
«Մենք էլ դրան ենք սպասում՝ տեսնենք, թե մերը ե՞րբ է մերը լինելու». Խաչատուր Բաղդասարյան

Երեք տարի առաջ այս օրը՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, ադրբեջանական կողմից հարձակում եղավ Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի ուղղությամբ, այդ հատվածներում ադրբեջանական կողմն օկուպացրել է մոտավորապես 200 քկմ։
Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Հանդ գյուղն այդ ժամանակ ուղիղ թշնամու նշանառության տակ էր, վնասվել էին բազմաթիվ տներ, գյուղից բազմաթիվ տարածքներ, այդ թվում՝ գերեզմանոցը, մինչև այս պահը շարունակում է մնալ թշնամու օկուպացիայի տակ։
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանության բարձրաստիճան տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, որ չեն պատրաստվում Հայաստանի այդ տարածքներն ադրբեջանական օկուպացիայից ազատել պատերազմի միջոցով։ Հայ հասարակությանը նրանք վստահեցնում են, որ այդ հարցը կլուծվի սահմանազատման և սահմանագծման ընթացքում։
2022 թվականին 200-ից ավելի զոհերի հիշատակին այսօր հարգանքի տուրք է մատուցվել Ներքին Հանդ գյուղում։
Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի խոսքով՝ արտասովոր որևէ բան չեն արել, միայն հարգանքի տուրք են մատուցել զոհերի հիշատակի առջև։
Հարցին՝ արդյոք այս պահին որևէ երաշխիք կա՞, որ Ադրբեջանը կրկին հարձակում չի գործելու ՀՀ տարածքների վրա, նա պատասխանեց.
«Մեզանից որևէ բան կախված չէ, սա լուրջ հարց է, որին մենք իսկապես չենք կարողանում պատասխանել։ Այս հարցին պատասխանելուց մենք շատ ենք հեռու»։
Ինչ վերաբերում է իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տարբեր առիթներով հնչող հայտարարություններին, թե՝ «ինչը մերն է, մերը պետք է լինի, իսկ ինչն Ադրբեջանինն է՝ նրանց պետք է վերադարձվի», Խաչատուր Բաղդասարյանը նկատեց.
«Մենք էլ դրան ենք սպասում, որ տեսնենք՝ մերը երբ է մերը լինելու, բայց այս պահին դժվարանում եմ ասել, որ այդպես կլինի»։