Պատմական մանրամասնությունները
Թե ով, երբ և ինչ առիթով է հայտնել Աստծու այս կամ այն խոսքը, հավատացյալի համար էական չէ: Աստվածային ճշմարտությունը ճանաչելու համար դա չէ կարևորը: Հավատացյալի համար երբ, ինչ առիթով, ում միջոցով էլ որ երկրին հասած լինի աստվածային այս կամ այն ճառագայթը, բովանդակ Հայտնությունը Սուրբ Հոգուց է տրված: Եվ բխած լինելով անայլայլելի Աստծուց, Ում մեջ չկա «փոփոխման ստվեր»` այն չի կարող չունենալ համընդհանուր և հավիտենական նշանակություն` որպես կենդանի Աստծու անխախտելի կամք, աստվածային անփոփոխելի ճշմարտության երկրային արտացոլում:
Պատմական իրադարձությունները քրիստոնեական աշխարհայացքի համար ինքնին երկրորդական նշանակություն ունեն. առավել կարևորը նրանց ներքին, անանց իմաստն է, որը կաող է չնկատվել առաջին պլան մղված պատմական իրադարձությունների մեջ*:
Այս պատմական հետազոտությունների մեծ մասն ի զորու է բավարարել ոչ թե գիտակցության խոհեմ պահանջները, այլ ավելի շուտ` աննպատակ հետաքրքրասիրութունը: Մեղսալից մարդկության կամքին այնքան հատուկ են թեթևամիտ հնարքները, որ յուրաքանչյուր նոր պատմական մանրամասնություն պատեհություն է ընձեռում աստվածային հայտնության գանձը վերածել ոչ պիտանի պատմական մի տեղեկատուի:
Հարկ է հստակ հասկանալ, որ Կենաց Գիրքը Աստծու խոսքն է, որն ունի ոչ թե տեղային և ժամանակավոր, այլ համամարդկային և հավիտենական նշանակություն, և որ այս համամարդկայինն ու հավիտենականը հատուկ են աստվածաշնչյան յուրաքանչյուր անձի և Հայտնության ամեն մի խոսքի:
«Ավետարանը,- գրում է մի հեղինակ,- վաղուց տեղի ունեցած և պատմության գիրկն անցած իրադարձությունների արձանագրություն չէ. այն միշտ արդիական է, այն հավերժ է, ինչպես նրանում ամփոփված ճշմարտությունները, որոնք անդադրում իրականանում են մարդկանց կյանքում սերնդեսերունդ»:
Աստվածաշունչ Մատյանի ներքին իմաստի հենց այս ընկալումն է, որ պատմական մանրամասնությունների պատճառով խաթարվում է շատերի համար` շեղելով ուշադրությունը հավիտենականից դեպի ժամանակավորն ու անցողիկը:
Ահա թե ինչու է հնարավոր մեզ բոլորիս ծանոթ ցավալի երևույթը, երբ աստվածաբանությանն ու Եկեղեցու պատմությանը քաջատեղյակ մարդիկ ի զորու չեն քրիստոնեաբար մտածել և զգալ: