չի էլ թաքցնում իր ծրագրերը, դրանք դիվանագիտորեն չի փաթեթավորում՝ լավագույնս օգտվելով փխրուն աշխարհաքաղաքական իրավիճակից և մրցակցությունից Հարավային Կովկասի համար, հասկանալով, որ Ադրբեջանի «գինն» էականորեն բարձրացրել է։ Հենց այս պատճառով էլ Ադրբեջանը չի թաքցնում, որ որևէ հարցում, թեկուզ փոքր, պատրաստ չէ որևէ զիջման, և դա գիտեն Արևմուտքը, Երևանը։ Եթե այս օրակարգով են ընթանում բանակցությունները, ուրեմն դա ընդունելի է բոլոր բանակցողների համար, այդ թվում՝ ընդունելի են լինելու այն բոլոր գործողությունները, որոնց մասին սպառնալիքներ է հնչեցնում ադրբեջանական կողմը։ Սա շատ ցավալի ու ծանր իրավիճակ է»,- նման կերպ մեկնաբանեց իրավիճակը վերլուծաբանը։
Սկակովի խոսքով՝ որևէ կասկած չկա, որ վաշինգտոնյան բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա, Երևանը կփորձի ինչ-որ կերպ անդրադառնալ այս վերջնագրին և Վաշինգտոնին ներգրավել այս թեմայի շուրջ՝ փորձելով պահպանել «դեմքը»։
«Սակայն կրկնեմ, որքան էլ անընդունելի լինի Ադրբեջանի դիրքորոշումը, այն հստակ է, իսկ Երևանի դիրքորոշումը և առաջարկն անհասկանալի է, թե ինչի է ցանկանում հասնել, ևս հասկանալի չէ։ Փակուղային իրավիճակ է. Ադրբեջանը կարող է երկխոսել ԼՂ հետ միայն ինտեգրացիայի շուրջ, ԼՂ հայերը շատ ավելի լայն օրակարգ են պատկերացնում ԵԱՀԿ Մինսկի խմբով, իսկ թե ինչ է պատկերացնում Երևանը, ինչ պետք է բանակցի Բաքուն Ստեփանակերտի հետ, հասկանալի չէ, քանի որ ակնհայտ պետք է լիներ ՀՀ իշխանությունների համար, որ Բաքվի համար բանակցային այլ օրակարգ կամ առաջարկ գոյություն չունի»,- ասաց նա։
Սկակովի կարծիքով՝ եթե Վաշինգտոնը շարունակի անտեսել այս սպառնալիքները, վերջնագրերը, մեծ վնաս կհասցնի իր միջնորդական դերակատարությանը։
«Կարճ ժամանակ է, ինչ ԱՄՆ Պետքարտուղարությունը զբաղվում է այս խնդրով, թվում է, որ Բլինքենի մակարդակը հավելյալ կշիռ է հաղորդել գործընթացին, սակայն ադրբեջանական կողմի հավակնությունները չեն զսպվում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ես կկարևորեի ՌԴ ԱԳՆ կոչն ուղղված Բաքվին՝ ԼՂ հայերին պատանդ չդարձնել։ Ռուսաստանը պետք է ճիշտ դիրքավորվի՝ զուգահեռաբար հաշվի առնելով Արևմուտքի ձախողումները»,- ասաց նա։
Իր հերթին՝ եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ նման բանակցություններից առաջ այսպիսի հայտարարությունները, բնականաբար, բանակցությունների համար բացասական մթնոլորտ են ստեղծում։
«Բանակցային երկարատև գործընթացի դեպքում հրապարակային հայտարարել, որ այս կամ այն պայմանը, դիրքորոշումը չի ընդունվում, բացասաբար է անդրադառնալու բանակցությունների վրա, որն ադրբեջանական կողմը հաջող է որակում։ Միգուցե կա նպատակ խափանելո՞ւ այդ բանակցային գործընթացը, չէ՞ որ այն արդեն մեկ անգամ հետաձգվել էր։ Դժվար է կանխատեսել, սակայն սա դիվանագիտական հայտարարություն հնարավոր չէ որակել, և միջնորդները դրան պետք է անդրադառնան, չէ՞ որ նրանք բավականին ժամանակ ու այլ ռեսուրս են ծախսում այս ամենի համար։ Դիվանագիտությունը միակողմանի գործընթաց չէ, և խաղաղությունը միայն մեկ կողմի զիջումներով ձեռք բերվող իրավիճակ չէ, միջնորդների խնդիրն է՝ պահպանել քայլերի ու հայտարարությունների հավասարակշռությունը, եթե նրանք պատասխանատվություն են ստանձնել»,- ասաց նա։