Երևանի ընտրությունները՝ Արցախի պաշտպանության հանրաքվե
Սեպտեմբերին կայանալու են Երևանի ավագանու ընտրությունները, որոնց արդեն իսկ պատրաստվում է ոչ միայն իշխանությունը, այլ նաև որոշ ընդդիմադիր կամ որպես այդպիսին հանդես եկող ուժեր։ Իսկ մի շարք կուսակցություններ դեռ վերջնական որոշում չունեն՝ մասնակցե՞լ այդ ընտրություններին, թե՞ ոչ։
Այդ հարցի պատասխանն իրականում բարդ է ու բազմաշերտ, որովհետև մեծ հաշվով, մասնակցությունն արդարացված կարող է լինել միայն հաղթելու իրական նախադրյալների դեպքում, հակառակ պարագայում դա ակամա ծառայելու է իշխանության լեգիտիմացմանը։ Հետևաբար, բոլոր իրական ընդդիմադիր ուժերը, որոնց նպատակն է ոչ թե այդ ընտրություններում իշխանության հետ սեպարատ գործարքների գնալը ու ինչ-որ բան պոկելը, այլ իրապես դրանք քաղաքական գործընթացի վերածելը, իրենց հնարավոր մասնակցությանն այլ, տեղական ինքնակառավարման պրոբլեմատիկայից տարբերվող բովանդակություն հաղորդելու խնդիր ունեն։
Ակնհայտ է, որ մասնակցությունն այդ ընտրություններին՝ զուտ որպես ՏԻՄ ընտրություններ, ի սկզբանե տապալված է, որովհետև իշխանությունն ունի բավարար չափով վարչական ռեսուրս և անսահման փող՝ դրանք որպես ասֆալտի փռման և ավտոբուսների զորաշարժի ցուցահանդես ներկայացնելու համար։
Հետևաբար, ընդդիմությունը պետք է կարողանա Երևանի ավանագու ընտրությունները վերածել վերքաղաքային, ապակառավարչական քաղաքական գործընթացի՝ դրանց հաղորդելով միանգամայն այլ, իշխանության համար շահեկան՝ «տեխնիկականից» տարբերվող իմաստ ու նշանակություն։
Դա նշանակում է, որ այդ գործընթացի հիմքում պետք է դնել այսօր Հայաստանին ու հայ հասարակությանը հուզող ամենակենսական հարցը, որը, ինչպես ցույց են տալիս ոչ միայն օբյեկտիվ իրողությունները, այլ նաև վերջին բոլոր հարցումները, Արցախի խնդիրն է ու արցախահայության ճակատագիրը։ Հետևաբար՝ ընդդիմությունը կարող է հաջողություն ունենալ, եթե համապատասխան տեխնոլոգիական լուծումներով կարողանա Երևանի ավագանու ընտրությունները վերածել Արցախի պաշտպանության պայմանական հանրաքվեի։
Քաղաքական պայքարը, ի թիվս այլ միջոցների, նաև սեփական ուժեղ կողմերի միջոցով մրցակցի թույլ կողմերի վերհանումն է։ Ակնհայտ է, որ Արցախի հարցն ու անվտանգությունն այս իշխանության աքիլեսյան գարշապարն է, և պայքարը (անգամ, եթե նոմինալ առումով դա մունիցիպալ ընտրություն է) այդ հարթություն տեղափոխելու դեպքում է հնարավոր ցույց տալ ասֆալտով պատված այս իշխանության քաղաքական մերկությունը։
Այդ ճանապարհով գնալու դեպքում ընդդիմադիր ուժերը հնարավորություն կտան իրենց կողմից անտարբերության մեջ մեղադրվող հասարակությանը՝ արտահայտել սոցհարցումներով հաստատված սեփական քաղաքական տրամադրությունները և մերժել այն իշխանությանը, որը Արցախը հանձնելով՝ խոստանում է բարելավել երևանցիների կյանքը։
Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանի կողմից հիմա անցկացվող ցանկացած ընտրություն «Արցախը տանք՝ լավ ապրենք» անբարոյական թեզի ստուգատես է, հետևաբար ընդդիմությունը՝ հանրության հետ համարժեք աշխատանքի տեխնոլոգիաներով, կարող է տապալել արցախավաճառությունը Երևանում լեգիտիմացնելու ջանքերը։
Հակառակ դեպքում, ընտրապայքարը տեղական ինքնակառավարման խնդիրների դաշտում ծավալելու պարագայում, ցանկացած մասնակցությունը լեգիտիմացնելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածու Տիգրան Ավինյանին, որը հաղթելու դեպքում դառնալու է Երևանի ոչ թե՝ քաղաքապետը, այլ խանը՝ «խաղաղության պայմանագրի» շրջանակներում։
Հարություն Ավետիսյան