Կառավարությունը շարունակում է Պաշտպանության նախարարության թվով 71 գույքի ու նախկին զորամասերի վաճառքի գործընթացը
Հայաստանի ներկայիս իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ովքեր ներհայաստանյան բոլոր ամբիոններից գոչում են բանակի հանդեպ իրենց «սրտացավ», «մտահոգ» վերաբերմունքի, բանակը«արդիականացնելու ու վերազինելու» իրենց ռազմավարության մասին՝ չմոռանալով բանակից գումարներ շորթելու ու բանակը քանդելու վերաբերյալ տարատեսակ սին մեղադրանքներ հնչեցնել նախկին իշխանությունների հասցեին, դեռ 2022թ. ապրիլին նախաձեռնեցին ՀՀ Պաշտպանության նախարարությանը պատկանող թվով 71 անուն գույքի՝ վաճառքի հանելու գործընթացը, որոնց թվում՝ նաև նախկին զորամասեր, ինչպիսին են, օրինակ, Նուբարաշենի 2-րդ զինավանը, Մուրացանի փողոցում գտնվող ՊՆ Բուժվարչության շենք-շինությունները, Արշակունյաց պողոտա 4/1 հասցում գտնվող 6.5 հա հողամասն իր շենք-շինություններով (Մայրաքաղաքային գունդը), Թալին քաղաքում գտնվող զորամասը, Աշտարակի զինավանը, Գեղարքունիքի մարզի «Վահան-ուղեկալ» զորամասը,
Շիրակի փողոցի վրա տեղակայված նախկին ռուսական զորամասը և այլն։
Որոշումը կառավարության կողմից ընդունվել էր 2022թ. ապրիլի 15-ին (թիվ «496-Ա» որոշում)։ Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ «…տարիներ շարունակ նշված գույքերի պահպանման համար նախարարության կողմից իրականացվել և իրականացվում են ծախսեր՝ պահակի վարձատրություն, էլեկտրաէներգիա և այլն, որոնք արդարացված չեն նախարարության բյուջեի տեսակետից։ Միաժամանակ, պոտենցիալ ներդրողների կողմից պարբերաբար առաջարկներ են ներկայացվում նշված գույքերը վաճառելու կամ վարձակալության հանձնելու վերաբերյալ, որոնց նպատակահարմարության որոշման հարցը դուրս է ՊՆ-ի լիազորությունների շրջանակից»։ Այնուհետև հիմնավորումը հավելվում է հետևյալ պարբերությամբ. «Հաշվի առնելով պատերազմի արդյունքներով ՊՆ-ի նյութատեխնիկական մեծ կորուստները, և դրանց համալրման համար պահանջվող ֆինանսական ռեսուրսների սահմանափակ լինելը, նախարարությունը նպատակահարմար է գտել նշված 71 անվանում գույքը շուկայական արժեքներով օտարելու և այդ միջոցներն ուղղելու նախարարության կարիքների բավարարմանը՝ հիմնականում ժամանակակից սպառազինության գնմանը»։
2023թ. ապրիլի 20-ի դրությամբ, այսինքն՝ կառավարության կողմից ՊՆ հաշվեկշռում գտնվող գույքերի օտարման գործընթացի մեկնարկից մեկ տարի անց, 71 գույքից վաճառվել էր ընդհամենը մեկը, գույքերի մի մասը հանձնվել էր Պետգույքի կառավարման կոմիտեին, իսկ մյուս հատվածի մասով դեռևս չէր իրականցվել հանձնման-ընդունման գործընթանց։ Վաճառված գույքը Ծարավ Աղբյուրի փողոցի՝ ՊՆ-ին պատկանող կիսաքանդ շինությունն էր՝ 332,72 քմ մակերեսով հասարակական շենքը և դրա զբաղեցրած 0.15116 հա մակերեսով հողամասը։ Շինության նվազագույն գին էր սահմանվել 85 մլն 250 հազար դրամը։ Թե ով է եղել գնորդը, հայտնի չէ։
Արդեն ամիսներ անց, ս.թ. հունիսի 22-ին կառավարության հերթական նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում ներառվում է 6 հարց, որոնցից յուրաքանչյուրը վերաբերում է պետական գույքի օտարմանը։ Ուսումնասիրելով նախագծերից յուրաքանչյուրին կցված հիմնավորումները՝ հայտնի դարձավ, որ տվյալ 6 գույքը ՀՀ Պաշտպանության նախարարությունից օտարվող 71 անուն գույքի հերթական «խմբաքանակն» է։
Այսպես, կառավարությունն այսօր՝ ս.թ. հունիսի 22-ին, որոշում կայացրեց վաճառքի հանել ՊՆ հաշվեկշռում գտնվող հետևյալ գույքերը՝
• Ծովակալ Իսակովի պողոտա 22/5 հասցեում 0.5844 հեկտար մակերեսով հողամաս։ Վաճառքի նվազագույն գինը՝ 344 260 105 դրամ։
• Ծովակալ Իսակովի պողոտա 17/2 հասցեում 1.698549 հեկտար մակերեսով հողամաս։ Վաճառքի նվազագույն գինը՝ 1 000 586 341 դրամ:
• Ծովակալ Իսակովի պողոտա 17/178 հասցեում 1.2756 հեկտարմակերեսով հողամաս։ Վաճառքի նվազագույն գինը՝ 751 434 275 դրամ:
• Ծովակալ Իսակովի պողոտա 17/7 հասցեում 0.924 հեկտար մակերեսով հողամաս։ Վաճառքի նվազագույն գինը՝ 544 312 692 դրամ:
• Նորք-Մարաշ,Գ. Հովսեփյան փողոց 46/3 հասցեում 0.3 հեկտար մակերեսով հողամաս։ Վաճառքի նվազագույն գինը՝ 176 724 900 դրամ:
• Նորք-Մարաշ,Գ. Հովսեփյան փողոց 54/5 հասցեում 0.2 հեկտար մակերեսով հողամաս վաճառքի նվազագույն գինը՝ 117 816 600 դրամ։
Պետական այս 6 տարածքներն օտարելու որոշումներից յուրաքանչյուրին կցված ամփոփաթերթում նշվում է, որ ՀՀ Ֆինանսների նախարարությունն ուսումնասիրել է ՀՀ կառավարության տվյալ որոշումը և անհրաժեշտ է համարում հստակեցնել տվյալ հողամասերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի գնահատման ժամանակահատվածը։ Ֆինանսների նախարարության այս առաջարկը, սակայն, ՀՀ կառավարության կողմից չի ընդունվել՝ պատճառաբանվելով, թե օտարմանն առաջարկվող հողամասերի գնահատում չի իրականացվել, քանի որ հողամասերի օտարման գին է սահմանվել ՀՀ կառավարության կողմից սահմանված հողամասերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը: Սա արդեն իսկ խնդրահարույց է, քանի որ ՀՀ կառավարության կողմից գույքերի օտարման գործընթացը նախատեսված է իրականացնել մրցույթի տեսքով, մինչդեռ որոշումներից և ոչ մեկում չկա տեղեկատվություն այն մասին, թե տվյալ մրցույթը երբ է մեկնարկելու և երբ ավարտվելու, իսկ այդպիսի անորոշ ժամանակահատվածում ֆիքսված կադաստրային նվազագույն արժեքով տվյալ գույքերը վաճառքի դնելը նշանակում է, որ ինչ-որ իքս պահի տվյալ գույքերի արժեքները կարող են փոփոխվել, իսկ ավելի կոնկրետ թանկանալ՝ նաև հաշվի առնելով, որ նշված բոլոր 6 գույքերը գտնվում են Երևան քաղաքում։ Կարելի՞ է արդյոք այս գործընթացը համարել պետությունից գումար շորթելու փորձ։ Հաշվի առնելով, որ այս պահին ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից ՀՀ ՊՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների հանդեպ պատվերով հարուցված են մի շարք քրեական գործեր, որոնց քննության հիմնական առարկան պետական գույքի՝ մասնավորապես, զորամասերի օտարումն է շուկայականից ցածր գնով, ապա, այո’, տպավորություն է ստեղծվում, որ հենց ներկայիս իշխանություններն են տիրապետում պետությունից գումար շորթելու այս սխեմային, իսկ հանրության ուշադրությունը շեղելու նպատակով տվյալ գործելաոճի համար մեղադրանքներ առաջադրում նախկիններին։ Անգամ հարուցված այդ գործերի փաստական հանգամանքների ջուր լինելու մասին վկայող բազմաթիվ հրապարակային հայտարարություններն ու ելույթները հիմք չհանդիսացան, որպեսզի ՀՀ կառավարությունը դադարեցնի ՊՆ հաշվեկշռում առկա այդ գույքերի վաճառքի կասկածելի գործընթացը՝ առնվազն ինչ-որ ժամանակահատվածով խուսափելու համար հանրային ուշադրությունից։
Կառավարության կողմից ՀՀ ՊՆ-ին պատկանող գույքերի ու նախկին զորամասերի օտարմանգործընթացի զավեշտայնությունը, սակայն, այսքանով չի ավարտվում։ Հաջորդ զավեշտն այն է, որ 2022թ.-ին ՀՀ ՊՆ-ի թվով 71 գույքի, որոնց թվում նաև նախկին զորամասերի օտարման գործընթացը մեկնարկելիս՝ բերվել են հիմնավորումներ, թե դրանց պահպանման ու սպասարկման համար նախարարության կողմից ծախսեր են իրականացվում, մինչդեռ պատերազմի արդյունքում ՀՀ Պաշտպանության նախարարությունը նյութատեխնիկական մեծ կորուստներ ունի, ու դրանց համալրման համար պահանջվող ֆինանսական ռեսուրսները սահմանափակ են՝ ինչից ելնելով առկա է տվյալ գույքերը վաճառքի հանելու նպատակահարմարություն։ Անհրաժեշտ է արձանագրել, որ, ի տարբերություն 2022թ.-ին կառավարության կողմից ընդունված այդ որոշման, ս.թ. հունիսի 22-ի որոշման մեջ Կառավարությունը պարզապես նախընտրել է որևէ հիմնավորում չներառել։
Այնուամենայնիվ, առաջ են գալիս հարցեր, որոնք անդիմադրելի ցանկություն կա հղելու ՀՀ Պաշտպանության նախարարին և, առավել ևս, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին։
Եվ այսպես՝ հարց Նիկոլ Փաշինյանին.
Նիկոլ Փաշինյա՛ն, օրեր առաջ, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրողքննիչ հանձնաժողովում հայտարարեցիք, որ «…բացառված է, որևէ մեկը չի կարող ասել, թե 2018թ.-ից հետո, իմ՝ վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո, բանակում որևէ բան չի արվել այն պատճառով, որ կառավարությունն ասել է՝ փող չկա:Այդպիսի բան ուղղակի լինել չի կարող»։ Այնուհետև հավելեցիք. «Ես ասել եմ, հարգելի’ գործընկերներ, ինչ պետք է բանակին, մենք դա կապահովենք, և ձեր խնդիրը չէ, թե ոնց մենք դա կապահովենք, մենք դա կապահովենք»: Ստացվում է, որ Ձեր կառավարության կողմից բանակին պատկանող գույքը որոշվում է վաճառքի հանել՝ այն էլ կադաստրային նվազագույն արժեքով, որովհետև ՀՀ ՊՆ-ում առկա նյութատեխնիկական մեծ կորուստները լրացնելու համար պահանջվող ֆինանսական ռեսուրս չկա՞, եթե հիմնվենք 2022թ. որոշման հիմնավորման վրա։ Դա՞ նկատի ունեիք, երբ ասում էիք, որ «ձեր խնդիրը չէ, թե ոնց մենք դա կապահովենք»։ Հիշեցնենք այս տարվա հունվարին զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի փաստը, որի արդյունքում 15 զինծառայող մահացավ։ Եթե կառավարության կողմից 71 անուն գույք հանվում է վաճառքի, քանի որ չի օգտագործվում, բայց դրա վրա պետությունը ծախս է անում, ապա տվյալ զորամասի դեպքում ինչպե՞ս է լինում, որ այն գործում էր՝ լինելով անմխիթար վիճակում գտնվող գոմին նմանվող մի շինություն, որտեղ հայկական բանակի զինվորները ստիպված էին ինչ-որ անհասկանալի՝ գուցե ինքնաշեն վառարանով տաքանալ։
Հաջորդ հարցն ուղղում ենք ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին.
Պարո՛ն Պապիկյան, Ձեր կողմից ղեկավարվող գերատեսչության հաշվեկշռից հանվում է 71 անուն գույք, որոնց թվում են նաև նախկին զորամասեր և դրվում վաճառքի՝ ասելով, թե ֆինանսական ռեսուրսները չեն բավարարում։ Այդ դեպքում ինչպե՞ս է լինում, որ կառավարության կողմից ՀՀ ՊՆ-ին հատկացվող բյուջետային միջոցներն ավելացվում են, բայց միայն 2023թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարողականից իմանում ենք, որ բյուջեի ծախսերում առկա է 130 մլրդ դրամի շեղում, ու այդ թերակատարման «պատասխանատվության» առյուծի բաժինը ընկել է հենց Ձեր կողմից ղեկավարվող ՀՀ պաշտպանության նախարարության վրա։ Ավելի մանրամասնենք։ Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության ապահովման ծրագրի շրջանակներում օգտագործվել է շուրջ 59.3 մլրդ դրամ կամ նախատեսված միջոցների 53.2%-ը: Շեղումը հիմնականում պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավման և ռազմական կարիքների բավարարման միջոցառումների կատարողականով։ Եվ սա արձանագրված է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված հաշվետվության մեջ։ Ավելին, արձանագրվել է, որ եղել է ՊՆ պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի իրականացման խիստ ցածր կատարողական, փաստացի ծախսերը նույնիսկ 12.8%-ով պակաս են եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Տրամաբանորեն հարց է առաջանում՝ եթե առկա է հատկացված մեծ բյուջե, բայց դրա հետ մեկտեղ ՀՀ ՊՆ-ն նման մեծ շեղումով թերակատարում է պլանավորված ծախսերը՝ հատկապես կապիտալ ծախսերը, ապա ինչո՞ւ է ՀՀ ՊՆ-ն օտարում 71 գույք՝ վերջիններս վաճառելու նպատակով և պատճառաբանելով, թե ֆինանսական ռեսուրսները չեն բավականացնում։ Չէ՞ որ, փաստացի՝ սևով սպիտակի վրա գրված հաշվետվություններում ՀՀ ՊՆ-ն իրեն տրամադրված միջոցների ընդամենը կեսն է ծախսում։
Ամփոփելով վերոշարադրված հարցադրումները՝ ի՞նչ նպատակով է կառավարությունը վաճառում նախկին զորամասերը, ո՞րքանով է թափանցիկ առուվաճառքի գործընթացը, ինչո՞ւ է ընտրվել գույքերն օտարելու համար կադաստրային նվազագույն արժեքը, ինչպե՞ս է հանրությունը տեղեկանալու, թե ովքեր են լինելու տվյալ գույքերը ձեռքբերողները, ինչո՞ւ է որոշվել այս պահին վաճառքի ներկայացնել կոնկրետ այդ 6 hողամասերը, որոնցից բոլորը գտնվում են Երևանում, ինչքանո՞վ կարելի է վստահ լինել, որ այս գործընթացը չի պարունակում կոռուպցիոն տարրեր, և տվյալ գույքը ջրի գնով չի գնելու իշխանամետ մի ինչ-որ գործարար և, ամենակարևորը, ինչպե՞ս կարող է հասարակությունը վստահ լինել, որ գույքերի վաճառքից ստացված միջոցներն ուղղվելու են բանակին և ոչ թե, օրինակ, ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ հերթական մեծ գնումը կամ վերանորոգումը անելու համար, կամ որ ՀՀ Պաշտպանության նախարարությունն այդ գումարները ծախսելու է նպատակային, ոչ թե ունենալու ենք գոմից չտարբերվող զորամասեր, որոնց բարեկարգման համար մի լումա անգամ չի ծախսվել, կամ չեն գնվի իշխանական PR-ի համար անհրաժեշտ մեկ այլ բան, ինչպես եղավ ՍՈՒ-30 ինքնաթիռների ձեռքբերման դեպքում, որոնք այդպես էլ մնացին առանց մարտագլխիկ՝ հատկապես, որ վերջին որոշման պարագայում «ժողովրդի կողմից ընտրված» կառավարությունն ավելորդ է համարել իր «սիրելի քաղաքացիների» համար նշել ՊՆ-ին պատկանող գույքերի օտարման նպատակը։