Գյուղում իրավիճակը գրեթե նույնն է, ինչ սեպտեմբերյան հարձակումից հետո. Ներքին Հանդի վարչական ղեկավար
Վերջին օրերին տարբեր խոսակցություններ են շրջանառվում, որ Սյունիքի մարզում ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչները որոշ հատվածներով հետ են գնացել։
Ըստ խոսակցությունների՝ թշնամին հետ է գնացել Ներքին Հանդի հատվածից։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հունիսի 6-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Տեղ համայնք ներխուժած ադրբեջանցիները, իր տեղեկություններով՝ ինչ-որ կետերից հետ են գնացել, ինչը 168.am-ի հետ զրույցում հերքեց Տեղի բնակիչ Արարատ Շեգունցը՝ ընդգծելով, որ որևէ հատվածից ադրբեջանական կողմը հետ չի գնացել։
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում մեկնաբանություն տալ թեմայի առնչությամբ՝ ընդգծելով, որ թեման մի քիչ զգայուն է։
168.am-ը Սյունիքի մարզի Ներքին Հանդ վարչական շրջանի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ գյուղի վարչական տարածք ներխուժած ադրբեջանցիներն արդյո՞ք որևէ կետից հետ են գնացել։
«Այդ հարցի վերաբերյալ որևէ բան չեմ կարող ասել, որովհետև տեղյակ չեմ, ինքս տեղեկություններ չունեմ։ Բայց գյուղում իրավիճակը գրեթե նույնն է, ինչ եղել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական հարձակումից հետո, որևէ փոփոխություն չկա»,- նշեց Խաչատուր Բաղդասարյանը։
Նրա փոխանցմամբ՝ թշնամին ժամանակ առ ժամանակ կրակոցներ արձակում է, սակայն նախկինի հետ համեմատած՝ կրակոցները որոշ առումով պասիվացել են։
«Բայց կրկնում եմ՝ այնպես չէ, որ թշնամին առհասարակ չի կրակում։ Եթե ամեն ինչ շատ լավ լիներ, ապա մեր բնակիչները հողը կմշակեին, մեր հողերը թշնամու հսկողության տակ են կամ միջդիրքային հատվածում, հիմա մենք միայն տնամերձերն ենք մշակում»,- եզրափակեց Խաչատուր Բաղդասարյանը։