Քաղաքացիական պատերազմի ուրվականը
Վերջին մի քանի ամիսներին տարբեր կազմակերպությունների կողմից հրապարակվող սոցիոլոգիական հարցումները վկայում են Նիկոլ Փաշինյանի անձնական և նրա իշխանության հավաքական վարկանիշի գահավիժման մասին։ Մեկի արդյունքներով՝ Փաշինյանն ունի ընդամենը 14 տոկոս վարկանիշ, մեկ այլ հարցում արձանագրում է 18.8 տոկոսանոց ցուցանիշ։ Նույնը վերաբերում է նաև իշխող կուսակցությանը՝ ՔՊ-ին, որը կրկին տարբեր հարցումներով, ունի 18-22 տոկոսանոց վարկանիշ։
Իշխանության՝ անկում ապրող վարկանիշներն արտահայտող այս հարցումները ցույց են տալիս նաև այլ քաղաքական գործիչների ու ուժերի հանդեպ հանրության վերաբերմունքը։ Բոլոր հարցումների համաձայն, հանրային դաշտում քիչ թե շատ հայտնի գործիչների և ուժերի հանրագումարային վարկանիշը կամ պակաս է, կամ լավագույն դեպքում՝ մոտենում է Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի ցածր վարկանիշներին։
Հանրային տրամադրություններն արտահայտող այս հետազոտությունների ամենամտահոգիչ արդյունքն այն է, որ Հայաստանում առկա է բառի լայն և նեղ իմաստներով վստահության տոտալ ճգնաժամ։ Ոչ մեկը մյուսին չի վստահում։ Դա սկսվում է առօրյա կյանքից ու սովորական մարդկային հարաբերություններից և տարածվում է մինչև քաղաքականություն։ Համատարած անվստահության ամենատարբեր դրսևորումներ կարելի է հանդիպել նույնիսկ կենցաղում․ հարևանները չեն վստահում միմյանց, ընկերներներից շատերը դարձել են վերապահ, բոլորը զգույշ են հեռախոսային խոսակցությունների ժամանակ՝ կասկածելով, որ իրենց գաղտնալսում են, և այդպես շարունակ։
Օրինակների շարքը կարելի է երկար շարունակել։ Հանրագումարում դրանք խտացված կերպով ձևավորում են պետական ու հանրային կյանքում արմատացած համընդհանուր անվստահության պատկերը, ինչն արդեն նաև վարկանիշային դրսևորումներով արտահայտվում է քաղաքականության մեջ։
Ի թիվս այլ գործոնների, նաև անվստահության այս մթնոլորտով է պայմանավորված հակադրությունը, որ Նիկոլ Փաշինյանը՝ ունենալով գահավիժող վարկանիշ, դեռևս շարունակում է պահպանել իշխանությունը։ Դրա գաղտնիքներից մեկն այն է, որ սեփական վարկանիշի գահավիժումը կանխել չկարողանալով, իշխանությունն ամենատարբեր միջոցներով ու տեխնոլոգիաներով դեռևս կարողանում է անել այնպես, որ մյուսները նույնպես չունենան հանրային վստահություն։ Ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում դա հարաբերականորեն հեշտ լուծելի խնդիր է, որին ծառայեցվում են բազմաթիվ շերտերի ներկայացուցիչներ՝ սկսած պետական կառավարման համակարգից ու պետական քարոզչական միջոցներից, մինչև ֆեյքային ֆաբրիկաներ ու թաղային հեղինակություններ։
Նիկոլ Փաշինյանի խնդիրը, այսպիսով, ոչ միայն, իսկ արդեն՝ գուցե ոչ այնքան սեփական անձի նկատմամբ վստահության վերականգնումն է, որքան այնպիսի քաղաքականության իրականացումը, որ իրեն չվստահելով՝ հասարակությունը չվստահի նաև որևէ մեկին։
Հայաստանը, այսպիսով, ի թիվս բազմաթիվ այլ համակարգային ճգնաժամերի, այսօր ապրում է վստահության խորը ճգնաժամի պայմաններում, ինչը եթե ոչ՝ կարճաժամկետ, ապա՝ միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում հղի է բազմաթիվ անցանկալի հետևանքներով։ Վստահության բացակայությունը, կամ, որ նույնն է, համատարած կասկածը, ներքին, անտեսանելի որդի նման կարող է կրծել հասարակությանը՝ դրանով իսկ էլ ավելի խարխլելով առանց այդ էլ երերուն պետության հիմքերը։ Եվ ամենակարևորը՝ առանց վստահության չի կարող լինել ժողովրդավարություն, որով այդքան սիրում է հպարտանալ Նիկոլ Փաշինյանը։
Իրական ժողովրդավարական հասարակությունը հիմնված է փոխադարձ վստահության ու հարգանքի վրա և չի կարող հանդուրժել այնպիսի իշխանությանը, որը գոյատևում է հանրային վստահության փոշիացման հաշվին։ Նիկոլ Փաշինյանը կամ գիտակցված, կամ չհասկանալով՝ անում է ամեն ինչ՝ հասարակությանը «բոլորը բոլորի դեմ» հոգեվիճակի հասցնելու համար, ինչն ուղիղ ճանապարհ է դեպի ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ։ Եվ դա հենց այն է, ինչ պետք է պետությունը վերջնականապես կորցնելու համար, քանի որ ժամանակին պետությունները ստեղծվել են հենց «բոլորը բոլորի դեմ» կործանարար գոյակերպը կանխելու նպատակով։
Հարություն Ավետիսյան