Դա անգրագետ հայտարարություն է, ինչպես այդ անձի կողմից Արցախի հարցին վերաբերող բոլոր հայտարարությունները. Լարիսա Ալավերդյան
Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը չի ցանկանում մեկնաբանել 44-օրյա պատերացմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած արձանագրումները:
«Ճշմարտությանը հակասող այդ բառապաշարն ու մտապաշարը, այդ հեղեղը չեմ մեկնաբանում, չեմ համարում մեկնաբանելու բան»,-168.am- ի հետ զրույցում հակիրճ արձագանքեց իրավապաշտպանը:
Մեր հարցադրումներին ի պատասխան՝ նա, այդուհանդերձ, անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին առնչվող որոշ դրվագների, որոնք սեփական մեկնաբանությամբ էր փորձել ներկայացնել Նիկոլ Փաշինյանը:
Իսկ Փաշինյանը, օրինակ, խոսել էր «Ընդհանուր պետություն» փաթեթի մասին՝ մանրամասնելով.
«Ի՞նչ է այստեղ հետաքրքիր, որ ՀՀ-ն ու ԼՂ-ն համաձայնել էին այդ փաթեթն ընդունել որպես բանակցային հիմք՝ չնայած Լեռնային Ղարաբաղը պետք է լիներ Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում, և ԼՂ բնակիչներն էլ պետք է կրեին ադրբեջանական անձնագրեր՝ «Լեռնային Ղարաբաղ» նշումով:
Ադրբեջանը չհամաձայնեց այդ փաթեթն ընդունել բանակցությունների հիմք, որովհետև ԼՂ՝ բարձր ինքնավարության կարգավիճակը, որն առաջարկվում էր այդ փաթեթով, շատ բարձր էր թվացել Ադրբեջանին:
Այստեղ առանցքային նրբությունն այն է, որ 1998 թվականին ԼՂ շուրջ Տեր-Պետրոսյանի դիրքորոշումները պարտվողական համարելու ֆոնին իշխանության եկած Ռոբերտ Քոչարյանը հենց պաշտոնավարման մեկնարկից փակ դռների հետևում սկսեց քննարկել ու ընդունելի համարել այնպիսի տարբերակներ, որոնք Լեռնային Ղարաբաղն աներկբա ճանաչում էին՝ որպես Ադրբեջանի մաս»:
«Դա անգրագետ հայտարարություն է՝ ինչպես այդ անձի կողմից Արցախի հարցին վերաբերող բոլոր հայտարարությունները,- մեջբերմանը հակադարձեց Լարիսա Ալավերդյանը՝ մանրամասնելով,- «Ընդհանուր պետություն»-ը կոնֆեդերացիա է՝ ոչ թե Արցախը գտնվում է Ադրբեջանի կազմում: Դա այն չէր, ինչ ասում էր Լևոն Տեր-Պետրոսյանը: Լևոն Տեր-Պետրոսյանը բառիս բուն իմաստով ասել էր հետևյալը՝ ՀՀ-ն համաձայն է, որ ԼՂ-ն մնա Ադրբեջանի կազմում միայն բարձր ինքնավարության կարգավիճակում: Դա բոլորովին այլ բան է. այն, որ դիպլոմը չստացած անձը չի հասկանում դա, ինձ չի զարմացնում:
Եվ հետո՝ բանակցային գործընթացն այնպիսի գործընթաց է, որի մասին այդ նույն անձնավորությունը պատկերացում չունի. նա միայն պատկերացում ունի իր 0 կետից սկսելը և մինուսին հասցնելը: Ի՞նչ է նշանակում համաձայնվել են. դա մարտավարություն է, և այդ մարտավարության մեջ կարող են լինել այնպիսի համաձայնություններ, որոնք երբևիցե իրողություն չեն դառնա»:
Իրավապաշտպանը նկատեց, որ «ընդհանուր պետության» այդ փաթեթը հենց այդ մարտավարության մի օրինակն է:
«Երբ 1992 թվականին անձամբ ես առաջարկել եմ Ադրբեջանի արտգործնախարարին Ստոկհոլմում, ասեց՝ ինձ քարերով կսպանեն:
Այսինքն՝ հստակ իմանալով, որ Ադրբեջանը չի համաձայնելու դրան, մարտավարական քայլ է արվել:
Նրանք (Փաշինյանի իշխանությունը) չգիտեն՝ ինչ է մարտավարությունը, այլ գիտեն միայն ենթարկվելը՝ այլ ազգի ցեղասպանական քաղաքականություն վարող պետությանը»,- որպես ասվածի ապացույց՝ նշեց նա:
Դիտարկմանը, թե գուցե Փաշինյանն ու իր թիմն էլ ասեն, որ իրենք էլ մարտավարություն են բանեցնում, երբ ինչ-ինչ հարցերի շուրջ համաձայնության են գնում, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Ինչ-ինչ կետերում համաձայնությունը չի նշանակում կետերը, որոնք ուղղակի հակասում են ԼՂ Հանրապետության կայացման անթերի իրավական հիմքերին:
Պետք է միայն համաձայնել այն սահմաններում, որոնք մի մազաչափ անգամ չեն հեռանում ԼՂՀ լեգալ, լեգիտիմ, օրինական և վստահելի իշխանության գծից»: