Ներսում փոթորիկ է հասունանում

Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում չի դադարում հարկերի աննախադեպ հավաքագրումների վերաբերյալ նույն տեքստը կրկնել. կառավարության նիստում է հայտարարում, մամուլի ասուլիսում, Ազգային ժողովում, այլ առիթներով։ Մակերեսային համեմատություններ, անտրամաբանական բացահայտումներ է անում, խեղաթյուրում է իրականությունը։

Փորձում է տպավորություն ստեղծել, թե ինչպիսի աննախադեպ ձեռքբերումների են հասել։ Դրա համար երբեմն գնում-հասնում է մինչև 2000-ականներ ու այսօրվա ցուցանիշները համեմատում այդ ժամանակվա ցուցանիշների հետ, երբ դրանք ոչնչով համադրելի չեն. այս ընթացքում բազմաթիվ բաներ են փոխվել, այդ թվում՝ հարկային օրենսդրության, նոր հարկերի ու վճարների ավելացման, ի վերջո՝ գնաճի հետ կապված, որն ուղղակի ազդեցություն ունի հարկային եկամուտների վրա։

Ոչ մի արտառոց բան չկա նրանում, որ տարիների ընթացքում բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են։ Սարսափելի մեծ ձեռքբերում չէ, եթե 4-5 տարում դրանք 50-55 տոկոսով աճել են։ Առավել ևս, եթե հաշվի առնենք այն նպաստավոր պայմանները, որոնք վերջին շրջանում առաջացել են ու այս պահին էլ պահպանվում են հարկային եկամուտների ավելացման համար։ Իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հարկային եկամուտների այդ աճերից չէր խոսում 2 տարի առաջ, երբ դրանք նվազում էին։ Հիմա լավ ժամանակներն են, դրա համար ու նույն սկավառակն անընդհատ պտտեցնում են։ Մինչդեռ, եթե շատերը չգիտեն, շատերն էլ լավ գիտեն, թե ինչի արդյունք են այդ աճերն ու «պատմական ռեկորդները», չնայած Նիկոլ Փաշինյանն այդ մասին գերադասում է չխոսել։

Նրա համար կարևորը հերթական «պատմական ռեկորդները» հնչեցնելն է։ Իսկ թե ինչ կա թաքնված այդ ռեկորդների տակ, շատերին անհասանելի է մնում։

Ասում է՝ 2023թ ապրիլին հավաքել ենք 296,8 մլրդ դրամ հարկային եկամուտ, որը Հայաստանի պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է՝ «Հայաստանում երբեք մեկ ամսվա ընթացքում այդքան հարկային եկամուտ չի հավաքվել։ Օրինակ՝ 2022թ. ապրիլին հավաքվել էր 231,3 մլրդ դրամի հարկային եկամուտ, իսկ 2018թ. ապրիլին՝ 126 մլրդ դրամ։ Այսինքն՝ 2018թ. ապրիլի համեմատ հարկային եկամուտները կրկնապատիկից ավել ավելացել են»։

Նորմալ է, որ հարկային եկամուտներն ապրիլին ռեկորդային են եղել։ Ամեն տարի էլ ապրիլի եկամուտները ռեկորդային են լինում, որովհետև ապրիլը հաշվետու ամիս է՝ շահութահարկի վճարումների համար։

Եվ որ այս տարի նախորդի համեմատ մուտքերը 65 միլիարդով աճել են, դա էլ շահութահարկի հաշվին է։

Մի շարք ոլորտներում ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում մեծ շահույթներ են գեներացվել, ու դա նպաստել է, որպեսզի շահութահարկի վճարներն ավելանան։

Խոսքն առաջին հերթին վերաբերում է բանկային համակարգին, որտեղ անցած տարի աննախադեպ շահույթներ գրանցվեցին, մի կողմից՝ Ռուսաստանից փոխանցված ֆինանսական մեծ հոսքերի, մյուս կողմից՝ բանկային որոշ ծառայությունների ու սպասարկման վճարների բարձրացման հաշվին։ Դրանից էլ ավելացան շահութահարկի գումարներն ու ապրիլի հարկային եկամուտները։

Մյուս կարևոր հանգամանքն էլ կապված է արտաքին առևտրային հոսքերի հետ. ռուսական շուկայի մատակարարումները Հայաստանի միջոցով սպասարկելու արդյունքում որոշ կազմակերպություններ մեծ շրջանառություններ են ապահովում՝ մեծացնելով նաև ներմուծումից բյուջե վճարվող հարկերը։

Սրանք եղել են բյուջեի եկամուտների ավելացման առանցքային գործոնները։ Ընդ որում, ոչ միայն ապրիլին, այլև վերջին առնվազն մեկ տարվա ընթացքում։

