
«Ինտենսիվ կրակոցների դեպքում արձագանքում ենք. Առևանգված զինվորների մասին հարցրեք նախաքննական մարմնից». Արման Սարգսյան

Այսօր խորհրդարանում լրագրողները Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարող է ասել վերջերս ՀՀ տարածքից Ադրբեջանի կողմից առևանգված զինվորների մասին։
«Խնդրում եմ, այս հարցն ուղղեք նախաքննական մարմնին, որովհետև նախաքննություն է իրականացվում, և ցանկալի չէ, որպեսզի ես որևէ մեկնաբանություն իրականացնեմ»,- նշեց Արման Սարգսյանը։
Ինչ վերաբերում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի երեկվա հայտարարությանը, թե Տեղ համայնքում ադրբեջանցիները որոշ հատվածներում հետ են գնացել, Արման Սարգսյանը փոխանցեց՝ ինքն էլ է լսել, որոշակի հաղորդագրություն եղել է, թեկուզ հպանցիկ։
«Ցանկալի չէ, որ ես այդ թեմային անդրադառնամ ու որևէ մեկնաբանություն տամ, հարցը մի քիչ զգայուն է»,- շեշտեց նա։
Խոսելով սահմանային իրավիճակի մասին, Արման Սարգսյանն ասաց, որ սահմանին երեկ եղել են կրակոցներ, որի մասին տրվել է համապատասխան հաղորդագրություն։
«Ինտենսիվ կրակոցների դեպքում մենք արձագանքում ենք։ Ընդհանուր առմամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է, սա հստակորեն կարող ենք ասել»,- եզրափակեց Արման Սարգսյանը։