«Նիկոլ Փաշինյան, ո՛չ քո ռեժիմից, ո՛չ քեզնից, ո՛չ քեզ ծառայող կառույցներից վախեցող չկա, դու հեռանալու ես. 2024թ. մարտի 1-ին դու էլ վարչապետ չես լինելու». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին այսօր իր բնակարանից տեղափոխել են Քննչական կոմիտե: Նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը գրել էր, որ ձերբակալում են Արմեն Աշոտյանին, իսկ մանրամասները խոստացել էր ավելի ուշ հայտնել:
Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ընդդիմադիր դաշտում Արմեն Աշոտյանն ամենաարդյունավետ գործող գործիչներից էր, եթե ոչ՝ ամենաարդյունավետը, հետևաբար, իր բացահայտումներով և վերլուծություններով նա վտանգ էր ներկայացնում գործող իշխանության համար:
«Արմեն Աշոտյանից ավելի լավ ու արդյունավետ ո՞վ էր պայթեցնում նրանց հակապետական, հակահայկական, տգեղ քաղաքականության փուչիկը: Հետևաբար, պետք է ցեխոտեն, հազար ու մի պիտակ կպցնեն Արմեն Աշոտյանին. Փողերի լվացումը կպցրին, հիմա էլ կարող է Քենեդու սպանությունը կպցնեն և փորձեն հանրության ուշադրությունը շեղել: Արմենի ձերբակալման որոշումը խոսում է մի բանի մասին. առաջինը՝ սա Նիկոլի վախերն են, ռեժիմը խուճապի մեջ է, երկրորդ՝ անձնական հաշվեհարդար»,- 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց նա՝ ընդգծելով՝ փոքր մարդկանց որոշումներ են սրանք:
«Արեմն Աշոտյանն առաջինն ասեց և փաստաթուղթ հրապարակեց՝ խոսելով բրյուսելյան տարբերակի մասին, առաջինը Արմենը հրապարակեց, որ սրանք հրաժարվել են ինքնորոշման իրավունքից, Արմենը հրապարակեց և հասարակության ուշադրությունը հրավիրեց Բորելի հայտարարության վրա, շատերը դա չէին նայել, ինքը հստակ անգլերեն տարբերակը դրեց՝ մեկնաբանություններով: Արմենը մանրակրկիտ ներկայացնում էր և հերձում էր սրանց ստերը, ներկայացնում էր այս իշխանության հակապետական բնույթը: Արմենի և նրա նմանների գործունեության արդյունքում է Փաշինյանի ռեյտինգը 94 տոկոսից իջել 14 տոկոսի: Իհարկե, Արմենը վտանգ է ներկայացնում, եթե նա չի ներկայացնում, ապա ո՞վ է ներկայացնում նրանց համար»,- ասաց նա:
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ կատարվողը քաղաքական և անձնական վրեժխնդրություն է՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից:
Քննչական կոմիտեի խոսնակը նշել է, որ Արմեն Աշոտյանին ձերբակալելու հիմքը խափանման միջոցի պայմանները խախտելն է եղել։
«Արմեն Աշոտյանի խափանման միջոցը եղել է՝ ստորագրություն՝ երկրից չհեռանալու մասին, նա էլ երկրից դուրս չի եկել: Էդ որտե՞ղ է խախտել: Արմեն Աշոտյանը պետական հանցագո՞րծ է, գնացեք ձեր նարկոբարոնների հետևից: Թուրքերը որ Երասխում կրակում են՝ դա հե՞չ, էդ ի՞նչ է խախտել Արմեն Աշոտյանը: Արմեն Աշոտյանը տնից եկել է գործի և գործից գնացել է տուն: Եթե լայվ մտնելն ու նրանց տգետ, հակապետական քաղաքականությունը բացահայտելը խափանման միջոցի խախտում է, ի՞նչ ասեմ: Նիկոլ Փաշինյանի ռեժիմը վախերի մեջ է»,- ՔԿ պարզաբանման վերաբերյալ ասաց Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ նպատակը Արմեն Աշոտյանին և մյուսներին լռեցնելն է:
«Նիկոլ Փաշինյան, ո՛չ քո ռեժիմից, ո՛չ քեզնից, ո՛չ քեզ ծառայող կառույցներից վախեցող չկա, եղա՞վ: Արմենը կբռնվի, ես, թե մյուսը, մեկ է՝ ժողովրդի արգանդը չորացած չէ, և մեկ է՝ դու հեռանալու ես, ու 2023թ. գարունը քո վերջին գարունն է լինելու՝ վարչապետի պաշտոնում, ասել եմ ու կլինի: 2024թ. մարտի 1-ին դու էլ վարչապետ չես լինելու»,- եզրափակեց Շարմազանովը:
Մանրամասները՝ տեսանյութում