Բայց դրանք ժամանակավոր գործոններ են, որոնք կապված են ռուս-ուկրաինական հակամարտության ու Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետ։ Դրանք կդադարեն արտահայտվել բյուջեի հարկային եկամուտներում, երբ վերանան նաև այդ գործոնները։ Ու այդ ժամանակ բյուջեն կանգնելու է եկամուտների ապահովման խնդիրների առաջ։

Բայց քանի դեռ դրան չենք հասել, և հարկային եկամուտները, հայտնի գործոնների շնորհիվ, բարձր են, կարելի է այսպիսի պրիմիտիվ հնարքների գնալ և փորձել հասարակության շրջանում տպավորություն ստեղծել, թե՝ տեսեք, ինչպիսի աննախադեպ հարկային եկամուտներ են հավաքվել։ Երբ դրանք գոյացել են ոչ թե բուն տնտեսության մեջ, այլ տնտեսությունից դուրս։

Իրական տնտեսությունից հարկային եկամուտները, եթե նույնիսկ աճում են, ապա շատ քիչ։ Զարմանալի չէ, որ իրական տնտեսության վիճակը, արձանագրվող բարձր տնտեսական աճերի պայմաններում, նախանձելի չէ։

Նիկոլ Փաշինյանն ապրիլի հարկային եկամուտների պատմական ռեկորդից է խոսում, երբ այդ նույն ամսին արդյունաբերության մեջ անկում է գրանցվել։ Դա չի կարող չազդել այս ոլորտից գանձվող հարկային եկամուտների վրա։ Ենթադրվում է, որ դրանք կրճատվել են, չնայած գրանցված «պատմական ռեկորդներին»։

Սա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ այսօրվա «պատմական ռեկորդները», որոնցով այդքան հպարտանում են, մեր տնտեսության հետ չեն կապված։ Դրանք պատահական գործոնների արդյունք են ու ժամանակավոր։

Երբ այդ ժամանակավոր գործոնները վերանան՝ կանգնելու ենք խնդիրների առաջ և ստիպված ենք լինելու կրկին պարտք վերցնել՝ աշխատավարձ, թոշակ վճարելու համար։ Այնպես, ինչպես 2020-2021թթ., երբ տնտեսական անկման հետևանքով, պետական բյուջեի ակնկալվող եկամուտները չստացվեցին, ու կառավարությունը շուրջ 2 միլիարդ դոլարով պարտքն ավելացրեց։

Հիմա էլ ասում են՝ մենք պարտք չենք վերցնում ընթացիկ ծախսեր անելու կամ աշխատավարձ ու թոշակ վճարելու համար։ Երևի նախկինում էլ չէիք վերցնում, ու պարտքն ինքն իրեն էր ռեկորդային տեմպերով ավելանում։

Դրամն արժևորվել է ու դրա արդյունքում տեղի է ունեցել պարտքի ցուցանիշների որոշակի բարելավում։ Մեկ տարի հետո կարող է կրկնվել նախկին պատկերը, երբ կառավարությունը հասցրել էր խախտել պարտքի սահմանափակումների հետ կապված բոլոր գրված ու չգրված կանոնները, բայց այսօր արդեն շտապում են հայտարարել, թե առաջանցիկ տեմպով հասել են 2026թ. ակնկալվող պարտք-ՀՆԱ ցուցանիշին։

Չեն ասում, որ դա մեծապես պայմանավորված է ոչ թե կառավարության աշխատանքով, այլ արհեստական գործոններով, որոնց կրկնվելու ռիսկը չափազանց բարձր է, ու այն ժամանակ կրկին հայտնվելու են պարտքի թակարդում։ Շատ ավելի վատ, եթե դա համընկնի այն խթանների վերացման հետ, որոնք այսօր դարձել են բյուջեի եկամուտների ավելացման հիմնական գործոնը։

Կառավարության իրականացրած քաղաքականությունը բերել-հասցրել է նրան, որ չնայած այսօր արձանագրվող բարձր աճերին, Հայաստանի՝ ինչպես տնտեսությունը, այնպես էլ՝ ֆինանսական համակարգերը, այդ թվում՝ պետական բյուջեն, կանգնած են լրջագույն ռիսկերի առաջ։ Ու եթե հանկարծ այդ ռիսկերը դրսևորվեն, հետևանքները շատ տխուր են լինելու և՛ տնտեսության, և՛ ֆինանսական համակարգի, և՛ բյուջեի, և՛ հասարակության համար։ Այն, ինչ այդպես գունավոր ներկայացվում է՝ որպես աննախադեպ, միայն արտաքին տեսքն է, ներսում այնքան ռիսկեր են կուտակվել, որ պայթյունից գրեթե անհնարին է լինելու խուսափել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս