«Հետ են գնացել, բա ի՞նչ են արել, մենք էլ շուտով հասնելու ենք Բերձոր. ոչ մի կետից ադրբեջանցիները հետ չեն գնացել». Տեղ համայնքի բնակիչ
Հունիսի 6-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ասել էր, թե իր տեղեկություններով՝ Տեղ համայնքում ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչները, որոնք առաջ էին եկել, ինչ-որ հատվածներում հետ են գնացել։
«Կարծում եմ՝ այս հարցի հասցեատերը պետք է լինեն համապատասխան կառույցները։
Գիտեմ, որ մերթ ընդ մերթ երկու կողմից իրականացվում են ինժեներական աշխատանքներ, մնացածը, թե ընթացքն ինչպես է, ինչպես է իրականացվում, բնականաբար, դա կոմպետենտ կառույցները պետք է ասեն։
Տեղ համայնքում այն տարածքները, որտեղ բնակիչները չեն կարողանում մուտք գործել, այս տարվա չիրացված ապրանքի համար կստանան աջակցություն, քանի որ վստահ եմ, որ Ադրբեջանը պետք է հետ գնա այնտեղ, որտեղից առաջ է եկել Տեղ գյուղ։ Գիտեմ, որ ինչ-որ տեղերում հետ են գնացել, բայց թե կոնկրետ որ տեղերից, քանի մետր՝ տեղյակ չեմ, քանի որ ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքում է, և իրենք ինձ չեն զեկուցում մանրամասների մասին։ Հետևաբար՝ ինչ էլ ասեն, պետք է ենթադրություն լինի։ Ադրբեջանը պետք է հետ գնա մեր սուվերեն տարածքից, սա միանշանակ դիրքորոշում է»,- ասել էր Ռոբերտ Ղուկասյանը։
Թերևս, տեղին է հիշեցնել, որ այսօր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, երբևէ որևէ առնչություն չի ունեցել այդ մարզի հետ: Նախկինում Գեղարքունիքի մարզի Կալավանի, Ճամբարակի համայնքապետարանների աշխատակից, իսկ 2019 թվականից՝ վարչապետի խորհրդական Ղուկասյանը մարզպետ է նշանակվել ընդամենը մեկ տարի առաջ՝ 2022-ի մարտին:
Ուստի մարզում առկա իրավիճակի մասին ավելի ստույգ տեղեկություն ստանալու համար 168.am-ը դիմեց տեղաբնակներին: Մեզ հետ զրույցում Տեղ համայնքի բնակիչ Արարատ Շեգունցն ասաց, որ ոչ մի ադրբեջանցի էլ Տեղ համայնքում որևէ կետից հետ չի գնացել։
«Հետ են գնացել, բա ի՞նչ են արել, մենք էլ շուտով հասնելու ենք Բերձոր, ոչ մի կետից ու դիրքերից ադրբեջանցիները հետ չեն գնացել, նույն տեղերում կանգնած են։ Ոչ մի մետր հետ չեն գնացել»,- նշեց մեր զրուցակիցը։
Նա դժվարացավ ասել, թե ինչու է մարզպետը տեղեկություն տարածել, թե ադրբեջանական կողմը ինչ-որ հատվածներում հետ է գնացել։
«Բա հարցնեիք՝ ինչո՞ւ եք այնպիսի բաներ ասում, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Բայց ես լսեցի, որ մարզպետն ասաց, որ պետք է հետ գնան, չգիտեմ՝ այդ մասին երբ է ասել»,- հավելեց նա։
Միաժամանակ նա տեղեկացրեց, որ մարզպետարան չի դիմելու փոխհատուցում ստանալու համար, քանի որ ադբեջանցիների առաջ գալու հետևանքով իր ցորենի դաշտը մնացել է նրանց հսկողության տակ։
«Եթե պետք է ցորենի փոխհատուցում տան, դա ինձ պետք չէ։ Արցախում մարդիկ այդքան տուն կորցրեցին, այդքան ապրուստ, փոխհատուցում տվե՞լ են, հայրենիք կորցրեցին՝ կարո՞ղ են փոխհատուցում տալ»,- եզրափակեց Արարատ Շեգունցը։