«Այսքան ստոր ձևով Արցախին մենակ թողնելն Աստված անպատիժ չի թողնելու». Կարինե Նալչաջյան

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի վերջին հարցումներին, հարցվածների մոտ 62.6 տոկոսն ասել է, որ չի մասնակցել 2018-ի հեղափոխությանը, և միայն 37.4 տոկոս է նշել, որ մասնակցել է, մինչդեռ 2018-ին հարցվածների 91 տոկոսը հակառակն է ասել: Նույն հարցումների համաձայն՝ հարցվածների ընդամենը 3.8 տոկոսն է նշել, որ հեղափոխությունից իր սպասումներն արդարացել են, 52.1 տոկոսի սպասումներն ընդհանրապես չեն արդարացել, իսկ 18 տոկոսինը որոշ չափով չեն արդարացել: Նիկոլ Փաշինյանի գործելոճն ընդհանրապես բացասական է գնահատել հարցվածների 47.1 տոկոսը, իսկ ավելի շուտ բացասական՝ 24.2 տոկոսը, և միայն 5.4 տոկոսն է լիովին դրական գնահատել, 13.4 տոկոսն էլ՝ ավելի շուտ դրական: Հարցվածների գերակշիռ մեծամասնությունը դեմ է Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը և չի պատկերացնում Արցախը՝ Ադրբեջանի կազմում:

 Հոգեբան Կարինե Նալչաջյանի խոսքով՝ հարցման նման արդյունքները ցույց են տալիս, որ հայ ժողովրդի արժանապատվությունը չի կոտրվել:

«Արդեն ինքնախաբեության համար էլ որևէ անկյուն չի մնացել: Եթե մեկ կամ երկու տարի առաջ մարդիկ ինքնախաբեության ինչ-որ տարրեր կարողանում էին գտնել, որ թեկուզ իրենք իրենց համոզեն, որ ճիշտ քայլ են կատարել, հիմա մենք այնպիսի դաժան իրականության հետ ենք բախվում, որ այդ մարդիկ դժվարանում են իրենց արած քայլին որևէ արդարացում գտնել: Ես հոգեբանորեն ավելի հասուն եմ համարում այն մարդկանց դիրքորոշումը, ովքեր ասում են, որ 2018-ին խաբվել և մասնակցել են այդ իրադարձություններին: Եթե մարդն ուղղակի ժխտում է, դա ընդհանուր առմամբ լավ է, որ գոնե կոշտ համառությամբ չեն ասում՝ մասնակցել են, լավ են արել, այլ սա ցույց է տալիս, որ ներքուստ իրենց սխալն զգացել են»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հոգեբանի խոսքով՝ նույնիսկ առօրյա շփումներն են ցույց տալիս մարդկանց տրամադրությունների ակնհայտ փոփոխությունները. «Մարդիկ հասկանում են, թե մենք որտեղ ենք հայտնվել: Մեծ վերլուծական կարողություն պետք չէ ունենալ՝ հասկանալու, թե 2018-ին ինչ էին ասում և ինչ են ասում այսօր: Եթե 2018-ին ասեին այն, ինչ ասում են այսօր, ապա հրապարակը ոչ միայն դատարկ կլիներ, այլևս այլ երևույթների կառնչվեինք, որ՝ ո՞նց կարելի է կանգնել հրապարակում ու նման բան ասել»:

Կարդացեք նաև

Արցախի վերաբերյալ հասարակության դիրքորոշումը նա համարում է շատ կարևոր ցուցիչ. «Արցախը մեր արժանապատվության փորձաքարն է. եթե մարդկանց ճնշող մեծամասնությունն այդպես է կարծում, ուրեմն՝ հայի գենը դեռ չի աղավաղվել, և մենք շատ հուսադրող լիցքեր դեռևս ունենք մեր մեջ: Մարդկանց կազմակերպել է պետք: Նույնիսկ սկզբունքորեն այս իշխանություններին դեմ մարդիկ ուղղակի մեկ օր դուրս չեն գալու, եթե ցնցող իրադարձություն չի եղել, մարդկանց կազմակերպել է պետք:

Պատահական չէ, որ հենց մարդկանց կազմակերպելու փորձեր են անում, թշնամին քնած չէ և միանգամից վարկաբեկում է առաջին շարքերում գտնվող մարդկանց: Այնքան հեշտ է մարդկանց վարկաբեկելը. Ասեկոսեների տարածումը հատուկ հոգեբանական ազդեցության մեխանիզմ է, որը շատ արդյունավետ է լինում ինչ-ինչ հանգամանքներում: Պետք են նաև որոշակի կտրուկ գործողություններ, որովհետև մարդիկ այստեղից էլ են հուսահատվել, որ կարելի է գնալ հրապարակ, լսել շատ ճիշտ խոսքեր, ճշգրիտ վերլուծություններ, հետո նորից գալ տուն, առավոտյան արթնանալ նույն երկրում, նույն իրավիճակում:

Մարդիկ պահանջում են, որ առաջին շարքերում կանգնած մարդիկ ավելի ռիսկով լինեն, ավելի կտրուկ քայլեր կատարեն, և մենք կտեսնենք, որ այդ մարդկանց թիկունքը դատարկ չէ: Դրա պահանջը վաղուց կա, մարդիկ էլ չեն դիմանում: Մարդիկ արդեն զգում են, որ վտանգը գնալով մոտենում է իրենց մարմնին. Նրանք, ովքեր մտածում էին՝ Արցախը հեռու է, հիմա մեկ էլ Տիգրանաշենի, Տավուշի գյուղերի ու Սևանի մասին են լսում, թշնամին նույնիսկ Երևանի անունն է տալիս: Մեր իշխանավորների ակնհայտ թշնամական կեցվածքը մարդկանց սթափեցրել է, որ ինչ-որ մի բան այն չէ, ուղղակի մարդկանց կազմակերպել է պետք: Մարդիկ հասկացել են, որ Արցախն էր մեր անվտանգության երաշխավորը: Այսքան ստոր ձևով Արցախին մենակ թողնելն Աստված անպատիժ չի թողնելու. պետք է եղբայրաբար իրար ձեռք բռնել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս